Աջակցության 22–րդ միջոցառում. կառավարության օժանդակությունը COVID-19–ի պայմաններում
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Օրակարգում հերթական` 22–րդ միջոցառումն է, որը հաստատվել է կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակում։ Իշխանություններն ընդհանուր առմամբ հաստատել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22 միջոցառում։ Դրանց մի մասը վերաբերում է աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), մյուսներն ուղղված են սոցիալական աջակցությանը, ևս մեկ միջոցառում բնապահպանական է։ Հունիսի 4–ի տվյալներով, միջոցառման շահառուներին տրամադրված ընդհանուր գումարը գերազանցել է 100մլրդ դրամը (մոտ 207,3մլն դոլար)։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է աջակցության 22–րդ միջոցառումը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների հրապարակումների շրջանակում։
22–րդ միջոցառում. սոցաջակցություն աշխատանքը կորցրածներին
Այս միջոցառման հաստատումը պայմանավորված է նրանով, որ ապրիլին տնտեսական գործունեության զանգվածային սահմանափակումների պատճառով փակվեց մոտ 70 հազար աշխատատեղ, սակայն մայիսին մոտ 50 հազարը վերականգնվեց կամ վերաբացվեց։ Արդյունքում, մոտ 20 հազար քաղաքացի մնաց գործազուր ու չկարողացավ աշխատանք գտնել։
Նոր միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր աշխատաշուկայում առաջացած բարդ իրավիճակի հետևանքով բախվել են սոցիալական դժվարությունների հետ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Միջոցառման շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել (աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա) գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Ընդ որում կան մի քանի բացառություններ, մասնավորապես, միջոցառումից չեն կարող օգտվել վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական կազմակերպությունների աշխատակիցները: Այն նույնպես չի տարածվում այն աշխատողների վրա, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը, ինչպես նաև նրանց, ովքեր 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել այլ գործատուի հետ:
Միջոցառումից չեն կարող օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ինչպես նաև 20-րդ միջոցառման շահառուները:
Միջոցառման շահառուներին կտրամադրվի միանվագ աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Բոլոր միջոցները կտրամադրվեն անկանխիկ ձևով՝ հերթերից խուսափելու համար:
22-րդ միջոցառման շահառուների ցանկը կազմվել է ՊԵԿ-ի տվյալների հիման վրա:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

