Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս

25.01.2024, 10:09
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի,/Նովոստի–Արմենիա/․ Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից: Ի՞նչ անել։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում։

Գումար եք փոխանցել սխալ հեռախոսահամարին

Ի՞նչ անել, եթե ցանկանում էիք գումար փոխանցել ձեզ անհրաժեշտ բջջային հեռախոսահամարին, բայց պատահաբար փոխանցել եք այլ համարին: Նախ պետք չէ խուճապի մատնվել։ Որոշ բջջային օպերատորներ հնարավորություն են տալիս մեկ րոպեի ընթացքում չեղարկել դրամական փոխանցումը մեկ բջջային հեռախոսահամարից մյուսին: Եթե դուք ուշ եք նկատել, կարող եք կապվել համարի սեփականատիրոջ հետ և խնդրել վերադարձնել գումարը: Եթե չի ստացվում, պահպանեք անդորրագիրը կամ փոխանցման ծանուցումը և ներկայացրեք այն ձեր օպերատորի սպասարկման կենտրոն: Եթե վճարումը կատարել եք վճարային տերմինալի կամ բանկային քարտի միջոցով, դիմեք բանկ կամ վճարային տերմինալը սպասարկող ընկերություն։

 - рис.1

Գումար եք փոխանցել սխալ բանկային հաշվին կամ քարտին

Ցանկանում էիք գումար փոխանցել մի հաշվեհամարին կամ քարտին, բայց սխալմամբ գումարը փոխանցվեց ուրիշ հաշվին։ Այս դեպքն ավելի բարդ է։ Անկանխիկ փոխանցում կատարելու համար պահանջվում է մեկ րոպեից մինչև երկու աշխատանքային օր, որպեսզի գումարը մուտքագրվի հաշվին: Նման իրավիճակում չեք կարող միակողմանի չեղարկել գործարքը։ Փորձեք կապվել ստացողի հետ և խնդրեք վերադարձնել գումարը: Եթե գումարը վերադարձնել չի ստացվում, կապվեք բանկի հետ, ներկայացրեք փոխանցման ռեկվիզիտները և օգնություն խնդրեք: Պետք է դիմում ներկայացնեք բանկ սխալ փոխանցման փաստով գործարքը բողոքարկելու մասին։ Նկատի ունեցեք, որ այս ընթացակարգը կարող է բավականին երկար տևել՝ մինչև 40 օր՝ կախված ստացող կողմի պատասխանից։ Եթե դրամական միջոցները փոխանցվել են պատահաբար, ստացողը` հաշվի կամ քարտի սեփականատերը, պարտավոր է վերադարձնել դրանք: Եթե բողոքարկման արդյունքում ստացող կողմը հրաժարվում է վերադարձնել դրամական միջոցները, ապա կարող եք դատական հայց ներկայացնել, քանի որ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, նման իրավիճակը համարվում է «անհիմն հարստացում» և ենթադրում է որոշակի պատասխանատվություն։

 - рис.2

Դուք եք սխալ փոխանցում ստացել

Եթե ձեր հաշվին գումար եք ստացել անծանոթ ուղարկողից, առաջին հերթին պետք է պարզել միջոցների ստացման աղբյուրը: Պետք չէ տնօրինել տացված միջոցները, եթե վստահ եք, որ փոխանցումը պատահական և ձեզ չի հասցեագրված: Փորձեք կապվել ուղարկողի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար, կամ կապվեք բանկի հետ և տեղեկացրեք, որ ստացել եք փոխանցում, որը չէիք սպասում: Բանկը կարող է սառեցնել այդ գումարը մինչև իրավիճակը պարզվի:

Եթե դուք գումար եք փոխանցել խաբեբաներին

Ի՞նչ անել, եթե SMS հաղորդագրություն եք ստացել, և ուղարկողը խնդրում է վերադարձնել ձեզ սխալմամբ փոխանցված գումարը: Դուք այդ գումարը փոխանցել եք, հետո հասկացել, որ սխալվել եք։ Նման իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին համոզվեք, որ միջոցներն իսկապես փոխանցվել են ձեր հաշվին: Դա կարելի է անել ինչպես մոբայլ կամ օնլայն բանկինգի միջոցով, այնպես էլ դիմելով բանկի սպասարկման կենտրոն:

Հակառակ դեպքում դա կարող են լինել խաբեբաներ, ովքեր պարզապես ցանկանում են ձեզնից գումար ստանալ: Եթե ձեզ զանգահարել և ներկայացել են որպես բանկի աշխատակից և միանգամից առաջարկում են գումար փոխանցել, մի համաձայնեք։ Անջատեք հեռախոսը, զանգահարեք բանկ և կատարեք փոխանցում միայն համոզվելուց հետո, որ գումարն իրականում սխալմամբ է փոխանցվել ձեզ։

 - рис.3

Եթե բանկը կամ կապի օպերատորը չեն կարողանում լուծել խնդիրը

Եթե խնդիրը լուծելու ձեր փորձերն ապարդյուն են, դիմեք Հայաստանի Կենտրոնական բանկ, որը կարգավորում է ֆինանսական գործարքները և պաշտպանում սպառողների իրավունքները։ Հայաստանի օրենսդրությունը տրամադրում է իրավական պաշտպանություն, և բանկերի կամ կապի օպերատորների կողմից ոչ իրավաչափ գործոությունների դեպքում միշտ կարելի է դիմել դատարան: Բացի այդ, դուք կարող եք դիմել Հայաստանի ֆինանսական հաշտարարին, որն օգնում է լուծել բանկերի հետ կապված խնդիրները:

Ստուգեք բոլոր տվյալները

Ֆինանսական կրթվածության հիմնական կանոններից է ուշադիր ստուգել ստացողի տվյալները նախքան գումար փոխանցելը: Պետք է ստուգել բջջային հեռախոսահամարը, բանկային քարտի համարը կամ հաշվեհամարը: Այստեղ սխալները կարող են անհարմարություններ առաջացնել։ Մի զլացեք և համոզվեք, որ բոլոր դաշտերը ճիշտ եք լրացրել ու զգույշ եղեք ֆինանսական յուրաքանչյուր գործողության դեպքում։ Եթե պարբերաբար վճարումներ եք կատարում, կարող եք ստեղծել «Ձևանմուշ» ձեր բջջային հավելվածում: Դա ոչ միայն կհեշտացնի միջոցների փոխանցումը, այլև կօգնի խուսափել հնարավոր սխալներից։

Հիշեք, որ ֆինանսական կրթվածությունը նախատեսում է ոչ միայն սեփական ֆինանսները կառավարելու, այլև հնարավոր սխալներին արձագանքելու կարողություն: Հայաստանի օրենսդրությունը խստորեն պաշտպանում է քաղաքացիների շահերը փոխանցումների ժամանակ կատարված սխալների դեպքում։ Կենտրոնական բանկի սահմանած օրենքների և կանոնների իմացությունը կօգնի խուսափել տհաճ իրավիճակներից և ապահովել ձեր ֆինանսական անվտանգությունը:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-