Թոփ–7 ֆիլմեր, որոնք կօգնեն դառնալ ֆինանսապես անկախ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆինանսական կրթվածության մասին պատմող ֆիլմերի միջոցով կարելի է հեշտությամբ ծանոթանալ անձնական ֆինանսների կառավարման հիմունքներին: Դրանք օգնում են ոչ միայն ավելի լավ «գլուխ հանել» ֆինանսներից, այլև ստիպում են մտածել սեփական ֆինանսական սովորությունների մասին, հրաժարվել վատերից և զարգացնել օգտակարը:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք դիտելուց հետո ձեր ֆինանսական կյանքն այլևս նախկինը չի լինի։
1․ «Երջանկության հետևից» («В погоне за счастьем»)

Արտադրության տարեթիվ՝ 2006
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Գաբրիելե Մուչինո
Գլխավոր դերակատարներ՝ Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ, Թենդի Նյուտոն, Բրայան Հաու, Ջեյմս Քարեն
Քրիս Գարդների իրական կյանքի պատմության վրա հիմնված ֆիլմը պատմում է աղքատության դեմ նրա պայքարի և ֆինանսական ոլորտում հաջող կարիերա կառուցելու ձգտման մասին: Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ երջանկության կարելի է հասնել հաստատակամության և հստակ սահմանված նպատակի դեպքում։
2․ «Խարդախ» «Аферист»

Արտադրության տարեթիվ՝ 1999
Երկիր՝ Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Ջեյմս Դիրդեն
Գլխավոր դերակատարներ՝ Քրիստիան Սոլիմենո, Յուեն Մաքգրեգոր, Լորնա Պեգլեր, Դևիդ Ֆամ, Թիմ Մաքիներնի
Երիտասարդ, խելացի մասնագետ Նիկ Լիսոնն ընդունվում է աշխատանքի «Բերինգս» բանկում։ «Կուրացած» առաջին հաջողություններից և մեծ եկամուտից՝ Նիկը մի քանի լուրջ սխալներ է անում՝ կորցնելով հսկայական գումարներ։ Փորձելով թաքցնել սեփական ձախողումը՝ նա մշակում է խորամանկ ու խարդախ պլան, ինչն ավելի ու ավելի է ներքաշում նրան սև ֆինանսական սխեմաների ճահիճը։
3․ «Ինսայդերներ» («Инсайдеры»)

Արտադրության տարեթիվ՝ 2010
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Չարլզ Ֆերգյուսոն
Գլխավոր դերակատարներ՝ Մեթ Դեյմոն, Գիլֆի Զոգա, Անդրի Սնայր Մագնասոն, Սիգրիդուր Բենեդիքթսթոթիր, Փոլ Ուոլքեր
Ֆիլմը 2010 թվականին արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմում ներկայացված են բազմաթիվ հարցազրույցներ ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների, գիտնականների, տնտեսագետների հետ: Փորձագիտական եզրակացությունների հիման վրա բացահայտվում են ԱՄՆ-ում սկսված և աշխարհում տարածված տնտեսական ճգնաժամի պատճառները։ Ֆիլմն օգնում է բարելավել ֆինանսական կրթվածության մակարդակը և նախապատրաստվել հաջորդ ֆինանսական ճգնաժամին:
4․ «Շոպոգոլիկ» («Шопоголик»)

Արտադրության տարեթիվ՝ 2009
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Փի Ջեյ Հոգան
Գլխավոր դերակատարներ՝ Այլա Ֆիշեր, Հյու Դենսի, Քրիսթեն Ռիթեր, Ջոան Քյուսաք, Ջոն Գուդման
Երիտասարդ աղջիկը, ով չի կարող ապրել առանց գնումների և թանկարժեք հագուստի, տառապում է վարկային քարտի պարտքից։ Ընդ որում, նա մասնագիտությամբ ֆինանսական հրատարակության լրագրող է, որը խորհուրդներ է տալիս անձնական կապիտալի ճիշտ կառավարման վերաբերյալ։ Դիտելով ֆիլմը՝ կարելի է հասկանալ, թե ինչպես խուսափել հերոսուհու սխալներից։
5. «Ընտանեկան բյուջե» («Семейный бюджет»)

Արտադրության տարեթիվ՝ 2021
Երկիր՝ Ռուսաստան
Ռեժիսոր՝ Եվգենի Աբիզով
Գլխավոր դերակատարներ՝ Յուլիա Ալեքսանդրովա, Անտոն Ֆիլիպենկո, Վալենտինա Լյապինա, Գեորգի Ստրելյանի, Ալեքսանդր Լիկով
Կրասնոդարցի Ֆրոլովների ընտանիքը հիփոթեքով գեղեցիկ բնակարան է գնել՝ դեպի այգի տեսարանով։ Բայց պարզվում է, որ վարկային պայմանագրում գաղտնիք կա, և ընտանիքը ստիպված է լինելու վճարել սպասվածից ավելի շատ։ Բնակարանը պահպանելու և ֆինանսական «փոսից» դուրս գալու համար Ֆրոլովները պետք է շատ փոխվեն․ պարզեն, թե ինչն է խանգարում ավելի շատ գումար վաստակել և սովորեն կառավարել սեփական ֆինանսները։
6․ «Իջեցման խաղ» («Игра на понижение»)

Արտադրության տարեթիվ՝ 2015
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Ադամ Մաքեյ
Գլխավոր դերակատարներ՝ Քրիստիան Բեյլ, Սթիվ Քարել, Ռայան Գոսլինգ, Բրեդ Փիթ, Մելիսա Լեո
Սև կատակերգության տարրեր պարունակող այս դրաման հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆիլմում ներկայացված է 2008թ․–ի տնտեսական ճգնաժամի պատճառը, որը սկսվել է ԱՄՆ–ում և տարածվել ամբողջ աշխարհում։ Հերոսների օրինակներով կարելի է փորձել հասկանալ, թե ինչու ներդրումները միշտ կապված են ռիսկի հետ, և չմտածված գործելու դեպքում կարելի է ամեն ինչ կորցնել։
7․ «Ջոյ» («Джой»)

Արտադրության տարեթիվ՝ 2015
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Դևիդ Ռասել
Գլխավոր դերակատարներ՝ Ջենիֆեր Լոուրենս, Ռոբերտ Դե Նիրո, Բրեդլի Կուպեր, Էդգար Ռամիրես, Դայան Լեդդ
Կենսագրական դրամա է՝ հաջողության ճանապարհի մասին։ Ջոյը միշտ սիրում էր ինչ–որ բաներ հնարել և երազում էր ստեղծել որևէ առանձնահատուկ բան։ Մի անգամ նրա մոտ սուպերգաղափար է ծագում՝ նոր կառուցվածքով շվաբր։ Նա պետք է ռիսկի դիմի արտադրություն հիմնելու, վաճառքներ ապահովելու և մրցակիցներից առաջ անցնելու համար։ Ֆիլմի հերոսուհին սովորեցնում է լինել ոչ միայն տոկուն և հավատալ սեփական ուժերին, այլ զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպ, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել հաջող բիզնես գաղափարը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

