«Հանրագիտարան փողի մասին»․ լավ միջոց երեխաներին ֆինանսների մասին պատմելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է: Կարող է թվալ, թե երեխաները կարիք չունեն իմանալու փողի մասին, բայց դա այդպես չէ։ Պարզապես հիշեք խանութ–խանութ խաղը, երբ փողի փոխարեն երեխաներն օգտագործում են կոնֆետի թղթեր կամ խաղալիքներ են փոխանակում։
Բացի խաղերից, երեխաներն իրականում բախվում են փողի հետ վաղ տարիքից, երբ ուզում են գրպանի փող խնայել մանր ծախսերի համար, մայրիկին նվերի գումար հավաքել, կամ գնում են խանութ՝ հաց գնելու և ընկերների հետ գումար են հավաքում գազավորված ըմպելիք և չիպս գնելու համար։
Քանի որ անհնար է և պետք էլ չէ երեխաներին փողից հեռու պահել, անհրաժեշտ է նրանց սովորեցնել ճիշտ վարվել փողի հետ և պատմել, թե ինչ է փողն ու ինչի համար է պետք: Եվ եթե չգիտեք, թե ինչպես երեխայի հետ խոսել այս բարդ թեմայի մասին, դիմեք մասնագետներին՝ «Հանրագիտարան փողի մասին» գրքին։

Ի՞նչ գիրք է
Հանրագիտարանը թարգմանվել է անգլիական հեղինակավոր «Dorling Kindersley» հրատարակչության նույնանուն անգլերեն տարբերակից։ Հանրագիտարանի հեղինակը՝ Կալպանա Ֆիթսպատրիկը, մրցանակակիր լրագրող է՝ ֆինանսական լրագրության ոլորտի մեծ փորձով։ Գրքի ստեղծմանը մասնակցել է նաև խմբագիրների, դիզայներների և նկարիչների մի մեծ խումբ, որոնց շնորհիվ գիրքը ներկայանում է գունագեղ տեսքով և հետաքրքիր բովանդակությամբ։
Ինչի՞ մասին է նա գրում
Գիրքն անդրադառնում է տարատեսակ թեմաների, որոնց օգնությամբ երեխան կարող է սկսել իր ծանոթությունը փողի և ընդհանրապես ֆինանսների աշխարհի հետ: Թեմաների լուսաբանումը տպավորիչ է. առաջին գլխում երեխաներին բացատրվում է, թե ինչ է փողը, խոսվում է դրա պատմության, դերի մասին և այլն:
Երկրորդ ամենակարևոր կետը ֆինանսների կառավարումն է: Երեխաները կկարողանան գործնականում օգտագործել այս գլխում ձեռք բերված գիտելիքները: Հանրագիտարանն անկեղծ է երիտասարդ ընթերցողների հետ. նրանց անմիջապես զգուշացնում է, որ բյուջեի վարումը կարող է բարդ լինել, բայց դա անհրաժեշտ է կայուն ապագա ապահովելու համար։

Գիրքը երիտասարդ ընթերցողներին միայնակ չի թողնում այս բարդ մտքի հետ. դրան հաջորդում են գլուխներ, թե ինչպես տնօրինել փողը, վաստակել, խնայել, կազմել բյուջե, բիզնես բացել և ներդրումներ կատարել։
Երեխաներին պատմում են նաև պարտքերի, վարկերի, ապառիկի և հիփոթեքի մասին: Առանձին զգուշացնում են անվտանգության մասին, բացատրում, թե ինչպես ճանաչել խարդախությունը և չհայտնվել ծուղակում։
Բայց փողը միայն առօրյա ծախս չէ, այն նաև երկրի տնտեսությունն է։ Հանրագիտարանը երեխաներին բացատրում է, թե ինչ է տնտեսությունը, ինչպես է այն ձևավորվում, ինչի վրա է պետությունը փող ծախսում և ինչու է պետք հարկեր վճարել։ Գրքում խոսվում է նաև ֆինանսական ճգնաժամի մասին։
Գրքում կա նաև ֆինանսական տերմինների բառարան և վիկտորինա՝ գիտելիքները ստուգելու համար:

Ո՞րն է Հանրագիտարանի առանձնահատկությունը
Գիրքը գրված է պարզ և հասկանալի լեզվով, այնտեղ չկան մեծ պարբերություններ, մեկ տեքստը բաժանված է փոքր թեզերի: Նման ոճը հեշտացնում է մեծ քանակությամբ տեղեկատվության ներկայացումը` առանց կենտրոնացումը կորցնելու: Տերմինները նկարագրված են մատչելի բառերով և հասկացություններով:
Գրքի առավելություններից են նաև նկարազարդումները։ Բազմաթիվ մանր դետալներ, վառ գույներ, բառերի ամպեր, օրիգինալ կերպարներ։ Գունագեղ էջերը գրավում են երեխաների ուշադրությունը՝ ստիպելով նրանց նայել մանր դետալներին և կարդալ փոքր տեքստերը:

Ու՞մ համար է նախատեսված գիրքը
Չնայած այն հանգամանքին, որ գիրքն ի սկզբանե նախատեսված է մանկական լսարանին, այն օգտակար կլինի նաև մեծահասակների համար: Զուր չէ, որ գրքի տարիքային շեմը 0-ից 99 տարեկանն է։
Ինչո՞վ կարող է հանրագիտարանը հետաքրքրել մեծահասակներին: Գրքում անդրադարձ է կատարվում ֆինանսների մասին ամենաարդիական թեմաներին։ Նրա օգնությամբ կարելի է հիմք դնել այն հարցերում, որոնցից մեծահասակները նոր են սկսում «գլուխ հանել»: Օրինակ՝ կրիպտոարժույթները։ Դուք գիտեի՞ք, որ մայնինգը վնասակար է շրջակա միջավայրի համար: Դա ճիշտ է։ Մայնինգի համար անհրաժեշտ են հզոր համակարգիչներ: Դրանք սպառում են մեծ քանակությամբ էներգիա, որի մեծ մասն առաջանում է հանածո վառելիքի այրման արդյունքում, ինչի հետևանքով շրջակա միջավայրը շատ է աղտոտվում։ Կրիպտոարժույթի այս և այլ առանձնահատկությունների մասին (սահմանում, ձեռքբերման գործընթաց, բլոկչեյնի գործարկում և այլն) կարելի է ծանոթանալ գրքում։
Որտեղի՞ց կարելի է գնել Հանրագիտարանը
Գիրքը հրատարակվել է 3 հազար տպաքանակով, այն կարելի է ձեռք բերել Երևանի և մարզերի գրախանութներից։ Ընդ որում դպրոցներիկ և գրադարանների համար գործում է հանրագիտարանի ձեռք բերման հատուկ զեղչ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

