Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»

14.12.2023, 10:15
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առջևում Ամանոր է, իսկ դա նշանակում է, որ սպասվում են զգալի ծախսեր։ Շատ տնային տնտեսուհիներ սկսում են խելահեղորեն հաշվարկել գալիք ծախսերը, բայց ոչ դուք: Լա՞վ սցենար է։ Եվ դա այն բանի շնորհիվ, որ վաղուց հետևում եք Kakebo ընտանեկան բյուջեի համակարգին, որը մշակվել է Ճապոնիայում 20-րդ դարի սկզբին առաջին կին լրագրող Մոտոկո Հանիի կողմից: Իր պարզության և արդյունավետության շնորհիվ այս համակարգը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, և դրա նկատմամբ հետաքրքրությունը միայն աճում է։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչ է Kakebo համակարգը և ինչպես հետևել դրան։

Ի՞նչ է Kakebo համակարգը

 - рис.1

Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ։ Պետք է հետևել, թե որքան եք վաստակում և ծախսում, և ինչ պետք է անել ձեր խնայողություններն ավելացնելու համար: Մոտոկո Հանիի կողմից ստեղծված համակարգը հիմնված է չորս հիմնական հարցերի վրա, որոնք պետք է ինքներդ ձեզ տանք ամսվա սկզբին.
  • Որքա՞ն գումար ունեք հիմա
  • Որքա՞ն եք ցանկանում խնայել
  • Որքա՞ն եք ծախսում
  • Ինչպե՞ս կարելի է բարելավել իրավիճակը

Դրանից հետո պետք է գրել բոլոր ծախսերն ու եկամուտները, իսկ ամսվա վերջում վերլուծել ծախսերը և պատասխալեք հետևյալ հարցերին.
  • Հասե՞լ եք խնայողությունների հետ կապված ձեր նպատակին
  •  Ի՞նչ եք անում՝ գումար խնայելու համար
  • Այս ամիս ինչի՞ վրա եք չափից շատ գումար ծախսել
  • Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը հաջորդ ամիս
Նպատակը, ինչպես ցանկացած այլ համակարգում, ծախսել ավելի քիչ, քան վաստակում եք։

Ինչպե՞ս օգտվել Kakebo–ից

 - рис.2

Ֆինանսների կառավարման այս համակարգը ձևավորվել է շատ ավելի շուտ, քան էլեկտրոնային աղյուսակները, հատուկ ծրագրերն ու հավելվածները։ Սկզբում Kakebo համակարգը նախատեսում էր երկու նոթատետրերի առկայություն՝ մեծ և փոքր։ Մեծում նշվում էին ամսվա պլանները, իսկ փոքրում՝ ամենօրյա ընթացիկ ծախսերը։ Այսօր այս մեթոդը շատերին հնացած կթվա, թեև հոգեբանները պնդում են, և դա ապացուցված է, որ ձեռքով գրելն օգնում է նվազեցնել սթրեսը, սովորեցնում է կառավարել հույզերը և բարելավում է բարդ (այդ թվում՝ ֆինանսական) խնդիրները լուծելու հմտությունները:

Սակայն, եթե որևէ մեկին հարմար չէ այս ձևաչափը, կարելի է նոթատետրերը փոխարինել Excel-ի աղյուսակներով և ծախսերը հաշվարկելու համար նախատեսված բջջային հավելվածներով՝ CoinKeeper, Moneon, Дзен-мани և այլն։ Հարմար է, որ դրանցից շատերում կարելի է բանկային քարտերից ավտոմատ կերպով փոխանցել գնումների տվյալները և սահմանել սահմանաչափեր ծախսերի որոշակի կատեգորիաների համար:

Ամեն ամիս դուք նոթատետրում կամ Excel աղյուսակում գրանցում եք․
  • Եկամուտների պլանը (աշխատավարձ, հավելյալ աշխատանք, վարձակալությունից ստացված եկամուտ, վերադարձված պարտքեր, ներդրումների հետ կապված եկամուտներ և այլն),
  •  Ծախսերի պլանը (կանոնավոր և պարտադիր՝ բնակարանի վարձակալություն, կոմունալներ, ճանապարհածախս, կապի, ինտերնետի վճար, վարկի մարում),
  • Խնայողությունների պլան
Ստանալով եկամուտ՝ դուք առաջին հերթին միջոցներ եք հետ դնում պլանային ծախսերի համար։ Հետո միանգամից գումար եք հատկացնում խնայողության համար՝ եկամտի 10-25%–ի չափով, իսկ մնացածը ծախսում եք ընթացիկ կարիքների համար։

Միաժամանակ ընթացիկ կարիքների համար կատարված բոլոր ծախսերը պետք է ամեն օր գրանցել աղյուսակում՝ ծախսերը բաժանելով 4 կատեգորիայի․
  • Հիմնական կենցաղային ծախսեր՝ սնունդ, կենցաղ, մեքենա, երեխաներ
  • Ծախսեր հանգստի և ժամանցի համար՝ ճամփորդություն, կինո, սրճարան
  • Ծախսեր մշակութային զարգացման համար՝ համերգներ, ուսուցանող դասընթացներ և սեմինարներ, այցելություն թանգարան և այլն
  • Լրացուցիչ ծախսեր՝ օրինակ՝ վերանորոգում, առողջության հետ կապված ծախսեր, օգնություն ուրիշներին
Փորձեք ամսվա պլանային ծախսերը հավասարաչափ բաշխել՝ ըստ շաբաթների։ Փորձեք հնարավորինս դուրս չգալ շաբաթվա համար նախատեսված սահմանաչափից։ Եթե ձեզ մոտ ավել գումար է մնացել, օգտագործեք այն հաջորդ շաբաթ։ Իսկ եթե գումար է մնացել ամսվա վերջում, ապա փոխանցեք այն խնայողական հաշվի վրա։

Սակայն Kakebo համակարգը չի սահմանափակվում միայն գրառումներով։ Ամեն ամսվա վերջում դուք պետք է վերլուծեք և հասկանաք, թե, արդյոք, հետևել եք պլանին, որտեղ եք կարողացել գումար խնայել, իսկ որտեղ եք չափից շատ գումար ծախսել։ Դա կօգնի ավելի հստակ կազմել ապագա ամիսների բյուջեն և տեսնել, թե ծախսերից որոնք է պետք շտկել։

 - рис.3

Ըստ Kakebo–ի, ոչ առաջին անհրաժեշտության ապրանք կամ իմպուլսիվ գնում կատարելուց առաջ պետք է պատասխանել հետևյալ հարցերին․
  • Կարո՞ղ եմ առանց այս ապրանքի
  • Իմ ֆինանսական վիճակը թույլ տալի՞ ս է գնել այս ապրանքը
  • Ես իսկապես կօգտագործե՞մ այս ապրանքը
  • Դրա համար տանը տեղ ունե՞մ
  • Որտե՞ղ եմ առաջին անգամ տեսել այդ ապրանքը։ Խանութու՞մ, ուր պարզապես մտել էի ձանձրույթի պատճառով։
  • Ինչպիսի՞ն է իմ հուզական վիճակն այսօր: Ես հանգի՞ստ եմ, թե՞ սթրեսի մեջ:
  • Ի՞նչ զգացողություններ է առաջացնում այս ապրանքի ձեռք բերումը: Երջանկությո՞ւն, հաճու՞յք, որքա՞ն կտևի այս զգացումը:
Ինչպե՞ս ավելացնել խնայողություններն՝ ըստ Kakebo համակարգի

Համակարգն ունի լրացուցիչ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ ավելի արդյունավետ ավելացնել ձեր խնայողությունները.
  • Ամեն օր ձեր գրպաններում մնացած մանրը դրեք խնայատուփում։ Մեկ ամսվա ընթացքում զգալի գումար կարող է հավաքվել
  • Վերցված պարտքերն ամբողջությամբ վերադարձրեք խնայատուփ։ Չէ՞ որ դուք որոշ ժամանակ ապրել եք առանց այդ գումարի:
  • Խոշոր թղթադրամներ փոխանակելիս փոքր տոկոս դրեք խնայատուփում
  • Մշակեք տուգանքների համակարգ ինքներդ ձեզ համար. Ֆինանսապես պատժեք ձեզ վատ սովորությունների համար՝ որոշ գումար ուղարկելով խնայատուփ
  • Այն գումարը, որը պատրաստվում եք ծախսել, բաժանեք չորս շաբաթվա: Շաբաթվա վերջում ձեր յոթ օրվա բյուջեից մնացած գումարը խնայեք:
  • Մեկ ամսով հետաձգեք ոչ շտապ գնումները։ Եթե 30 օր հետո դուք դեռ ցանկանում եք գնել ապրանքը, գնեք այն: Բայց կարող է պարզվել, որ այն այնքան էլ անհրաժեշտ չէ։
Այսպիսով, ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»

 - рис.4

Դրա համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները․
  • հաշվարկել ընտանեկան բյուջե
  • ամսական կազմել եկամուտների, ծախսերի և կուտակումների պլանները
  • ամեն օր ֆիքսել և վերահսկել ընթացիկ ծախսերը
  • ամսական վերլուծել եկամուտների, ծախսերի և խնայողությունների հետ կապված պլանների կատարումը՝ հաջորդ ամսվա բյուջեն շտկելու նպատակով
  •  խուսափել իմպուլսիվ գնումներից
  • օգտագործել բոլոր հնարավորությունները լրացուցիչ խնայողությունների համար
Ամեն ինչ պարզ է թվում, գուցե նույնիսկ պարզունակ: Բայց հետաքրքիրն այն է, որ երբ Մոտոկո Հանին ստեղծեց Kakebo համակարգը, Ճապոնիան ամենևին էլ հարուստ երկիր չէր: Իսկ այսօր այն աշխարհի զարգացած տնտեսություններից մեկն է՝ բնակչության շրջանում ֆինանսական կրթվածության բարձր մակարդակով։ Իհարկե, ոչ ոք չի պնդում, որ այս համակարգը բացառապես դրա արժանիքն է, բայց կասկածից վեր է այն, որ համակարգն իսկապես ճապոնացիներին սովորեցրել է խնայողության արվեստ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-