ԿԲ–ն և Քննչական կոմիտեն հակազդում են բանկային խարդախություններին․ ի՞նչ է կատարվում, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին ամիսներին Հայաստանում հաճախակի են դարձել բանկային խարդախության դեպքերը։ Սոցցանցերում հայտնվում են կեղծ գովազդներ բանկերից, որոնք վարկեր են առաջարկում։ Խարդախները հատկապես ակտիվ կիրառում են ֆիշինգի և առցանց վարկերի սխեմաները։
Բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է առցանց նույնականացման պահանջները խստացնելու հարցը և մշակում է խարդախությունից ապահովագրության մեխանիզմներ։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԿԲ–ն
Խարդախության դեպքերի աճի պատճառով Կենտրոնական բանկը խորհուրդ է տվել բանկերին ժամանակավորապես սառեցնել բոլոր վարկային պարտավորությունները, որոնցում կան խարդախության նշաններ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ նման դեպքերի մասնաբաժինը կազմում է հայկական բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 0.1%-ը, որը մարտի վերջին հասել է 6.42 տրիլիոն դրամի։
Կարգավորող մարմինը ստանձնել է երկրում տեղի ունեցած խարդախության բոլոր դեպքերի ուսումնասիրության պատասխանատվությունը՝ լավ գիտակցելով, որ «յուրաքանչյուր դեպք մարդու կամ ընտանիքի ճակատագիր է»։
«Մենք հասկանում ենք խնդիրը և փորձում ենք այն լուծել հնարավորինս արագ», - ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ Կենտրոնական բանկը խորը ստուգումներ է անցկացնում բանկերում, զգուշացնում բնակչությանը ռիսկերի մասին, ակտիվորեն քննարկում է բանկերի հետ անվտանգության նոր գործիքների մշակումը։ Փորձ է արվում մշակել և ներդնել բոլոր բանկերի համար անվտանգության միասնական չափորոշիչ։ Օրինակ՝ հաճախորդի հաշիվը որոշակի սարքին կցելու հնարավորությունը, որից հետո բոլոր գործարքները հնարավոր կլինեն միայն այդ սարքից նույնականացվելու դեպքում։
Կենտրոնական բանկի և Քննչական կոմիտեի համատեղ գործողությունները
Հայաստանի քննչական կոմիտեն, Կենտրոնական բանկի հետ համատեղ, նույնպես մշակում է չարագործներին կանգնեցնելու ունակ գործիքներ և մեխանիզմներ։ Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը, այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Միաժամանակ, Քննչական կոմիտեն ունի առանձին մասնագիտացված ստորաբաժանում, որը քննում է կիբերհանցագործության տարբեր դրսևորումները։
Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ արդեն նախաձեռնվել են բանկային խարդախության հետ կապված բազմաթիվ քրեական վարույթներ։ Քննությունները ցույց են տվել, որ գործարքների մեծ մասը մշակվում է մի քանի բանկերի միջոցով։ Պողոսյանը նաև նշեց, որ այն դեպքերում, երբ հանցավոր խմբավորումների անդամներ են գտնվել Հայաստանի տարածքում, լավ արդյունքներ են գրանցվել. քրեական հետապնդումներ են իրականացվում, գործերը ուղարկվում են դատարան։ Սակայն, ըստ նրա, առանցքային դերակատարնեըը գտնվում են երկրից դուրս։ Նա նաև հայտնեց, որ բացահայտվել են հանցագործությունների դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Հայաստանի քաղաքացիներ։
Տուժած քաղաքացիների աջակցություն
Միևնույն ժամանակ, երեք հայկական բանկեր՝ ID Bank-ը, Inecobank-ը և Ardshinbank-ը, ընդառաջ են գնացել տուժած քաղաքացիներին և հետաձգել են հաճախորդների վճարները։ Մասնավորապես, ID Bank-ը մտադիր է պարտավորությունների մարումը հետաձգել 5 տարով, Ինեկոբանկը և Արդշինբանկը՝ 3 տարով։ Եվ այս ժամանակահատվածում վարկերի տոկոսագումարներ չեն հաշվեգրվի։ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ հետաձգման ժամկետի ավարտին կկայացվեն համապատասխան դատական որոշումները։
Բողոքներ, ստուգումներ, եզրակացություններ
Կենտրոնական բանկը մոտ 50 քաղաքացիներից ստացել է բողոքներ, որոնք հիմնականում վերաբերում էին վերոնշյալ երեք բանկերին՝ ID Bank, Ինեկոբանկ և Արդշինբանկ։ Կարգավորող մարմինը յուրաքանչյուր ներկայացված դեպքը դիտարկում է անհատական կարգով։
Ինչպես պարզվեց ստուգումների արդյունքում, դեպքերի մեծ մասում խարդախությունը տեղի է ունեցել, քանի որ հաճախորդներն իրենք են այլ անձանց փոխանցել իրենց անձնական տվյալները և բանկային գաղտնաբառերը։ Կենտրոնական բանկը վստահեցրել է, որ եթե բանկերի կողմից խախտումներ հայտնաբերվեն, կարգավորող մարմինը կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Այլ դեպքերում բանկերի հետ համատեղ կփնտրի տուժածներին օգնելու տարբերակներ։
Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հանձնարարել է բանկերին խստացնել հաճախորդների հեռակա նույնականացման ընթացակարգերը, որոնց զգալի մասն արդեն ներդրվել է։ Քննարկումներ են տեղի ունենում նաև իրավապահ մարմինների հետ՝ երկարաժամկետ լուծումներ մշակելու համար։
Իսկ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները
Կենտրոնական բանկը շարունակում է հանրային իրազեկման արշավը և կոչ է անում քաղաքացիներին.
- Ոչ մեկին չտրամադրել անձնական և բանկային տվյալները
- Աննշան կասկածի դեպքում կապվել բանկի հետ
- Կորուստների դեպքում կապվել սպասարկող բանկերի հետ՝ առկա լուծումները քննարկելու համար, իսկ այս գործընթացում առաջացող խնդիրների հարցով կապվել Կենտրոնական բանկի հետ (հեռ․՝ 010 592 592, էլ․ հասցե՝ [email protected]):
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։