ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից։ Դրանց թվում են IOE AI–ը, ChargeFast–ը, CharlesSchwab–ը, Asos Mall–ը, Furious–ը, Hewlett-Packard Company–ն.
Կենտրոնական բանկի իրականացրած ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ ընկերություններն իրենց կողմից բացված կայքէջերի, հավելվածների և տելեգրամյան ալիքների միջոցով հրապարակային եղանակով ներգրավում են դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների (այդ թվում ավանդների) դիմաց բոնուսներ և այլ անձանց հրավիրելու միջոցով բոնուսներ ստանալու հրապարակային առաջարկով:

«Ելնելով այն հանգամանքից, որ նշված ընկերությունները, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում են դրամական միջոցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս», – նշվում է ԿԲ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
ԿԲ–ից հայտնել են, որ հաշվի առնելով վերը նշվածը, Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել նմանատիպ ընկերությունների գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել սպառողների շահերի պատշաճ պաշտպանությունը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք զգոն լինել և օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք (http://www.cba.am/), որտեղ կարող եք ծանոթանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող այն ֆինանսական կազմակերպությունների ցանկին, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ», – նշել են ԿԲ–ից։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

