Մոբայլ բանկինգ․ ինչի համար է և ինչպես օգտվել
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բոլոր մարդիկ, ովքեր ունեն բանկային քարտեր, կցանկանային հեռավար օգտվել բանկային ծառայություններից: Դա և՛ հարմար է, և՛ արդյունավետ՝ ժամանակ խնայելու առումով: Այս դեպքում կա այնպիսի ծառայություն, ինչպիսին մոբայլ բանկինգն է: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս մոբայլ բանկինգը և ինչպես օգտվել դրանից։
Ի՞նչ է Մոբայլ բանկինգը
Մոբայլ բանկինգը բանկային հաշիվներում (հաշվարկային, դեպոզիտային, վարկային) միջոցները կառավարելու հնարավորություն է բջջային սարքի հատուկ հավելվածի միջոցով: Այսինքն, Մոբայլ բանկինգը ձեր «բանկն է» հեռախոսի մեջ՝ բջջային հավելվածի տեսքով։
Մոբայլ բանկինգից օգտվելու համար պետք է․
– լինել բանկի հաճախորդ
– հեռախոսի մեջ ներբեռնել բանկի հավելվածը,
– գրանցվել ու անցնել նույնականացում՝ անձնական մուտքանունի և գաղտնաբառի միջոցով
– հաստատել գաղտնաբառը հեռահառ նույնականացման միջոցով
Հաճախ նույնականացում իրականացվում է անձնական էլեկտրոնային փոստի կամ հեռախոսահամարի միջոցով։
Գրանցվելուց հետո դուք կկարողանաք կառավարել ձեր դրամական միջոցները: Մոբայլ բանկինգից օգտվելուց առաջ ուշադիր կարդացեք մատուցվող ծառայությունների կանոններն ու պայմանները: Նաև օգտագործեք բարդ գաղտնաբառ՝ հավելված մուտք գործելու համար:

Ի՞նչ կարելի է անել Մոբայլ բանկինգի միջոցով
Մոբայլ բանկինգի միջոցով կարելի է արագ և հեշտ, առանց բանկ այցելելու, կատարել տարբեր գործարքներ։ Օրինակ՝
- վճարել կոմունալները
- փոխանցել գումարմ
- արել վարկը
- ներդնել ու համալրել ավանդ
- հետևել անկանխիկ կատարված ծախսերին, ստանալ քաղվածք և կատարել բազմաթիվ այլ գործարքներ:
Ինչպե՞ս ակտիվացնել հավելվածը
Մոբայլ բանկինգով գործարք անելու համար պետք է ներբեռնել հավելվածը և ակտիվացնել այն։ Ակտիվացնել կարող եք հեռահար կամ բանկ այցելելով։ Ցանկացած դեպքում այն ձեզնից շատ ժամանակ չի խլի, իսկ փոխարենը կունենաք ժամանակակից ու օգտակար բանկային գործիք հենց ձեռքի տակ։
Եթե որոշել եք առցանց, ապա․
- հեռախոսի մեջ ներբեռնե՛ք բանկի հավելվածը,
- գրանցվե՛ք ու անցե՛ք նույնականացումը,
- ընտրե՛ք գաղտնաբառ հավելվածի համար և վերջ:
Բանկ այցելելու դեպքում
- նախապես կամ էլ հենց բանկի մասնաճյուղում ներբեռնե՛ք հավելվածը,
- բանկի աշխատակցի օգնությամբ գրանցվե՛ք, անցե՛ք նույնականացում և ընտրե՛ք գաղտնաբառ:

Ինչպե՞ս բարձրացնել Մոբայլ բանկինգի անվտանգությունը
Մոբայլ բանկինգը ֆինանսական գործարքներ կատարելու արագ ու հեշտ միջոց է, բայց կարևոր է հիշել անվտանգության մասին։ Եթե բանկը հնարավորություն է տալիս, հավելված մուտք գործելիս կիրառեք եռագործոն նույնականացում՝ այսինքն․
- մուտքանուն, գաղտնաբառ, պին,
- հեռախոսին կամ էլ. հասցեին եկած մեկանգամյա կոդ
- մատնահետք կամ face ID:
Եթե չկա եռագործոնի հնարավորություն, կիրառեք գոնե երկուսը։ Դա կդժվարացնի խարդախների գործը, եթե նրանք ցանկանան օգտագործել ձեր մոբայլ բանկինգը։
Ամեն գործարք հաստատելիս մուտքագրեք Google authenticator-ով ստացված մեկանգամյա կոդը։
Եվ իհարկե. ոչ ոքի մի տվեք ձեր նույնականացման քարտի, անձնագրի տվյալները, բանկային քարտը և քարտի տվյալները՝ օրինակ CVV կոդ, PIN կոդ, մեկանգամյա գաղտնաբառ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ և այլն։ Մի՛ փոխանցեք այս տվյալները զանգով, մեսինջերով և էլեկտրոնային նամակով։ Իսկ որեւէ կասկածելի բան նկատելիս անմիջապես կապվե՛ք բանկի հետ։
Մոբայլ բանկինգը կպաշտպանի՞ ֆինանսական խաբեբաներից

Մոբայլ բանկինգը կարող է օգնել խուսափել ֆինանսական խարդախություններից։ Պարբերաբար ստուգեք ձեր բանկային գործարքների պատմությունն ու հաշվի քաղվածքները, տեսեք արած ու ստացած փոխանցումները և վճարումները։ Ոչ արտոնված գործարքներ նկատելիս անմիջապես բլոկավորեք քարտդ, որպեսզի կանխեք ապագա գործարքները։
Կարող եք ակտիվացնել գործարքի տեղեկացման ծանուցումները՝ SMS-ով կամ էլեկտրոնային փոստով և ցանկացած գործարքի ժամանակ կստանաք հաղորդագրություն։ Ոչ արտոնված գործարք տեսնելիս անմիջապես կապվեք բանկի հետ և բլոկավորեք քարտը։
Եթե Ձեր անունով վարկ է ձևակերպվում, դա երևում է ձեր մոբայլ բանկինգում. ավտոմատ ակտիվանում է վարկ բաժինը և գրվում վարկի գումարը։ Եթե վարկ վերցնողը դուք չեք, ու բախվել եք ֆինանսական խարդախության, շտապ դիմեք բանկին և ոստիկանություն։ Եթե վարկի գումարը դեռ չի տրամադրվել, հնարավոր է չեղարկել գործարքը։
Ցանկացած կասկածելի գործարք տեսնելու դեպքում անմիջապես դիմեք բանկին։
Ամփոփում
Մոբայլ բանկինգից օգտվելը շատ է հեշտացնում կյանքը, հատկապես նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով ստիպված են շատ վճարումներ կատարել: Պետք չէ բանկոմատ փնտրել կամ դրամարկղի մոտ հերթ կանգնել։ Այսուհետ ձեր բանկը միշտ ձեր կողքին է:
այս մեդալն ունի նաև հակառակ կողմ։ Այժմ ձեր հեռախոսը պարզապես կապի միջոց չէ, որը կարող եք կորցնել և գնել նորը: Այն ինքնատիպ փաստաթուղթ է, որը ուրիշի ձեռքերում կարող է ձեզ շատ տհաճություններ պատճառել: Դա նշանակում է, որ դուք պետք է պաշտպանեք այն չարտոնված մուտքի առնվազն ամենատարածված տեսակներից:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

