Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ

14.03.2024, 10:45
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից։ Պարզ ասած՝ բանկային հաշիվը Ձեր ապահով «դրամապանակն» է՝ դրված բանկում: Դուք կարող եք ցանկացած պահի գումար ավելացնել Ձեր բանկային հաշվին կամ անհրաժեշտության դեպքում կատարել գումարի կանխիկացում: Բացի այդ, բանկային հաշվի օգնությամբ հնարավոր է՝

✔ կատարել վճարումներ և ստանալ փոխանցումներ,
✔ կատարել պարբերական վճարումներ (օրինակ՝ կարող եք պատվիրել բանկին՝ ամեն ամիս կատարելու Ձեր կոմունալ վճարումները կամ վարկի մարումը՝ առանց լրացուցիչ տեղեկացման),
✔ վերահսկել Ձեր եկամուտներն ու ծախսերը բանկի տրամադրած քաղվածքների օգնությամբ:

Ինչպե՞ս բացել բանկային հաշիվ

Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթ, ներկայացնել անձնագիր և այլ փաստաթղթեր (բնօրինակներ և պատճեներ)։ Պատրաստ եղեք, որ յուրաքանչյուր բանկ ունի ոչ միայն պահանջվող փաստաթղթերի ցանկ, այլև բանկերի պահանջները կարող են տարբերվել: Ընթացակարգերի ավարտին, դրական արդյունքի դեպքում, Ձեզ կառաջարկվի պայմանագիր կնքել բանկի հետ: Ստորագրելուց առաջ ուշադիր կարդացեք, որպեսզի հետագայում թյուրիմացություններ չլինեն ֆինանսական հաստատության հետ։

Ի՞նչ տեսակի բանկային հաշիվներ կան ֆիզիկական անձանց համար

Դրանք բավականին քիչ են և տարբերվում են իրենց նպատակներով։ Այսպես, աշխատավարձ փոխանցելու, գումար պահելու և այն անկանխիկ օգտագործելու համար բանկը կբացի ընթացիկ հաշիվ, որին կցվում է դեբետային քարտը։

Արժույթ գնելու/վաճառելու համար բանկում կբացեն արժութային հաշիվ։

Եթե պարզապես ցանկանում եք բանկում տոկոսով գումար դնել, ձեզ համար կբացեն դեպոզիտային հաշիվ։ Այստեղ դուք կկարողանաք պահել ձեր ներդրումներն այն ժամկետով և տոկոսներով, որոնք նշված են պայմանագրում։ Ընդ որում դուք ոչ միայն կկարողանաք համալրել ձեր դեպոզիտային հաշիվը, այլև ամբողջությամբ կամ մասամբ գումար հանել հաշվից և ստանալ մնացորդի վրա հաշվեգրվող տոկոսները։

Վարկ կամ վարկային քարտ ստանալու համար բանկը բացում է վարկային հաշիվ, որն ունի բացասական բալանս։ Այնտեղ պարտքը պակասում է յուրաքանչյուր վճարից հետո։

 - рис.1

Իսկ ի՞նչ հաշիվներ կան իրավաբանական անձանց համար

Հաշվարկային հաշիվ․ դա հաշվի հիմնական տեսակն է ցանկացած ընկերության համար։ Հաշվարկային հաշվի վրա փոխանցվում է արտադրանքի և ծառայությունների իրացման արդյունքում ստացված հասույթը, ինչպես նաև այդ հաշվից վճարվում է տարածքի վարձակալության վճարը, նյութերի, սարքավորումների վճարը, փոխանցվում է աշխատավարձը։

Արժութային հաշիվ․ բանկում կբացեն նման հաշիվ, եթե ընկերությունը մտադիր է կատարել արժութային գործարքներ։

Թղթակցային հաշիվներ․ դրանք ձևակերպվում են վարկային կազմակերպությունների համար։ Թղթակցային հաշիվների օգնությամբ բանկերը միմյանց վճարումներ են կատարում միջբանկային գործարքներ կատարելիս։

Կարելի՞ է նշված գործարքները կատարել առցանց

Կարելի է, եթե ունեք բանկային հաշվի հեռակառավարման հասանելիություն (առցանց կամ մոբայլ բանկինգ) կամ բանկային հաշվին կցված վճարային քարտ:
Վերոնշյալ գործարքներն իրականացնելու համար հնարավոր է նաև խուսափել ամեն անգամ բանկ այցելելուց։ Հենց սա է հաճախորդի համար մոբայլ բանկինգի գլխավոր առավելությունը՝ հարմարավետությունն ու ժամանակի խնայողությունը, քանի որ շարժական սարքը միշտ ձեռքի տակ է։ Միաժամանակ բանկի համար մոբայլ բանկինգը կարևոր գործիք է նոր հաճախորդներ ներգրավելու համար։

Որո՞նք են վճարային քարտի առավելությունները

Վճարային քարտը տարածված ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս ճկուն և անվտանգ վերահսկել սեփական եկամուտներն ու ծախսերը, հեշտ և արագ կատարել գնումներ, փոխանցումներ և այլ գործարքներ։

Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

✔ ստանալու աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ,
✔ բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնելու այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին,
✔ կատարելու անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների դիմաց,
✔ բանկոմատի, մոբայլ կամ առցանց բանկինգի միջոցով կատարելու կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքեր, տուգանքներ, հարկեր) վճարումներ,
✔ իրականացնելու առցանց առևտուր,
✔ կատարելու և ստանալու քարտից քարտ փոխանցումներ,
✔ պարբերաբար ստանալու հաշվի քաղվածքներ և հետևելու ֆինանսական վարքագծին (ինչ ծախսեր են կատարվել, որոնք կարելի է կրճատել և այլն),
✔ ձեռք բերելու արժեթղթեր առցանց կամ մոբայլ բանկինգի միջոցով,
✔ շահավետ պայմաններով օգտվելու նաև այլ ֆինանսական ծառայություններից։

 - рис.2

Ինչու՞ են մարդիկ նախընտրում վճարել բանկային քարտով

Ներկայումս շատերը նախընտրում են բանկային քարտը՝ որպես վճարումներ կատարելու միջոց, քանի որ այն ունի մի շարք առավելություններ, որոնք բացակայում են կանխիկ գումարի պարագայում: Թվարկենք դրանցից մի քանիսը:

✔ Հարմարավետություն

Քարտով վճարումները հաճախ առավել հարմար են, քանի որ կարիք չկա ամեն անգամ խանութ գնալիս մեծ քանակի գումար ունենալ դրամապանակում: Վճարում կատարելիս Դուք այլևս ստիպված չեք լինում հաշվել կանխիկ գումարը, և նվազում է սխալվելու հավանականությունը: Բացի այդ, եթե ցանկանում եք կատարել առցանց գնումներ, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի քարտը:

✔ Զեղչեր և պարգևներ

Այս կամ այն բանկային քարտի քարտապանը լինելով՝ Դուք կարող եք որոշ խանութներում, հյուրանոցներում և նույնիսկ օդանավակայաններում ստանալ զեղչեր կամ պարգևներ՝ քարտով վճարում կատարելու համար: Պարգևները կարող են լինել կանխիկի վերադարձման (cashback), նվեր քարտերի, լրացուցիչ միավորների կամ այլ նվերների տեսքով:

✔ Անվտանգություն

Քարտի կարևոր առավելություններից մեկը գումարի անվտանգությունն է: Կանխիկը միշտ կարող է գողացվել, վնասվել հրդեհից կամ ջրից, իսկ կորցնելու դեպքում այն այլևս չեք կարողանա գտնել: Գումարը քարտային հաշվում պահելու դեպքում Դուք կխուսափեք բոլոր այս խնդիրներից: Եթե կորցնեք քարտը, կամ այն վնասվի, կարող եք դիմել բանկին՝ նորը ստանալու համար: Իսկ եթե քարտը գողանան, կարող եք առցանց կամ մոբայլ բանկինգի միջոցով, ինչպես նաև ուղղակի բանկին դիմելով՝ արգելափակել քարտը ու թույլ չտալ, որ Ձեր միջոցները գողացվեն։

 - рис.3

Եվ վերջում․․․

Անկանխիկ վճարումներն աստիճանաբար դառնում են մեր առօրյայի մաս, բայց մեզանից շատերը դեռ նախընտրում են կանխիկ դրամը, քանի որ սովոր ենք այն տեսնել և շոշափել։ Չենք թերագնահատում սովորույթի ուժը, բայց եկե՛ք միասին մտածենք։ Պատկերացրե՛ք կանխիկ եղանակով պետք է շտապ մուծեք ուսանողի վարձը, վճարեք բժկին կամ էլ մուծեք կոմունալներդ։ Ստիպված եք ընդմիջման հաշվին դուրս գալ աշխատավայրից, ծանրաբեռնված երթևեկության դժվարությունները հաղթահարելով հասնել տեղ, երկար սպասել հերթի մեջ, հաճախ կորցնել կամ մոռանալ կտրոնը ու նույն դժվարությամբ վերադառնալ։ Ոչ մի դրական հույզ չկա այս փորձառության մեջ։ Այս ամենից պարզ է դառնում, որ ապագան անկանխիկ վճարումների մեջ է։ Հենց մոբայլ բանկինգի միջոցով դուք կխնայեք ժամանակ և նյարդեր, վճարումները կարելի է կատարել մեկ սեղմումով ու մի քանի վայրկյանում և ստանալ բոնուսներ և զեղչեր։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-