Ինչ պետք է իմանալ ավտովարկ վերցնելուց առաջ

24.10.2024, 10:50
Ավտոմեքենան թանկարժեք գնում է, և ոչ բոլորը կարող են դրա համար վճարել առկա միջոցներից կամ խնայողություններից: Հետևաբար, շատերը փոխառու միջոցների համար դիմում են բանկ
Ինչ պետք է իմանալ ավտովարկ վերցնելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ավտոմեքենան թանկարժեք գնում է, և ոչ բոլորը կարող են դրա համար վճարել առկա միջոցներից կամ խնայողություններից: Հետևաբար, շատերը փոխառու միջոցների համար դիմում են բանկ:

Ավտոմեքենա գնելու դեպքում կարելի է ձևակերպել ավտո կամ սպառողական վարկ։

автокредит, автомобиль в кредит, кошелек

Ավտովարկի և սպառողական վարկի տարբերությունը

Ավտովարկը նպատակային է, այսինքն միջոցները հատկացվում են հատուկ մեքենա գնելու համար։ Այս դեպքում գույքն ինքնին հանդես է գալիս որպես գրավ: Մինչ վարկի լրիվ մարումը կարելի է օգտագործել ավտոմեքենան, սակայն այն չի կարելի վաճառել, վարձակալել կամ նվեր տալ առանց բանկի հավանության:

Սպառողական վարկը ոչ նպատակային է և ապահովված չէ գույքով։ Նշանակում է, դուք իրավունք ունեք տնօրինել մեքենան այնպես, ինչպես ցանկանում եք: Բանկի համար գլխավորն այն է, որ շարունակեք հետևողականորեն վերադարձնել գումարը։

Ավտովարկը տարբերվում է սպառողականից ավելի ցածր տոկոսադրույքով։ Միաժամանակ մեքենայի վարկի համար անհրաժեշտ է առնվազն 10% պարտադիր կանխավճար:

Հայաստանում բանկերը միջինը հինգ տարի ժամկետով տրամադրում են մինչև 50 միլիոն դրամի ավտովարկ։ Ժամկետի առումով դրանք սկզբունքայնորեն չեն տարբերվում առանց գրավի սպառողական վարկերից, սակայն, որպես կանոն, գերազանցում են դրանց առավելագույն գումարով։

автокредит, автомобиль в кредит, кошелек

Ձևակերպման առանձնահատկությունները

Ավտովարկի համար դիմելը և պայմանագիր կնքելը հնարավոր է ոչ միայն բանկում՝ այցելության ժամանակ կամ առցանց, այլ նաև այն սրահում, որտեղ աշխատում է նրա ներկայացուցիչը: Ավելի լավ է նախօրոք ուսումնասիրել առաջարկները, ընտրել բանկն ու գնալ այն կենտրոն, որտեղ համագործակցում են բանկի հետ։

Կարելի է վարկ ստանալ երկրորդային շուկայից ավտոմեքենա գնելու համար, այսինքն նախկին սեփականատիրոջից կամ մեքենան արտերկրից առաքող դիլերներից։

Ավտովարկ ստանալու պարտադիր պայման է ԱՊՊԱ-ի ձեռքբերումը։ Սեփականատիրոջ մեղքով տեղի ունեցած վթարի դեպքում ապահովագրությունը փոխհատուցում է տուժածներին հասցված վնասը։ Շատ բանկերի համար կարևոր է նաև ԿԱՍԿՈ-ի առկայությունը։ Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, վարկ կտրամադրեն։

Սակայն պետք չէ ԿԱՍԿՈ-ն ընդունել որպես ավելորդ ծախս։ Կամավոր ապահովագրությունը կարող է ձեռնտու լինել։ Եթե ավտոմեքենայի սեփականատերը վթարի մեղավոր է դառնում, ԿԱՍԿՈ-ն փակում է գույքին հասցված վնասը։

Իհարկե, այս պայմաններին հետևելուց զատ կարևոր է լավ վարկային պատմություն ունենալ, քանի որ գոյություն ունի բազային սկզբունք. հուսալի  բանկերին հարկավոր են հուսալի հաճախորդներ։ Ընկերություններին կորուստներ և հեղինակությանը սպառնացող ռիսկեր պետք չեն։

автокредит

Ավտովարկի առավելություններն ու թերությունները՝ սպառողական վարկի համեմատ

Ավտովարկը, սպառողական վարկի համեմատ, ունի մի շարք առավելություններ, ինչպիսիք են․

·       Ցածր տոկոսադրույք

·       Առավելագույն գումարն ավելի մեծ է

·       Մեծ է հավանականությունը, որ բանկը կհաստատի վարկը: Գրավը երաշխավորում է վնասների փոխհատուցում, եթե հաճախորդը չկարողանա վճարել։

Սակայն ավտովարկն ունի նաև թերությունները

·       Պարտադիր կանխավճար

·       Բանկը կարող է լրացուցիչ ծառայություններ առաջարկել, օրինակ՝ կյանքի ապահովագրություն, իսկ մերժման դեպքում՝ բարձրացնել տոյոսադրույքը։

·       Եթե վարկառուն չկարողանա մարել պարտքը, և վարկի պայմանները չբարելավվեն, բանկը կվերցնի մեքենան և կվաճառի այն:

·       Չի կարելի մինչև պարտքի մարումն ազատ տնօրինել մեքենան՝ որպես սեփականություն, օրինակ՝ գնել կամ նվիրել: Տեսականորեն հնարավոր է ստանալ բանկի համաձայնությունը, բայց գործնականում սա բարդ ընթացակարգ է: Բացի այդ, հեշտ չէ գնորդ գտնել, ով պատրաստ է վերցնել գրավով գնված մեքենան։

автокредит, автомобиль в кредит, кошелек

Եզրակացություն

Ավտովարկը հայտնի և շատ դեպքերում հարմար տարբերակ է։ Միաժամանակ, վարկավորման նման ձևն ունի իր առանձնահատկությունները և ոչ բոլորին է հարմար։ Այդ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել սեփական ծրագրերին, գնահատել ֆինանսակաան վիճակը և ուսումնասիրել շուկայի առաջարկները: Ի դեպ, դա վերաբերում է բոլոր ֆինանսական որոշումներին:

Ավտովարկ ձևակերպելուց առաջ գնահատեք այն մի շարք պարամետրերով։ Դա, մասնավորապես, տոկոսադրույքն է՝ վարկի գերվճարի ընդհանուր գումարը, վարկի տևողությունը և չափը, ինչպես նաև կանխավճարի չափը։ Այս ամենն ինքնուրույն կամ բանկի աշխատակցի օգնությամբ հաշվարկելուց հետո միայն կարելի է սկսել վարկի ձևակերպումը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։