Շքեղ կյանքի 7 գաղտնիք՝ «Միլիոնատեր հարևանը» բեսթսելերի հեղինակներից

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխատասեր մարդիկ հաճախ հարցնում են, թե ինչու նրանք հարուստ չեն: Ինչո՞ւ, չնայած նրանց բոլոր ջանքերին, դեռևս բավարար գումար չունեն։ Հարցն իսկապես լուրջ է, և այս մասին բազմաթիվ գրքեր են գրվել։
Դրանցից մեկը ամերիկացի մարքեթոլոգ–պրոֆեսորներ Թոմաս Ջ. Սթենլիի և Ուիլյամ Դանկոյի «Միլիոնատեր հարևանը» գիրքն է, որը մի քանի տարի եղել է New York Times-ի բեսթսելերների ցանկում։ Հարստանալու գաղտնիքը պարզելու համար հեղինակները շրջել են գրեթե ողջ Ամերիկայով, հարցում են անցկացրել ավելի քան 500 միլիոնատերերի և բարձր եկամուտներ ունեցող ավելի քան 11000 հարցվածների շրջանում։ Չնայած հետազոտությունը սկսվել է բավականին վաղուց, ֆինանսական բարգավաճման սկզբունքներն արդիական են նաև այսօր։
Ովքե՞ր են այդ հարուստները
Շատերը վստահ են, որ հարուստ են նրանք, ովքեր ունեն շատ փող և այլ նյութական բարիքներ։ «Միլիոնատեր հարևանը» գրքի հեղինակներն այլ կարծիքի են.
«Մենք հարստությունը չենք կապում նյութական բարիքների եհտ: Սպառման բարձր մակարդակ ունեցող մարդկանց մեծամասնությունը չի կրկնապատկում իր եկամուտը՝ գնելով բաժնետոմսեր, արժեթղթեր, ներդրումներ կատարելով բիզնեսում և շահութաբեր ոլորտներում: Նրանք, ում մենք հարուստ ենք համարում, չեն ցուցադրում շքեղությունը»:
Բայց ինչպես է ստացվում, որ ինչ-որ մեկը կարող է հարստանալ, բայց նմանատիպ սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող բացարձակ մեծամասնությանը երբեք չի հաջողվում թեկուզ չնչին գումար կուտակել։ Ովքե՞ր են այդ բախտավոր միլիոնատերերը։
Պրոֆեսորներ Սթենլին և Դանկոն մինչ այս հարցին պատասխանելը լուրջ հետազոտություն են անցկացրել և հանգել հետևյալ եզրակացությունների.
Եզրակացություն I
Միլիոնատերերը մարդիկ են, ովքեր անսասան հավատ ունեն իրենք իրենց հանդեպ: Նրանք չեն մտածում, թե ինչպես են ապրել իրենց ծնողները, որքան գումար ունեին։ Եվ նրանք ընդհանրապես համաձայն չեն այն մտքի հետ, որ կարելի է միայն հարուստ ծնվել: Մարդիկ, ովքեր կարծում են, որ հարստությունը գալիս է միայն ի ծնե, մնում են անապահով վիճակում իրենց ողջ կյանքի ընթացքում պարզապես սահմանափակող կարծրատիպի ազդեցության պատճառով:
Եզրակացություն II
Ահա երեք բառ, որոնք լավագույնս բնութագրում են հարուստ մարդկանց՝ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ, ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ և ևս մեկ անգամ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ: Հենց սա է հիմնականը կապիտալ կուտակելու համար։ Միացյալ Նահանգների միլիոնատերերի մեծ մասը հարստացել է 50 տարեկանից ոչ շուտ և առանձնանում է փողի նկատմամբ բծախնդիր և խնայող վերաբերմունքով։ Եթե նրանք հիպերսպառողական կենսակերպ վարեին, ապա դժվար թե նրանցից որևէ մեկը միլիոնատեր դառնար։
Եզրակացություն III
Միլիոնատեր դառնալու համար պետք է, որ ընտանիքի «մյուս կեսը» վատնող չլինի։ Բավական չէ, որ ընտանիքի միայն մեկ անդամը խնայող լինի. կինը ևս պետք է կիսի այդ արժեքները: Նրանց հաջողությունը երկուսի տաղանդների գումարն է:
Եզրակացություն IV
Միլիոնատերերի գլխավոր գաղտնիքներից մեկը ընտանեկան բյուջեի կառավարումն ու պլանավորումն է։ Բայց արդյո՞ք բոլոր միլիոնատերերն են զբաղվում բյուջեի պլանավորմամբ։ Փորձագետները պարզել են, որ ոչ բոլորը: Սակայն նրանց ընտանիքներում տիրում է ինքնասահմանափակման փիլիսոփայությունը։ Նրանց կեսից ավելին հավատարիմ է «առաջինը քեզ վճարիր» սկզբունքին: Առաջին հերթին նրանք փող են ծախսում ներդրումների, հետո միայն իրենց վրա։ Միջին հաշվով նրանք ներդնում են իրենց տարեկան եկամտի առնվազն 15%-ը՝ նախքան սննդի, հագուստի, վարկերի և տնային տնտեսության այլ կարիքների վրա ծախսելը: Այն միլիոնատերերը, ովքեր բյուջե չեն վարում և չեն սահմանափակում իրենց ծախսերը, հաշվի առնելով իրենց ճոխ ապրելակերպը, շուտով կկորցնեն կապիտալը։ Պլանավորումը և սպառման վերահսկողությունն առանցքային գործոններն են, որոնք դրական են ազդում հարստության կուտակման վրա:
Եզրակացություն V
Ֆինանսապես անկախ մարդիկ գիտակցում են փողը խելամտորեն կառավարելու հետաձգված օգուտները: Որպես կանոն, մարդկանց մեծ մասը, ովքեր վաստակել են իրենց միլիոնները, արդեն թոշակի են անցնում և կարող են վայելել կյանքը։ Բայց միևնույն ժամանակ նրանք նաև կարողանում են իրենց խնայողությունների հաշվին օգնել մտերիմներին՝ շատ ավելի երջանիկ զգալով, քան իրենց տարիքի և եկամուտ ունեցող մարդիկ, ովքեր ծանրաբեռնված են ֆինանսական խնդիրներով։
Եզրակացություն VI
Միլիոնատերերը չեն դադարում փնտրել եկամտի նոր աղբյուրներ, նույնիսկ մեծ հարստություն վաստակելուց հետո: Միլիոնատերերը, ովքեր արդեն հիանալի տիրապետում են ներդրումների հմտություններին, չեն դադարում կատարելագործվել այդ ոլորտում, մինչդեռ ոչ միլիոնատերերը դա ամեն կերպ անտեսում են։ Այսպես առաջանում է բաց կապիտալի ծավալներում։
Եզրակացություն VII
Կրթությունն ու բարձր եկամուտներն ինքնին ֆինանսական անկախություն չեն բերում։ Դրան հասնելու համար պետք է կարողանալ պլանավորել և որոշ հարցերում սահմանափակվել: Եթե ցանկանում եք դառնալ ֆինանսապես անկախ մարդ, սովորեք այսօր զոհաբերել մեծ սպառումը հանուն կայուն ապագայի:
Թոմաս Սթենլիի և Ուիլյամ Դանկոյի հիմնական եզրակացությունը
Հարուստ է նա, ով կուտակում է, ոչ թե ծախսում։ Եթե ունեք բարձր եկամուտ, դա չի նշանակում, որ հարուստ եք։ Եթե ծախսում եք հսկայական աշխատավարձը, ապա պարզապես հոյակապ ապրում եք, ոչ ավելին։ Մարդիկ չգիտեն, թե ինչպես դառնալ հարուստ։ Շատերը կարծում են, որ կարելի է մեծ ունեցվածք վաստակել հանգամանքների հաջող զուգադիպության, ժամանակին ստացված ժառանգության, լավ կրթության և նույնիսկ ինտելեկտի շնորհիվ։ Այդպես չէ։ Ամենից հաճախ հարստությունը մրցանակ է, որը մարդիկ ստանում են քրտնաջան աշխատանքի, համառության, պլանավորման և ինքնակարգապահության համար:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։