Ինչպես ապահովել արժանապատիվ կենսաթոշակ. ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է

08.08.2024, 10:31
Ի՞նչ պետք է իմանալ կենսաթոշակի մասին, «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում այս հարցին է անդրադառնում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Կարեն Հակոբյանը
Ինչպես ապահովել արժանապատիվ կենսաթոշակ. ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք բոլորս ի վերջո թոշակի ենք անցնելու, իսկ ոմանք արդեն թոշակառու են դարձել։ 2014 թվականին Հայաստանը բաշխողական կենսաթոշակային համակարգից անցավ կուտակայինի։ Ինչու՞ դա տեղի ունեցավ և, առհասարակ, ի՞նչ պետք է իմանալ կենսաթոշակի մասին, «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում այս հարցերին է անդրադառնում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Կարեն Հակոբյանը։

– Ինչու՞ Հայաստանն անցավ կուտակային կենսաթոշակային համակարգի։

Կ․ Հակոբյան․ իսկապես, 2014թվականին Հայաստանը բաշխողական կենսաթոշակային համակարգից անցում կատարեց դեպի կուտակային կենսաթոշակային համակարգ: Հիշեցնեմ, որ առաջին՝ բաշխողական համակարգի դեպքում պետությունը քաղաքացիներից հավաքված հարկերից մի մասը , ինչպես համակարգի անունն արդեն հուշում է, բաշխում է թոշակառուներին, այլ կերպ ասած՝ աշխատող քաղաքացիներն են հոգում թոշակի անցած քաղաքացիների թոշակի մասին: Սակայն դեռևս 2014 թվականին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ 1 աշխատող քաղաքացուն բաժին էր ընկնում 3 թոշակառու: Բացի այդ առկա էր այսպես կոչված «անարդարության գործոն», այն է՝ թոշակի անցնելիս պետության կողմից պարտադիր վճարվող թոշակը կախված չէր տվյալ մարդու աշխատավարձից և այլ եկամուտներից, այսպիսով երբեմն առաջացնելով զգալի տարբերություն մինչ թոշակի անցնելը և թոշակի անցնելուց հետո եկամտի և կյանքի որակի նկատմամբ: Խնդրի համակարգային լուծման նպատակով՝ որոշում կայացվեց ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ որի յուրաքանչյուրն ինքն է կուտակելու իր իսկ կենսաթոշակի համար:

Համաձայն մի շարք հաշվարկների և կանխատեսումների` կուտակային կենսաթոշակային համակարգը թույլ է տալու թոշակի անցնելիս ստանալ նախորդող աշխատավարձի 40 տոկոսի չափով կենսաթոշակ, որի արդյունքում թոշակառուն չի զգա կտրուկ փոփոխություն: Բացի այդ յուրաքանչյուրիս ապագայում ստացվող կենսաթոշակն ուղղակիորեն կապված է լինելու մինչ թոշակի անցնելը ստացած մեր եկամտի չափից:

– Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը։

Կ․ Հակոբյան․ կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է անհատական վճարների՝ համակարգին միացած քաղաքացու աշխատավարձի 10 % -ի չափով ամսական հատկացումների սկզբունքով, որից 5 %-ը կատարում է քաղաքացին սոցիալական վճարի տեսքով, իսկ 5 %-ը համաֆինանսավորում է պետությունը (Personal DC scheme)։ Կարևոր է նշել, որ եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտը գերազանցում է 500 000 դրամը, ապա պետության կողմից համաֆինանսավորվում է 25 000 դրամ, իսկ մնացած մասը հատկացվում է քաղաքացու կողմից: Օրինակ՝ 500 000 դրամ աշխատավարձի դեպքում կկուտակվի 25 000 դրամ քաղաքացու կողմից սոցիալական վճարի տեսքով, որին էլ պետությունը կավելացնի 25 000 դրամ, այսպիսով դարձնելով՝ 50 000 դրամ կամ 500 000 դրամի 10 %-ը: Սակայն օրինակ 550 000 դրամ աշխատավարձի դեպքում պետությունը հատկացնելու է 25 000 դրամ, իսկ 10 %-ի այս դեպքում 55 000 դրամի տարբերությունը, որը կազմում է 30 000 դրամ կկատարի քաղաքացին: Նաև համաձայն օրենքի՝ կենսաթոշակային ամսական կուտակումներն ունեն շեմ, այն է նվազագույն աշխավարձի 15-ապատիկը, որը ներկայումս կազմում է 1 125 000 դրամ (2024 թ, մայիսի դրությամբ նվազագույն աշխատավարձը կազմում է 75 000 դրամ), այսինքն անկախ եկամտի չափից ամսական հատկացումները հաշվարկվելու են մինչև այս շեմը:

– Որտե՞ղ են կուտակվում միջոցները։ 

Կ․ Հակոբյան․ կուտակային հատկացումները կուտակվում են կենսաթոշակային ֆոնդերում, որոնք կառավարվում են կենսաթոշակային ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած ընկերությունների կողմից: 

кошелек пенсионые фонды

– Ինչպե՞ս է վճարվում կուտակային կենսաթոշակը։

Կ․ Հակոբյան․ կուտակային կենսաթոշակը վճարվում է անուիտետի (ցմահ կենսաթոշակ), ծրագրային վճարի (ամսական որոշակի գումար՝ մինչև որոշակի տարիքը լրանալը) կամ միանվագ վճարի տեսքով։ Ֆոնդի մասնակիցների կատարած սոցիալական վճարների վերադարձելիությունը՝ ճշգրտված գնաճով, երաշխավորվում է:

Կենսաթոշակների տեսակը ընտրում է մասնակիցը՝ օրենքով սահմանված կարգով․ կենսաթոշակի տեսակներն են՝ միանվագ վճար, անուիտետ, ծրագրային վճար։

Միանվագ վճար: Այս դեպքում կուտակումներն ամբողջությամբ և միանվագ վճարվում են:

Անուիտետի ձևով: Այս դեպքում կուտակումները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որը ցմահ վճարում է թոշակ:

Ծրագրային վճար: Այս դեպքում կուտակումները կառավարիչը վճարվում է 63-ից հետո կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում (այն հիմա 17 տարի է): 

– Ի՞նչ պարամետրերով են ընտրվում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները։

Կ․ Հակոբյան․ պարտադիր մասնակցությունը որոշվում է տարիքով և զբաղվածության տեսակով։ Պարտադիր բաղադրիչին մասնակցում են բոլոր վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ովքեր ծնվել են 1974թ հունվարի մեկին և դրանից հետո, իսկ այդ տարեթվից առաջ ծնված անձինք և այլ զբաղվածության տեր մարդիկ, մասնավորապես՝ ինքնազբաղվածները, կարող են միանալ, եթե ներկայացնում են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում։

Հարկ է նշել, որ կուտակված միջոցները հանդիսանում են մասնակցի անձնական սեփականությունը և ժառանգելի են։ Կուտակումները, որոնք ձևավորվում են յուրաքանչյուր մասնակցի սոցիալական վճարներից և պետության համաֆինանսավորումից, հաշվառվում են անհատական կենսաթոշակային հաշիվներում։

2024 թ․ մարտի 31-ի դրությամբ կուտակային բաղադրիչի մասնակիցների թիվը կազմում է մոտ 450 հազար մարդ։

–  Վճարումների դեպքում կա՞ն, արդյոք, տարբերություններ բնակչության տարբեր խմբերի համար, օրինակ՝ վարձու աշխատողներ և ինքնազբաղվածներ:

Կ․ Հակոբյան․ մասնակցի համար կատարվող կուտակային հատկացման չափը 10% է 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների (նաև նոտարների, անհատ ձեռնարկատերերի) համար, որը մասնակցին համամասնորեն, սակայն առավելագույնը 25000 դրամ չափով համաֆինանսավորվում է պետության կողմից: Այդ տարեթվից վաղ ծնված և կամավոր միացածների (բացառությամբ 1964 թ․ ծնվածների համար արված ժամանակավոր քաղաքականության), ինչպես նաև ինքնազբաղվածների համար համաֆինանսավորում առկա չէ, և նրանք կուտակում են 5% անկախ տարիքից։

–  Ո՞վ է կառավարում կենսաթոշակային հաշիվները։

Կ․ Հակոբյան․ մասնակիցների կենսաթոշակային հաշիվների բացումն ու վարումը, փայերի թողարկումն ու մարումը, ռեեստրավարման այլ գործողությունները կենտրոնացված են և իրականացվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) կողմից՝ ապահովելով արդյունավետություն և ծախսախնայողություն։ ՀԿԴ-ն նաև իրականացնում է ֆոնդերի ակտիվների պահառություն։ Ակտիվների ապակենտրոնացված մասնավոր կառավարում․ կուտակած ակտիվների կառավարումն իրականացնում են 2 հեղինակավոր միջազգային ֆոնդի կառավարիչներ՝ «Ամունդի Ակբա Ասսեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթ» , որոնք լիցենզավորվում և վերահսկվում են ԿԲ կողմից։

кошелек пенсионые фонды

– Ի՞նչ պայմաններով կարող են մասնակիցները օգտվել իրենց կենսաթոշակային խնայողություններից:

Կ․ Հակոբյան․ թոշակի ստացման ձևը կախված է կուտակումների չափից, 63 -ից հետո կյանքի սպասվող միջին տևողությունից և պետության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակի չափից (այն հիմա 24 000 դրամ է):

–  Թոշակի անցնելիս քաղաքացու կենսաթոշակային հաշվում եղած կուտակումների մեծությունը հավասարաչափ բաժանվում է կյանքի սպասվող միջին տևողության ամիսների վրա (այն հիմա 17 տարի է՝ համաձայն Վիճակագրական կոմիտեի հաշվետվության):

– Ընդ որում, եթե ստացված գումարի մեծությունը փոքր է կամ հավասար հիմնական կենսաթոշակի 75%-ից, այսինքն 24 000 դրամ հիմնական կենսաթոշակի դեպքում 18 000 դրամին, ապա կենսաթոշակը կարող են ստանալ միանվագ, ծրագրային վճարի կամ անուիտետի ձևով:

– Եթե ստացված գումարի մեծությունը մեծ է հիմնական կենսաթոշակի 75%-ից, բայց փոքր կամ հավասար հիմնական կենսաթոշակի հնգապատիկին, 24 000 դրամ հիմնական կենսաթոշակի դեպքում 120 000 դրամին, ապա կենսաթոշակը կարող են ստանալ միայն անուիտետի ձևով:

– Եթե ստացված գումարի մեծությունը մեծ է հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա  հիմնական կենսաթոշակի հնգապատիկը տրամադրվում է անուիտետի ձևով, իսկ հիմնական կենսաթոշակի հնգապատիկը գերազանցող մասը կարող է տրամադրվել միանվագ, ծրագրային կամ անուիտետի ձևով:

– Հնարավո՞ր է վաղաժամ կենսաթոշակի ստացում։

Կ․ Հակոբյան․ կենսաթոշակային տարիքից (63) վաղ կուտակային կենսաթոշակ կարելի է ստանալ 55 տարեկանում, եթե կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի արժեքը համապատասխանում է օրենքով սահմանված ձևով հաշվարկված մեծություններին։

Կուտակած միջոցներն ամբողջությամբ հասանելի են սահմանված դեպքերում․

1) մասնակիցը ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ,

2) ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում,

3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

кошелек пенсионые фонды

– Որո՞նք են այս համակարգի հիմնական նպատակներն ու առավելությունները բնակչության համար:

Կ․ Հակոբյան․ դրանք մի քանիսն են։ Առաջին հերթին քաղաքացին ստանում է մասնավոր կենսաթոշակային եկամուտ։ Ի տարբերություն պետական բյուջեից վճարվող կենսաթոշակի, որի մեծությունը պայմանվորված է տվյալ ժամանակում պետության ֆինանսական հնարավորություններով, կառավարության քաղաքականությամբ և այլ դիսկրետ որոշումներից, որոնք կենսաթոշակառուի ազդեցությունից դուրս են, մասնավոր կենսաթոշակի դեպքում մասնակիցն է հանդիսանում իր ապագա եկամուտների պատասխանատուն և տերը, իսկ դրա համար պետությունը ստեղծել է համապատասխան ենթակառուցվածք, ինստիտուտներ և մեխանիզմներ։

Բացի այդ, քաղաքացին ստանում է արդար կենսաթոշակ։ Կենսաթոշակի մեծությունը կապվում է աշխատանքային տարիքում վաստակած եկամտի հետ, քանի որ յուրաքանչյուրը կուտակում է իր սեփական եկամտից, ուստի որքան ավելին է անձի եկամուտը, այնքան ավելի մեծ է լինելու ապագա կենսաթոշակը։

Բացի այդ, քաղաքացին ունենում է ընտրության հնարավորություն։ Մասնակիցը կարող է ցանկություն հայտնել կուտակել եկամտի նկատմամբ օրենքով սահմանվածից ավելի շատ, ընտրել ըստ նախասիրությունների ֆոնդ և կառավարիչ։

Ընդ որում, տեղի է ունենում սպառման մակարդակների հարթեցում։ Աշխատանքային տարիքում և կենսաթոշակային տարիքում մասնակցի կենսամակարդակը էապես չի նվազում, քանի որ ըստ կանխատեսումների մասնակիցը ստանալու է մոտ 40% փոխհատուցման գործակից։ Գործում է նաև ժառանգելու գործոն։ Կենսաթոշակային հաշվի միջոցները հանդիսանում են մասնակցի սեփականությունը և ժառանգելի են մասնակցի մահվանից հետո։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։