Ի՞նչ է cashback–ը և ինչպե՞ս է այն աշխատում

25.04.2017, 13:59
Հաճախ բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են cashback ծառայությունը, բայց շարքային սպառողը միշտ չէ, որ պատրաստ է դրանից օգտվելուն:
Ի՞նչ է cashback–ը և ինչպե՞ս է այն աշխատում
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հաճախ բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են cashback ծառայությունը, բայց շարքային սպառողը միշտ չէ, որ պատրաստ է դրանից օգտվելուն, նախևառաջ, այն պատճառով, որ այդքան էլ չի հասկանում դրա նշանակությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է օգնել ընթերցողներին հասկանալ այդ ծառայության առավելությունները։

Cashback կամ կանխիքի վերադարձ

Cashback–ը բավականին լայն կիրառում ունի ողջ աշխարհում։ Այն հաճախորդի լոյալության բոնուսային ծրագիր է, որն օգտագործվում է բանկային բիզնեսում և առևտրի ոլորտում։ Cashback–ն ունի պարզ բանաձև. դրամական միջոցների վերադարձ առևտրի կետերում (խանութներ, գեղեցկության սրահներ, կինոթատրոններ և սպասարկման այլ ոլորտներ) ապրանքների դիմաց վճարելիս։

Տերմինն այդպես էլ թարգմանվում է` «կանխիկի վերադարձ»։ Հայաստանում այս համակարգն այդքան էլ տարածված չէ, ինչպես ողջ աշխարհում։ Մեզ մոտ գործող 17 բանկերից մոտ չորս բանկ է հաճախորդներին առաջարկում cashback։

Այս ծառայությունը շատ պարզ է աշխատում։ Բանկի գործընկերային ցանցում ներառված խանութներում գնումներ կատարելիս քարտապանները հետ են ստանում ծախսած միջոցների մի մասը։ Հաշվի առեք, որ բանկոմատից միջոցների հանումը, դրամական փոխանցումները և կանխիկացման այլ միջոցները չեն ներառվում cashback–ի ծրագրում։

Բանկը նախօրոք է որոշում cashback–ի պայմանները և սահմանում քարտի վրա միջոցների վերադարձի սահմանաչափը։ Cashback–ից կարելի է օգտվել կամ հատուկ պլաստիկ քարտի կամ բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտի միջոցով։ Ամեն ինչ կախված է բանկից և կոնկրետ ծրագրից։

Որքա՞ն վերադարձնել և ինչի՞ վրա ծախսել

Վերադարձվող գումարի չափը կամ տոկոսը կախված է բանկի կողմից իրականացվող ծրագրերից, առևտրի կետերի հետ գործընկերային պայմաններից և այդ ընկերություններում գործող զեղչերի համակարգից։ Ընդհանուր առմամբ, cashback–ի չափը որոշվում է գործընկերների հետ առևտրային համաձայնագրի հիման վրա։

Այն փաստը, որ առցանց գնումները իսկապես ավելի էժան են, քան կանխիկով վճարման դեպքում, չի կարող չուրախացնել։ Նման առավելություն են ստանում cashback–ից օգտվող քարտապանները։ Նրանք զեղչով են գնում ապրանքները կամ ծառայությունները։ Բացի այդ, հաճախորդի հոգեբանության տեսանկյունից cashback–ն ինքնին խնայողություն է։ Միաժամանակ, քարտապանները կարող են հետևել վերադարձվող գումարներին և բոնուսներին քաղվածքի և օնլայն–բանկինգի միջոցով։

Cashback–ի հաշվին քարտապանը ստանում է բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց, որոնք հետագայում կարելի է փոխանակել գործընկերային խանութների ցանկում ներկայացված նվերներով կամ բանկի սպասարկման ոլորտներով։ Միևնույն ժամանակ բանկը դիտարկում է այնպիսի նախագծեր, որոնց միջոցով քարտապանները կստանան cashback–ի օգտագործման ավելի լայն հնարավորություններ, օրինակ` վարկի մարման, ավանդի համալրման կամ վերադարձվող միջոցների հաշվին կոմունալ ծառայությունների վճարման հնարավորություններ։

Everybody Wins – Բոլորն էլ շահում են

Մեծամասամբ cashback–ի հետ կապված բոլոր պարտավորությունները ստանձնում է բանկը։ Սակայն կրկին ամեն ինչ կախված է կոնկրետ ծրագրից և առևտրի կետերի հետ գործընկերության պայմաններից։ Բանկին կարճաժամկետ հեռանկարում միջոցների վերադարձը, բնականաբար, ձեռնտու չէ, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելացնում է քարտապանների թիվն ու բարձրացնում է բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը։ Այս համակարգն ուղղված է խթանելու, որպեսզի քարտապանները կատարեն անկանխիկ գործարքներ, ինչպես նաև բարձրացնում է քարտապանների կուլտուրան։ Միաժամանակ առևտրի և սպասարկման կետերը ստանում են նոր հաճախորդ և ավելանում է նրանց վաճառքը։ -0-