Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը, որը բավարարում է մարդկանց պահանջները արագության և հարմարավետության հարցում: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը։
Վիրտուալ և թվային քարտերը նու՞յնն են, թե՞ ոչ
Նախ նշենք, որ այսօր որոշ հայկական բանկեր հաճախորդներին տրամադրում են նման քարտեր։ Ընդ որում բանկերն առաջարկում են վիրտուալ (Visa Virtual) և թվային (Visa Digital) քարտեր՝ որպես երկու ինքնուրույն պրոդուկտ։
Վիրտուալ քարտը, որպես կանոն, հավելում է հիմնական հաշվին։ Այն, ըստ էության, առցանց դրամապանակ է, որը գոյություն ունի միայն հավելվածում կամ Անձնական հաշվում։
Ծառայությունը սահմանափակ է․ քարտը հարմար է համացանցում գնումներ կատարելու համար, բայց նախատեսված չէ օֆլայն խանութներում անկանխիկ գործարքների համար։ Վիրտուալ հաշվից հնարավոր չէ գումար կանխիկացնել, ինչպես նաև համալրել այն բանկոմատի միջոցով, կա համալրելու սահմանաչափ։
Պրոդուկտը կարելի է ձևակերպել առանց անձնագրի տվյալների, կպահանջվի միայն էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։
Թվային քարտն իր հերթին տարբերվում է սովորականից նրանով, որ այն նյութապես բացակայում է, բայց իր գործառույթով նման է սովորական քարտին։ Մենք մանրամասն կանդրադառնանք հենց այս ծառայությանը, քանի որ և օգտատերերի, և բանկերի ընկալման մեջ հաճախ արդեն չկան տարբերություններ։
Թվային (digital) քարտ
Վիրտուալ, թվային կամ DIGITAL քարտը գոյություն ունի միայն ինտերնետ միջավայրում, այլ կերպ ասած՝ ապրում է Ձեր հեռախոսի մեջ։
Թվային քարտով կարող եք առցանց գնումներ կատարել, գումար փոխանցել, կոմունալ և հարկեր վճարել, ինչպես նաև խանութներում անհպում վճարումներ կատարել: Կարող եք նաև տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր ունենալ ու օգտագործել դրանք արտերկրում։ Ինչպես ֆիզիկական քարտը, այն նույնպես ունի քարտի համար, վավերականության ժամկետ, CVV կոդ ու քարտի այլ տվյալներ: Քարտի այս տեսակը կառավարվում է մոբայլ կամ առցանց բանկինգի միջոցով:
Թվային քարտի առավելությունները
Թվային քարտը, պլաստիկ քարտի համեմատ, ունի մի շարք առավելություններ․
– այն կարելի է ներբեռնել մոբայլ դրամապանակում և չվերցնել պլաստիկ քարտ
– հարմար է օգտագործել անվճար ժամկետով փորձնական ծառայությունների համար: Խորհուրդ է տրվում հաշվին պահել սահմանափակ գումար։ Եթե մոռանաք հրաժարվել բաժանորդագրությունից, իսկ միջոցներ քարտին չլինեն, ծառայությունն ապահովող հարթակը (առցանց կինոթատրոն, երաժշտություն և այլն) ավտոմատ կերպով կապաակտիվացվի
– ապահովում է առցանց գնումների անվտանգություն։ Թվային քարտն ունի առանձին հաշիվ, որին կարելի է փոխանցել սահմանափակ գումար՝ չվախենալով, որ խաբեբաներին հասանելի կլինեն ձեր բոլոր միջոցները
– քարտը պետք չէ պատրաստել, այն կարելի է բացել ակնթարթորեն՝ բանկի հավելվածի միջոցով։ Այն միանգամից հայտնվում է Անձնական հաշվում
– սպասարկման միջնորդավճար չի գանձվում։ Digital քարտի օգտագործման համար սովորաբար անհրաժեշտ չէ վճարել ամսավճար։ Սակայն որոշ բանկեր ներդնում են որոշ սահմանափակումներ, օրինակ՝ ծախսվող գումարի մասով
– թվային քարտը հնարավոր չէ կորցնել՝ ի տարբերություն ֆիզիկական քարտի։ Հեռախոսի բլոկավորումը, Անձնական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառն ապահովում են լրացուցիչ պաշտպանություն, և ոչ ոք չի կարող տվյալների հասանելիություն ստանալ
– նման քարտը չի վնասում շրջակա միջավայրին։ Մարդիկ հաճախ պարզապես դեն են նետում անպետք ֆիզիկական քարտերը, ինչի հետևանքով վատանում է պլաստիկի հեռացման խնդիրը։ Թվային բանկային պրոդուկտները թույլ են տալիս խուսափել այս խնդրից
– հասանելիություն է ապահովում նույնիսկ այն բանկերին, որոնք չկան տարածաշրջանում։
– վիրտուալ պրոդուկտները կարելի է ակտիվացնել և դրանցից օգտվել՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում
– ի տարբերություն ֆիզիկական քարտի, որի պատրաստմանը պետք է սպասել, վիրտուալ քարտը կարելի է միանգամից ակտիվացնել։
Digital քարտի ձևակերպում
Գործող հաճախորդներից սովորաբար չեն պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր, իսկ բանկի ծառայություններից չօգտված անձինք պետք է լրացնեն հարցաթերթիկ և ներբեռնեն անձնագրի լուսանկարը։ Վարկային քարտերի դեպքում, հնարավոր է, պահանջվեն նաև վճարունակությունը հաստատող տեղեկանքներ։
Ինչպես օգտվել Digital քարտից
Digital քարտը ենթադրում է անհպում վճարում։
Օֆլայն գնումների դեպքում հեռախոսի կարգավորումներում պետք է ստուգել NFC գործառույթի առկայությունը և ակտիվացնել այն։ Ներբեռնեք ցանկացած առցանց դրամապանակ և կցեք քարտն Անձնական հաշվում։ Հաճախ բանկերն իրենք են մշակում նման ծառայություններ։ Խանութները հիմա օգտագործում են NFC–ով վճարային տերմինալներ, և գնորդը պետք է միայն հավելվածում բացի քարտն ու մոտեցնի հեռախոսն այդ տերմինալին։
Թվային քարտով առցանց գնումների համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես սովորականի դեպքում. դուք ընտրում և ստուգում եք ապրանքը, լրացնում եք վճարման տվյալները (քարտապան, համար, գործողության ժամկետ, CVV), push ծանուցումից կամ SMS–ից մուտքագրում եք հաստատման կոդը, որից հետո բանկը հաստատում է գործարքը:
Գումար կանխիկացնելու կամ մուտքագրելու համար պետք է պարզապես գտնել NFC–ով բանկոմատ, որի վրա, որպես կանոն, նշված է «Անհպում վճարում» և ալիքների տեսքով պատկեր։
Քարտը կարելի է համալրել փոխանցման միջոցով․
– նույն բանկի այլ հաշվից
– քարտի համարով ուրիշ բանկից
– էլեկտրոնային դրամապանակից
Թվային հաշիվը կարելի է փակել բջջային հավելվածի, կայքում Անձնական հաշվի միջոցով կամ հեռախոսով կապվելով բանկի հետ։
Բայց կան նաև որոշ սահմանափակումներ
Թվային քարտ օգտագործելու հիմնական դժվարությունը կապված է օֆլայն գործարքների հետ։ Ոչ բոլոր վաճառողներն ունեն NFC տերմինալ: Բացի այդ, նման տեխնոլոգիան ներկառուցված չէ բոլոր բանկոմատներում, ուստի խնդիր կարող է առաջանալ, եթե անհրաժեշտ է շտապ գումար կանխիկացնել կամ կանխիկ մուտքագրել:
Եզրակացություն
Թվային քարտը կարող է դառնալ ֆիզիկական քարտի հարմար նմանակ՝ թույլ տալով ապահովել առցանց գնումներ և արագացնել օֆլայն վճարումները: Հաշիվ բացելու համար բանկ այցելելը պարտադիր չէ: Լուծված է նաև պլաստիկի հեռացման խնդիրը։
Կարևոր է հասկանալ, որ թվային քարտի օգտագործման հարմարավետությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով է զարգացած միջավայրը, որտեղ դուք ապրում եք։ Հնարավոր է՝ ոչ մեծ բնակավայրերում, որտեղ կան ցանցի հետ կապված խնդիրներ և ոչ բոլոր խանութներում է հնարավոր հանդիպել ստանդարտ տերմինալ, էլեկտրոնային ծառայություններն ամենաօպտիմալ տարբերակը չեն։ Սակայն այս ծառայությունը հիմնականում իրեն արդարացնում է։ Իմանալով դրամական միջոցներով գործարքներ կատարելու այս մեթոդի մասին և գնահատելով առավելություններն ու նրբությունները՝ կարող եք ցանկացած պահի օգտվել դրանից։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-