ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
15.11.2023,
12:12
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող Սիթի բայք (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով։
«Ելնելով այն հանգամանքից, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս», – նշվում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:

