Ի՞նչ է կարևոր իմանալ՝ վճարային քարտ ձեռք բերելիս․ քարտից անվտանգ օգտվելու 8 կանոն

25.07.2024, 12:08
Ներկայացնում ենք 8 խորհուրդ, թե ինչպես անվտանգ օգտագործել վճարային քարտերը
Ի՞նչ է կարևոր իմանալ՝ վճարային քարտ ձեռք բերելիս․ քարտից անվտանգ օգտվելու 8 կանոն

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պատկերացնենք մի իրավիճակ․ դուք պատրաստվում եք ձեռք բերել վճարային քարտ, բայց չգիտեք, թե որտեղից սկսել: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչի վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել, ինչպես նաև կներկայացնի 8 խորհուրդ, թե ինչպես անվտանգ օգտագործել վճարային քարտերը։

Ինչպես ընտրել բանկ 

Кошелек кредит, банк

Նախ, որոշեք, թե որ բանկում եք ցանկանում քարտ բացել: Հետաքրքրվեք լոյալության ծրագրերի առկայության մասին, ինտերնետում ծանոթացեք մեկնաբանություններին, ուսումնասիրեք պայմանները և ծառայությունների սակագները: Եթե ​​դուք հաճախակի գնումներ եք կատարում խանութներից, ուշադրություն դարձրեք տրամադրվող քեշբեք գումարի վրա: 

Ծանոթացեք մոբայլ բանկինգի հավելվածի օգտագործման հնարավորությանը, ինչպես նաև պարզեք տեղեկատվություն անտոկոս գործարքներով բանկոմատների ցանցի մասին։ 

Եթե ​​մտադիր եք վճարային քարտից օգտվել միայն Հայաստանում, օրինակ՝ աշխատավարձ ստանալու, գնումներ կատարելու, վճարել տարբեր ծառայությունների համար, ապա ArCa դրամային քարտը ձեզ հարմար կլինի։ Արտասահմանյան ուղևորությունների համար ավելի լավ է ընտրել այնպիսի քարտեր, ինչպիսիք են Visa–ն, Mastercard–ը կամ այլ տեսակի միջազգային քարտերը: Նման մոտեցումը թույլ կտա գումար չկորցնել արժույթները փոխարկելիս։ 

Հիշեք, որ ինտերնետից գնումներ կատարելիս ռիսկային է օգտագործել այն քարտը, որով ստանում եք ձեր աշխատավարձը։ Առցանց գնումների համար ավելի նպատակահարմար է բացել, օրինակ, առանձին վիրտուալ քարտ։ 

Առավել հարմար քարտ ընտրելու համար կարելի է օգտվել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական տեղեկատուի ծառայություններից՝ fininfo.am: Մուտքագրելով Ձեզ անհրաժեշտ վճարային քարտի տվյալները՝ կարող եք ստանալ քարտերի մասին առկա բոլոր առաջարկները՝ հեշտությամբ համեմատելով և ընտրելով ամենահարմար տարբերակը: Բանկեըը նաև իրենց կայքերում հրապարակում են վճարային քարտերի մասին տեղեկատվություն, ինչը կօգնի որոշում կայացնել։ 

Վճարային քարտից անվտանգ օգտվելու կանոններ․ 

Кошелек банковская карта

Վճարային քարտը նույնքան կարևոր է և պարունակում է նույնքան գաղտնի տվյալներ, որքան, օրինակ, անձնագիրը, այնպես որ անհրաժեշտ է կանխել այն կորցնելու ռիսկն ու հետևել անվտանգության կանոններին: 

1․ Ակտիվացրեք մոբայլ բանկինգի ծառայությունը ֆինանսական գործարքները հեշտ և արագ կատարելու համար: Սա թույլ կտա առանց բանկ այցելելու վճարել կոմունալները, փոխանցել գումար, մարել վարկ, բացել և համալրել ավանդ, հետևել անկանխիկ ծախսերին, ստանալ քաղվածքներ և այլն: 

2․ Կանոնավոր կերպով ստուգեք ձեր հաշվի քաղվածքը և համեմատեք ձեր ունեցած անդորրագրերի հետ: Սխալ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմեք բանկ: 

3․ Վճարային քարտը միշտ տեսադաշտում պահեք: Հիշեք, որ ֆինանսական խարդախության համար բավական է պարզապես ֆիզիկապես ունենալ ձեր քարտը, այնպես որ այն չպետք է հայտնվի օտարների ձեռքում: Նույնիսկ եթե, օրինակ, մատուցողն ասում է, որ չի կարող մոտեցնել POS տերմինալը, նրա հետ գնացեք POS տերմինալի մոտ և վերահսկեք գործարքի ողջ ընթացքը։ 

4․ Քարտով վճարելիս նախապես ստուգեք՝ ձեր հաշվեկշռում կա անհրաժեշտ գումարը, թե ոչ։ Հակառակ դեպքում, օվերդրաֆտի առկայության դեպքում ձեր հաշվի վրա բացասական մնացորդ կձևավորվի: Հատկապես զգույշ եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս, քանի որ մինչ բանկը մշակում է գործարքը, արտարժույթի փոխարժեքը կարող է փոխվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկալի է հաշվի վրա լրացուցիչ գումար թողնել այս ռիսկը բացառելու համար 

5․ Մի մուտքագրեք քարտի տվյալները կասկածելի վայրերում, օրինակ՝ կայքերում, մասնավորապես՝ ձեր PIN կոդը, որը բացի ձեզնից ոչ ոք չպետք է իմանա։ 

6․ Մի հայտնեք քարտի տվյալները, այդ թվում՝ համարը, ազգանունը, անունը և գործողության ժամկետը: Ամբողջական տեղեկատվություն կարելի է տրամադրվել միայն ստուգված անձանց, որոնց հետ կատարվում են հաշվարկներ։ Նույնիսկ սպասարկող բանկի աշխատակիցներն իրավունք չունեն պահանջել քարտի ամբողջական համարը։ Ամենից հաճախ հաճախորդին նույնականացնելու համար նրանք օգտագործում են վերջին 4 թվերը և գաղտնաբառ։

7․ Հետևեք, որպեսզի սոցցանցերում լինեն որքան հնարավոր է քիչ անձնական տվյալներ, որոնք կարող են օգտագործվել խարդախների կողմից։ Անծանոթներից ևս մի հայտնեք նման տեղեկատվություն անձնական նամակագրության ժամանակ։

8․ Եթե ​​ձեր քարտը կորել է կամ գողացել են, անմիջապես դիմեք բանկ: Արգելափակեք քարտը, որպեսզի ուրիշները չօգտագործեն ձեր գումարը: Դա հեշտ է անել մոբայլ բանկինգի իջոցով: Եթե ​​կորցրած քարտը գտնեք, այն կարելի է ապաարգելափակել, բայց դրա համար, հնարավոր է, ստիպված կլինեք վճարել: Մնացած դեպքերում քարտը պետք է վերաթողարկվի, և սա նույնպես հիմնականում վճարովի ծառայություն է։ 

Քարտը ձերն է, դուք էլ պատասխանատու եք դրա համար 

Кошелек банковская карта

Դառնալով վճարային քարտի սեփականատեր՝ դուք պետք է իմանաք, որ բանկային քարտերի օգտագործման կանոնների խախտման ողջ պատասխանատվությունը կրում եք բացառապես դուք: Դուք պատասխանատու եք նաև քարտի տեխնիկական վիճակի համար։ Եթե ​​այն խափանվի կամ վնասվի, ստիպված կլինեք վճարել նոր պլաստիկ քարտի վերաթողարկման համար: 

Եվ ևս մի բան․ երբեք ձեր քարտը ոչ մեկին մի տվեք: Նախ, դա արգելված է բանկային քարտերի սպասարկման պայմաններով, որոնք դուք ստորագրել եք՝ որպես բանկի հաճախորդ: Քարտն այլ անձի տալով՝ դուք ոչ միայն կխախտեք պայմանագիրը, այլև կարող եք գումար կորցնել, եթե այն մարդը, ում տվել եք քարտը, տնօրինի այն առանց ձեր իմացության։ 

Եվ եթե այս ընթացքում չարագործներին հաջողվել է ստանալ ձեր քարտի տվյալները և օգտագործել ձեր գումարը, ապա դիմելով բանկ՝ դուք որևէ օգնություն չեք ստանա։ Բանկը նույնիսկ չի զբաղվի տեղի ունեցածով և կնշի, որ դուք եք խախտել բանկային քարտի օգտագործման կանոնները։ 

Արդյունքում, դուք հաջողության չեք հասնի՝ փորձելով ապացուցել, որ բարեխիղճ կերպով եք օգտվել քարտից և խնամքով եք վերաբերվել։ Բանկը չի վերադարձնի չարագործների կողմից գողացված ողջ գումարը և չի կարողանա հետևել, թե ով է պատասխանատու միջոցների գողության համար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։