4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չե՞ք ուզում ապրել աշխատավարձից աշխատավարձ, երազու՞մ եք դառնալ ֆինանսապես անկախ, առաջին և ամենակարևոր քայլը գրագետ ներդրումներն են։ Չէ՞ որ պատահական չէ, որ աշխարհի ֆինանսապես ամենազարգած երկրներից մեկում՝ ԱՄՆ–ում, յուրաքանչյուր երկրորդ բնակիչ ունի ներդրումային պորտֆել։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ։
Միֆ 1․ ներդրումները միայն հարուստների համար են

Իրականում այսօր կան բազմաթիվ հարթակներ, որտեղ կարելի է փոքր գումարներով սկսել ներդրումներ կատարել։ Օրինակ, կարելի է ձեռք բերել ներդրումային ֆոնդի արժեթղթերի զամբյուղ, որը ներկայացված է ETF (Exchange Traded Funds) բորսայում։ Սա գործիք է, որը թույլ է տալիս ներդրողին գումար ներդնել միանգամից մի քանի ակտիվներում։ Ֆոնդը ձևավորվում է տարբեր ընկերությունների բաժնետոմսերից կամ պարտատոմսերից։ Դրանք թանկ չեն, թույլ են տալիս դիվերսիֆիկացնելլ ռիսկերն ու կանխատեսել եկամտաբերությունը։
Կարելի է նաև զբաղվել մարժինալ առևտրով։ Դա գործարք է, որի դեպքում ներդրողն ակտիվ գնելու համար գրավով վարկ է վերցնում բրոքերից։ Որպես գրավ հանդես են գալիս բրոքերական հաշվին առկա սեփական միջոցները, դրանք արգելափակված են՝ որպես երաշխիքային ավանդ։ Եթե բորսայական առուվաճառքի ընթացքում այդ ակտիվի գինը նվազի, ապա ներդրողը ձևավորված մարժայի հաշվին կստանա շահույթ։
Միֆ 2․ ներդրումները նման են մոլախաղի

Չարժե ներդրումը նմանեցնել մոլախաղի թեկուզ այն պատճառով, որ ներդրման գործընթացը ենթադրում է շուկայի միտումների լուրջ վերլուծություն, փաստարկված որոշումների ընդունում: Չնայած ներդրումները կապված են որոշակի ռիսկերի հետ, սակայն դրանք կարելի է նվազեցնել դիվերսիֆիկացման հաշվին: Բացի այդ, ներդրումներն, ի տարբերություն մոլախաղի, անմիջականորեն ազդում են տնտեսության վրա: Կատարելով ներդրումներ հուսալի ընկերությունների կապիտալում՝ ներդրողները չեն հետապնդում արագ շահույթ, այլ օգնում են դրանց զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Միֆ 3. բարձր ռիսկը նշանակում է բարձր եկամտաբերություն

Դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Օրինակ, կրիպտոարժույթը համարվում է բարձր ռիսկի գոտի, բայց միշտ չէ, որ ապահովում է բարձր եկամտաբերություն: Բոլորին հայտնի է, ոոր ցանկացած ներդրող, մտադրվելով որևէ տեղ ներդրում կատարել, սկզբում ուշադրություն է դարձնում ռիսկի աստիճանի և եկամտաբերության մակարդակի հարաբերակցությանը: Եկամտաբերությունն ու ռիսկի աստիճանն ընդհանուր առմամբ հարաբերակցվում են համամասնորեն. ներդրումների ռիսկայնության աճին զուգընթաց աճում է նաև պոտենցիալ եկամտաբերությունը: Բայց, ինչպես արդեն նշվեց, դա միշտ չէ, որ աշխատում է: Պարզապես պետք է հասկանալ, որ կան ցածր ռիսկայնությամբ ներդրումներ, որոնք գրեթե եկամուտ չեն բերում, և կան բարձր ռիսկայնությամբ ներդրումներ, որոնք կորցնելու ռիսկը շատ բարձր է: Այդ պատճառով հատկապես անփորձ ներդրողի համար չափազանց կարևոր է գտնել խելամիտ հավասարակշռություն:
Միֆ 4. միայն հատուկ կրթություն ունեցող մարդիկ կարող են հաջող ներդրումներ կատարել

Ներդրող դառնալու համար բոլորովին պարտադիր չէ ունենալ հատուկ կրթություն: Օրինակ, ԱՄՆ-ում բնակչության մոտ 60%-ը կատարում է ներդրումներ: Դժվար թե նրանք բոլորն ավարտել են տնտեսագիտական բուհեր և ֆինանսների ոլորտի մասնագետներ են: Եթե մարդն իսկապես ձգտում է ունենալ պասիվ եկամուտ, նա կարող է ինքնակրթման միջոցով բարձրացնել ֆինանսական կրթվածության մակարդակը: Այսօր համացանցում կան բազմաթիվ վեբինարներ և դասընթացներ այս թեմայով: Բացի այդ, միշտ կարելի է օգտվել թրեյդերների ծառայություններից:
Իսկ հիմա մի քանի խորհուրդ.
- շուտ սկսեք
- հիշեք, որ ռիսկն անխուսափելի է, բայց՝ կառավարելի
- հաջող ներդրման համար անհրաժեշտ է համբերություն և կարգապահություն
- վերաներդրում կատարեք
- դիվերսիֆիկացրեք սեփական պորտֆելը
- մի մատնվեք խուճապի շուկայում գրանցվող կարճաժամկետ տատանումների ժամանակ

Եվ մի մոռացեք ամերիկացի ձեռներեց, աշխարհահռչակ և խոշոր ներդրող Ուորեն Բաֆեթի (որի ունեցվածքը գերազանցում է 100մլր դոլարը) երկու գլխավոր կանոնի մասին.
Կանոն 1
Երբեք փող մի կորցրու
Կանոն 2
Երբեք մի մոռացիր առաջին կանոնի մասին:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

