Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ստեղծված բարդ իրավիճակում բիզնեսը պետք է հստակ պատկերացնի, թե տնտեսական քաղաքականության որ քայլերը կնպաստեն առաջընթացին և կմոտեցնեն հաղթանակը: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի Facebook-յան էջում հրապարակված խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
1. Դիմակ կրել
Մի մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարևոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարևոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք ։ Տնտեսական հետևանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։
2. Դադարեցնել թուրքական ապրանքների բոյկոտը

Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետև պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միևնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։ Չի բացառվում, որ թուրքական ապրանք ներմուծող գործարարներից շատերը ցանկանան այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել, որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենան։ Դա ռիսկ է։ Պետք է հաշվի առնել այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնել։
3. Պետք չէ անհիմն բարձրացնել գները

Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ։ Պետք չէ անհիմն թանկացնել ապրանքները։ ՏՄՊՊՀ և այլ կառույցներ այս հարցով զբաղվում են և կզբաղվեն։
4. Օգտագործել ռեսուրսներն արդյունավետ

Ընդհանրապես, տարբեր ուղղություններով, պետք է փորձել ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Հայտարարություններ կան, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում և ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական և այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Հիմա մրցակցելու ժամանակը չի, համագործակցելու ժամանակն է։
5. Նվիրատվություն անել և ծախսել
Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա շատ կարևոր է։ Եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսեք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի հետաձգեք ձեր ներդրումները։ Եթե կարող եք, հիմա՛ գործեք։
6. Բանկիրներ և վարկառուներ, հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ
Մեր բոլոր բանկիրները պետք է այս փուլում ավելի հանդուրժող գտնվեն ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների և կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, պետք չէ կտրուկ քայլեր անել, հարկավոր է փորձել կազմել նոր ժամանակացույց։ Ազգային ժողովն օրենքով մեծացրել է բանկերի և վարկային կազմակերպությունների ազատ գործելու հնարավորությունները, բայց որոշումը դուք եք կայացնում։
ՀՀ ԱԺ–ն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որոնցով բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։ Խոսքը ոչ միայն տույժերի և տուգանքների, այլև վարկային պարտավորության մայր գումարի մասին է։ Այս նախագիծը նպատակ ունի ներել ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ։
Վարկառուներն իրենց հերթին պետք է ըմբռնումով մոտենան բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։
7. Հետևել միայն պաշտոնական լրահոսին

Պետք է հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափել լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երևում ձեր լրահոսում։ Մի տարածեք ամեն պատահած լուր և տեսանյութ։ Համբերատար եղեք և հանդուրժող։ Եթե ինչ-որ մեկի ասածը կամ գրածը ձեզ դուր չի գալիս, պարզապես թերթեք էջը և անցեք առաջ։ Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձեք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ և այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրում է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 1000-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 25–ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Բաքվի և Երևանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 08: 00-ին:
COVID-19-ի տվյալները
Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

