Սոցիալական ցանցերում այնորեն առաջարկվող հանգանակությունների կամ բարեգործական միջոցառումներին մասնակցելուց առաջ ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին:
Առաջինը. դուք հստակ գիտե՞ք, թե ով է հավաքում գումարը, և ի՞նչ գիտեք նրա մասին: Նախընտրելի է, որ դուք ոչ միայն ճշգրիտ իմանաք, թե ով և ինչի համար է գումար հավաքում, այլ նաև համոզված լինեք, որ տրամադրված հաշիվներն ու հղումներն ամբողջովին հուսալի են և ծառայում են իրենց նպատակին:
Երկրորդ. խուճապի մի մատնվեք, եթե ձեզ խնդրեն ամեն ինչ անել շատ շտապ: Ֆիշինգային հարձակման հաջողության կեսը հիմնված է ձեր վախի և խուճապի վրա, քանի որ դուք դադարում եք սթափ մտածել:
Երրորդ. եթե խոսքը որևէ գլոբալ նպատակի մասին է, ապա, անկասկած, կան համաշխարհային պատասխանատու անձինք: Ավելի լավ է մի քանի րոպե ծախսել և գտնել հիմնական ֆոնդը, որին նվիրաբերվում է գումարը և անել դա ուղղակիորեն:
Նույնիսկ եթե բաց եք թողել նշված բոլոր «ահազանգերը», մի՛ անցեք առաջարկվող հղմամբ, ստուգեք այն: Հղումը կարող է իրականից տարբերվել ընդամենը մեկ նիշով: Ավելի լավ է URL- ն ձեռքով մուտքագրել, քան սեղմել տեքստի մեջ տեղադրված հղման վրա:
Ճիշտ հասցեով
Ցանկացած նվիրատվություն, որը պատրաստվում եք կատարել առցանց, պետք է հասցեական լինի: Ահա մի քանի օրինակ, թե ինչպես ճիշտ գումար փոխանցել՝ չընկնելով խաբեբաների ծուղակը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մենք ենք, մեր սահմանները» բարեգործական ակցիան՝ հայրենիքին աջակցելու և Հիմնադրամի մարդասիրական ու զարգացման ծրագրերին միանալու կոչով: Ստացված բոլոր նվիրատվություններն ուղղված են միմիայն հումանիտար օգնությանը և օգտագործվելու են համաձայն հիմնադրամի առաքելության և կանոնադրական նպատակների։ Ակցիան հայտարարելուց անմիջապես հետո սոցիալական ցանցերում հայտնվեցին տարբեր հղումներ` Հիմնադրամին միջոցներ փոխանցելու համար:
Բազմաթիվ քաղաքացիներ արձագանքեցին կոչին և սկսեցին գումար փոխանցել սոցցանցերով ստացված հղումներով։ Օգնելու նման ձգտումն ու ցանկությունը, իհարկե, խրախուսվում է, բայց փորձը ցույց է տալիս՝ բոլոր հղումները չէ, որ ուղիղ կապ ունեն Հիմնադրամի հետ, և արդյունքում միջոցների մի մասը փոխանցվում է օտար հաշիվներին։
Խաբեբաների ծուղակը չընկնելու համար, ովքեր միանգամից օգտվել են իրավիճակից, պետք է կատարել մի քանի պարզ քայլ. մտնել Հիմնադրամի կայք, հետո՝ «Նվիրաբերել» բաժին և պարզապես ընտրել փոխանցման հարմար տարբերակը։ Առավել ևս, որ Հիմնադրամի կայքում ներկայացված են բոլոր պաշտոնական ռեկվիզիտներն ու բանկային հաշվեհամարները, որոնք հաստատ կհասնեն հասցեատիրոջը։ Ընդ որում, Հիմնադրամը մանրամասն ներկայացրել է փոխանցումների ոչ միայն ընթացակարգը, այլև տարբերակները։
Հանգանակությունը կարելի է կատարել տարբեր փոխարժեքներով բանկային փոխանցումների միջոցով,«Հայփոստ»-ի բաժանմունքների և TelCell կամ EasyPay տերմինալների միջոցով։
Կա նաև SMS հաղորդագրության միջոցով հանգանակություն կատարելու հնարավորություն՝ հազար դրամի չափով, ուղարկելով այն 8000 կարճ համարին։
Նմանատիպ հղումներ հնարավոր է նաև գտնել Արցախի Ֆինանսների նախարարության կայքում։
Այս ընթացակարգը կտևի ընդամենը մի քանի րոպե, բայց դուք հաստատ կիմանաք, որ ձեր գումարն ու բանկային քարտի տվյալները չեք ուղարկել խաբեբաներին։
Ամփոփում
Հետևեք համացանցում անվտանգ վարքի սկզբունքներին և մի անցեք հղումներով, որոնք ուղարկվում են կասկածելի կամ անհասկանալի հաղորդագրություններով էլեկտրոնային փոստի կամ Facebook-ի միջոցով։
Մի′ բացեք և մի′ ներբեռնեք էլեկտրոնային փոստի միջոցով անծանոթներից ստացված հաղորդագրություններում առկա ֆայլերը։
Հուսալի գաղտնաբառեր ընտրեք և դրանք մի ցույց տվեք ոչ ոքի, այդ թվում` ձեր անձնական տվյալները։
Միշտ ստուգեք նամակն ուղարկողի հասցեի և նամակում առկա հղման իսկությունը, և եթե կասկածում եք, ապա մի բացեք նամակը։
Եթե ամեն դեպքում հայտնվել եք կասկածելի կայքում, ապա այնտեղ որևէ անձնական տվյալներ մի՛ մուտքագրեք։ Եթե կարծում եք, որ արդեն պատահմամբ ձեր գաղտնաբառը հայտնել եք չարագործներին, ապա անհապաղ փոխեք այն։ Բացի այդ, եթե դուք ձեր տվյալներն ուղարկել եք կիբերհանցագործներին, ապա փորձեք միանգամից տեղեկացնել այդ մասին ձեր բանկին և արգելափակել հաշվեհամարի հասանելիությունը։ Պարտադիր փոխեք գաղտնաբառերը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–