Սեփական դրամական միջոցները առանց ռիսկի պահելու 7 միջոց

21.10.2020, 12:05
Ներկայացնում ենք սեփական դրամական միջոցները խնայելու և բազմապատկելու 7 միջոց
Սեփական դրամական միջոցները առանց ռիսկի պահելու 7 միջոց

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարցին, թե որտեղ պետք է պահել փողը, մեր ընթերցողներից շատերը, հավանաբար, երբեք չեն ասի, որ գուլպայի մեջ պահելը առավել անվտանգ է: Իհարկե, քանի որ բանկում, կամ ներդրումներ կատարելով բաժնետոմսերի կամ պարտատոմսերի մեջ, փողը ոչ միայն հուսալիորեն պաշտպանված է, այլև կարող է լրացուցիչ եկամուտ բերել:

Բայց ինչ անել, եթե չնայած ճգնաժամին՝ դուք ցանկանաք անշարժ գույք կամ առանձնատուն գնել մեր երկրի գեղատեսիլ անկյուններից մեկում կամ մեկնել արտաճանապարհային շրջագայության՝ վերջերս կլորիկ գումարով գնված ձեր բոլորովին նոր ամենագնացով: Չես իմանա, թե համաճարակի պատճառով սահմանափակումներից ուժասպառ եղած քաղաքացիներն էլ ինչ կցանկանան: Հենց այդպիսի դեպքի համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է սեփական դրամական միջոցները խնայելու և բազմապատկելու 7 միջոց:

1. Մի կատարեք չմտածված խոշոր գնումներ

 - рис.1

Անշարժ գույքը միշտ չէ, որ փողի լավ ներդրում է, հատկապես, եթե այն վաճառվում է կասկածելի ցածր գնով: Կարող է այնպես պատահել, որ ճգնաժամից հետո այն էլ ավելի էժանանա, և դուք դառնորեն զղջաք չմտածված քայլի համար: Ճգնաժամի պայմաններում խոշոր գնումները կարող են շահութաբեր լինել միայն այն դեպքում, եթե հնարավորություն կա դրանք ցածր գնով ձեռք բերել, երբ շուկայական գներն արդեն բարձրացել են:

Այս կերպ դուք կարող եք ձեր խնայողությունները զերծ պահել արժեզրկումից: Նման գնումներ կատարելուց առաջ մանրամասն գնահատեք ռիսկերը. գուցե արժե մի պահ սառեցնել սեփական ֆինանսները, մինչև իրավիճակը կարգավորվի: Բայց միանգամայն ակնհայտ է, որ ճգնաժամի պայմաններում չարժե նոր վարկեր վերցնել խոշոր գնումներ կատարելու համար:

2. Փոխեք ձեր սովորությունները

 - рис.2

Խուճապի մի մատնվեք և մի փորձեք ամեն գնով պահպանել սոցիալական կարգավիճակը: Ազատվեք վնասակար սովորություններից։ Դա օգտակար կլինի և՛ առողջությանը, և՛ ընտանեկան բյուջեի: Ծխախոտը, ալկոհոլը, ժամանցը սրճարաններում և կյանքի այլ «ժամանակավոր ուրախությունները» սովորական օրերին էլ որոշակի հարված են հասցնում բյուջեին, իսկ ճգնաժամի օրերին այդ վատնումները դառնում են էլ ավելի զգալի: Վերանայեք ձեր ապրելակեպրը, և դուք հաստատ կհայտնաբերեք ծախսերը «անցավ» կրճատելու մի քանի հնարավորություն, օրինակ, հանգստյան օրերին թանկարժեք շոփինգի փոխարեն նախընտրեք այգում ընտանիքով զբոսնելը: Մյուս կողմից, փորձեք եկամտի լրացուցիչ աղբյուրներ գտնել ոչ պրոֆիլային և տարբեր թեթև աշխատանքների միջոցով:

3. Մի՛ տրվեք վարկային քարտ ձեռք բերելու գայթակղությանը

 - рис.3

Հիմա հաճախ առաջարկվում են վարկային քարտեր՝ մեծ արտոնյալ ժամանակահատվածով, քեշբեքով և այլ գրավիչ առաջարկներով: Սակայն ֆինանսական ճգնաժամը ամենահաջող պահը չէ բարձր տոկոսներով փոխառություն ստանալու համար: Որպես ֆինանսական պահուստ վարկային քարտը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ դուք համոզված եք, որ կարող եք պարտքը վերադարձնել ժամանակին:

4. Համակարգեք սեփական ծախսերը

 - рис.4

Դա վերաբերում է և′ սննդամթերքին, և′ հագուստին, և′ տեխնիկային: Անիմաստ է գնել ամեն ինչ, եթե դրանում սուր անհրաժեշտություն չկա: Եթե այդ ապրանքը ձեզ իսկապես պետք չէ, ապա ոչ մի ակցիաներ, ինչպիսիք են «2-ը՝ 1-ի գնով»: Զեղչեր լինում են միշտ, ուստի գնեք ապրանքներն ըստ անհրաժեշտության և հիշեք, որ ավելորդ իրարանցումը միայն խթանում է գնաճը: Եվ մի բան ևս, չարժե վերավճարել բրենդի և փաթեթավորման համար, գտեք ավելի բյուջետային անալոգներ: 

Ինչ վերաբերում է սննդի ծախսերին, ապա այստեղ պետք է որոշել այն գումարը, որը դուք պատրաստ եք ծախսել մթերք գնելու համար։ Այդ գումարի 2/3–ով գնեք մեկ շաբաթվա մթերք` ձավարեղեն, բանջարեղեն, միս, կարագ, իսկ 1/3–ը բաշխեք մնացած 6 օրվա համար` հացի, կաթնամթերքի համար։ Այդպես դուք կորոշեք ծախսերի ամենօրյա սահմանաչափը։

5. Օպտիմալացրեք անհրաժեշտ ծախսերը

 - рис.5

Ստուգեք վճարովի բաժանորդագրությունները, հեռախոսային հավելվածները, որոնք կարող են ավտոմատ կերպով վատնել ձեր գումար։ Ուսումնասիրեք ծախսերն ու հեռացրեք անպետքները։ Ուսումնասիրեք նաև բջջային կապի, ինտերնետի, կաբելային հեռուստատեսության սակագները։ Հնարավոր է` օպերատորը պատրաստ է առաջարկել ավելի շահավետ տարբերակ։ Կամ փոխեք օպերատորին, եթե գտնեք նույն ծառայություններն ավելի շահավետ պայմաններով։ Կարող եք նաև գումար խնայել նոր օպերատորի կողմից առաջին ամսում տրամադրվող անվճար ծառայությունների շնորհիվ։ Վերլուծեք զանգերի և ինտերնետ տրաֆիկի կարիքները։ Հնարավոր է` դա թույլ տա կրճատել կապի ծախսերը։

6. Փորձեք նվազեցնել պարտքի բեռը 

 - рис.6

Դա հնարավոր է անել վարկի ամսավճարների նվազման հաշվին, եթե վերաֆինանսավորեք և վերակառուցվածքայնացնեք պարտքային պարտավորությունները։ Հիմա կարևոր է կրճատել պարտադիր վճարումների ծախսերը, մինչև սեփական եկամուտների վերականգնումը։

7. Բացառեք տոտալ տնտեսման ռեժիմը 

 - рис.7

Հնարավորինս առողջ կենսակերպ վարեք։ Թեթև մարզանքը, զբոսանքը մաքուր օդին, առողջ սնունդը դրական կազդեն ֆիզիկական և հուզական վիճակի վրա և կօգնեն վերականգնվել։ Մի տնտեսեք կանխարգելիչ միջոցառումների վրա, հիշեք, որ հիվանդությունը բուժելը շատ ավելի թանկ է, քան կանխարգելել այն։ Բացառեք տոտալ տնտեսման ռեժիմը, քանի որ դա կարող է կործանարար ազդել ձեր առողջության վրա և հանգեցնել դեպրեսիայի։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–