Գործարար կնոջ հաջողության պատմությունը կամ ինչպես համատեղել կարիերան և ընտանիքը

13.03.2018, 11:18
Վերջին տարիներին Հայաստանում դրական միտում է նկատվում կանանց ձեռնարկատիրության ոլորտում:
Գործարար կնոջ հաջողության պատմությունը կամ ինչպես համատեղել կարիերան և ընտանիքը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի Արմենիա/. Վերջին տարիներին Հայաստանում դրական միտում է նկատվում կանանց ձեռնարկատիրության ոլորտում: Ընդ որում, կանայք զբաղվում են ոչ միայն ավանդական դարձած «կանանց» բիզնեսի տեսակներով, ինչպիսիք են հուշանվերների արտադրությունը, թխվածքները, ծառայությունների մատուցումը, մասնավորապես, կրթության ու հանրային սննդի ոլորտում, այլ նաև տիպիկ տղամարդկային բիզնեսով` շինարարություն, այլընտրանքային էներգետիկա, գյուղատնտեսություն և այլ:

Ավելանում է նաև այն կանանց թիվը, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղացնում տարբեր ընկերություններում: Այսպիսով, Grant Thornton International «Women in business 2016» ավանդական հետազոտության տվյալների, որն անցկացվել է ուղիղ մեկ տարի առաջ` մարտի 8-ի նախաշեմին, Հայաստանը ներառվել է այն վեց երկրների շարքում, որտեղ բարձր է կանանց` ղեկավար պաշտոններ զբաղեցման մակարդակը (31%), քանի որ աշխարհում այդ ցուցանիշը միջինը կազմում է 25% (հարցմանը մասնակցել է 5.5 հազար մարդ 36 երկրներում): Իր նկատառումներն այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են մեր հայրենակից կանայք սեփական բիզնես սկսել, ինչով զբաղվել ու միաժամանակ հասցնել ժամանակ տրամադրել ընտանիքին, ինչպես նաև այլ հարցերի «Նովոստի Արմենիա» տված բացառիկ հարցազրույցում պատմել է գործարար, «Արիես Քետրինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար Հասմիկ Բարխուդարյանը:

Նովոստի -Արմենիա. Տիկին Բարխուդարյան, պատմեք, խնդրեմ, թե ինչպե՞ս է սկսվել ձեր բիզնեսը։

Հ. Բարխուդարյան. Ընդհանրապես յուրաքանչուր բիզնես սկսվում է բնավորությունից: Եթե ցանկանում ես իրականացնել գաղափարներ, ձգտում ես ինչ-որ կարևոր բան ստեղծել մարդկանց համար, բիզնեսը հենց այն գործիքն է, որը թույլ է տալիս հասնել այդ նպատակներին: Իմ բիզնեսը սկսվել է մութ ու ցուրտ 90–ականների սկզբներին, երբ լույսը տալիս էին օրական 2 ժամով: Հենց այդ ժամանակ ես որոշեցի զբաղվել ֆուրշետների պատրաստմամբ տարբեր միջացառումների համար, ցանկացա զարգացնել այս գաղափարը Հայաստանում:

Մի քանի տարի անց, երբ շուկայում սպառողի համար անհրաժեշտություն առաջացավ մատչելի հանրային սնունդ ապահովել, գաղափար առաջացավ ստեղծել ճաշարանների ցանց, որոնք կազմակերպված կլինեն ինքնասպասարկման հիմունքներով, որտեղ կկարողանան ճաշել մոտակա կազմակերպությունների ու հաստատությունների աշխատակիցները: Մեզ հաջողվեց կյանքի կոչել այդ գաղափարը, և այսօրվա դրությամբ մեր ցանցում ընդգրկվախ են Երևանում գտնվող երեք ճաշարաններ, որոնք ձևավորված են նույն կերպ և ունեն կերակրատեսակների նույն տեսականին։

Բացի դրանից, հիմա ես աշխատոում են հետաքրքիր ծրագրի իրականացման վրա, որը միտված կլինի զբոսաշրջության զարգացմանը: Ծրագրի նպատակն է ստեղծել 12 լեզվով աուդիոզբոսավարի բջջային հավելված, որը կներառի տեղեկատվություն Հայաստանի պատմամշակույթային տեսարժան վայրերի մասին:

Այս գաղափարն առաջացել է մոտ 8 տարի առաջ, ես փնտրում էի գործընկերներ ու մասնագետներ, ովքեր տեքստեր կգրեն, տարբեր լեզուներով կթարգմանեն, կձայնագրեն, կստեղծեն ծրագրային ապահովում և այլ: Հիմա աշխատանքներ են տարվում` կապված այս պրոդուկտի առաջին փուլի հետ, որը նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:

Նովոստի–Արմենիա. Ի՞նչ խնդիրների եք դուք բախվում բիզնեսի ընթացքում։

Հ.Բարխուդարյան. Խնդիրների հետ ոչ միայն ես եմ բախվում, այլ ամբողջ փոքր բիզնեսն ընդհանուր առմամբ։ Նախևառաջ, դրանք հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններն են։ Բիզնեսը, հատկապես փոքր բիզնեսը, կտրուկ շարժումներ չի սիրում, զարգացման համար դրան անհրաժեշտ են կայուն պայմաններ։ Օրինակ, ես ստիպված էի փակել քաղաքի կենտրոնում գտնվող ֆրանսիական թխվածքի իմ բիզնեսներից մեկն այն պատճառով, որ որոշում էր կայացվել փոքր կենտրոնում գտնվող հանրային սննդի օբյեկտների համար հարկերը 40 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Արդյունքում ես չստացա ծրագրած շահույթ, իսկ պետությունը` այն հարկերը, որոնք ես կարող էի վճարել, եթե բիզնեսը գործեր։ Երկրորդ, փոքր բիզնեսի զարգացմանը խոչընդոտում են թանկ վարկերը։


Նովոստի–Արմենիա. Ձեր կարծիքով, հենց կանանց բիզնեսն ունի արդյո՞ք առավելություններ։

Հ.Բարխուդարյան. Կանանց բիզնեսն առավելություններ ունի, քանի որ կնոջ ճկունությունը, իմաստությունը, ներքին զգացողությունը բազմաթիվ դռներ են բացում և թույլ տալիս որոշ հարցեր ավելի արագ լուծել։ Սակայն, միևնույն ժամանակ, կանանց ավելի դժվար է զբաղվել խոշոր բիզնեսով, քանի որ այդպիսի գործում հաջողության հասնելու համար պետք են հենց տղամարդու որակներ` մի փոքր ագրեսիա, համառություն ոչ թե կենցաղային իմաստով, այլ հենց բիզնեսում, և մեր հասարակությունում այսպիսի կին գործարարն այդքան էլ լավ չի ընկալվում։

Նովոստի–Արմենիա. Ի՞նչ բիզնեսով ավելի ճիշտ կլինի զբաղվել կնոջը, Ձեր կարծիքով։

Հ.Բարխուդարյան. Կարծում եմ, որ կանայք պետք է զբաղվեն այնպիսի բիզնեսով, որը հենց իրենց ուրախություն կպատճառի և որից չի տուժի ընտանիքը։ Դա կրթության, առողջապահության, հանրային սննդի ոլորտի բիզնեսն է։ Մեր կանայք կարող են նաև այլ տեսակի բիզնես վարել, օրինակ, զբաղվել շինարարությամբ կամ շոու բիզնեսով, բայց իմ կարծիքով` այդ դեպքում ընտանիքի համար ժամանակ չի մնա։

Загружается новость ... "Право"

Նովոստի–Արմենիա. Տիկին Բարխուդարյան, դուք հաջողակ գործարար եք ու նաև ընտանիք, երեք երեխա ունեք։ Զբաղվում եք սպորտով, երաժշտությամբ... Ինչպե՞ս է ձեզ հաջողվում այդ ամենը համատեղել։ Չէ՞ որ, կանայք վախենում են բիզնես սկսել, մտավախություն ունենալով, որ ընտանիքը կտուժի։

Հ.Բարխուդարյան. Նախևառաջ, ես վաղ եմ արթնանում և բավական ժամանակ եմ ունենում այդ ամենն անելու։ Մեծ հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ անում եմ` իրագործելով գաղափարներս։ Երկրորդ` ինձ օգնում են նաև իմ մտերիմները` ամուսինս, երեխաներս, բարեկամներս, ընկերներս։

Նովոստի–Արմենիա. Ի՞նչ խորհուրդ կտայիք այն կանանց, ովքեր պատրաստվում են սեփական բիզնես սկսել, բայց չգիտեն` ինչպես դա անել։

Հ.Բարխուդարյան. Շատերը, ոչ միայն կանայք, կցանկանային իրենց գործն ունենալ, բայց նրանց վախն է կանգնեցնում։ Եվ միայն 5 տոկոսն է պատրաստ ռիսկի գնալ։ Ինչպես արդեն նշեցի, բիզնեսը սկսվում է բնավորությունից, բայց պետք են նաև որոշակի ընդունակություններ։ Չէ՞ որ, գաղափարներ ունեն շատերը, բայց պետք է դրանք հասցնել մինչև պատրաստի պրոդուկտի։ Յուրաքանչյուր գաղափար ավելի լավ է դիտարկել որպես առանձին նախագիծ, որում պետք է ներառվեն դրա իրագործման բոլոր փուլերը` ներառյալ ֆինանսավորումը։ Ես երկու տարի եմ ծախսել իմ առաջին բիզնեսի ուրվագծման վրա։ Մանրամասն ուսումնասիրել եմ դրա իրագործման բոլոր փուլերը, խոսել տարբեր մարդկանց հետ, սխալվել եմ և ուղղել սխալներս, բայց բացել եմ բիզնեսը միայն այն ժամանակ, երբ պատրաստ եմ եղել դրան։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում