ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հիմա ոչ մի բիզնես իրեն չի կարող թույլ տալ աշխատել առանց վերլուծության: Վեբ վերլուծության ծառայություններն օգնում են թվերը համապատասխանեցնել կարևոր հարցերի պատասխանների հետ: Հաշվետվությունների գործիքները ևս նպաստում են արտադրողականության բարձրացմանը և կարող են մեծ ներդրում ունենալ ձեր ընկերության բիզնեսի ընդհանուր արդյունավետության մեջ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը օրինակներով ցույց կտա, թե ինչու է դա կարևոր:
Օրինակ դուք բացել եք օնլայն խանութ, գործարկել եք կայք և սպասում եք վաճառքների: Բայց ձեզ ասում են, որ ինչ-որ վեբ վերլուծություն է հարկավոր: Ի՞նչ է դա
Վեբ վերլուծությունը վեբ ռեսուրսներն են, որոնք մարկետոլոգներին տրամադրում են տվյալներ կայքի օգտատերերի վարքագծի, մրցակիցների մասին, օգնում են կայքի օպտիմալացման և գովազդային ալիքների հարցում, որպեսզի հնարավոր լինի պարզել հաճախորդի կարիքները և ավելի շատ շահույթ ստանալ: Նման ռեսուրսների օգտագործումը հեշտացնում է կոնտենտ պլանի, գովազդային արշավների և սոցիալական ցանցերում առաջխաղացման ռազմավարության մշակումը:
Ինչու՞ են վեբ վերլուծության ծառայություններն այդքան անհրաժեշտ ժամանակակից բիզնեսին
Ամեն ինչ պարզ է: Տիրապետել տեղեկատվությանը նշանակում է ունենալ և կարողանալ օգտագործել այն: Հենց այդ գործիքների օգնությամբ կարելի է հեշտությամբ ստանալ օգտատիրոջ/ հաճախորդի մասին անհրաժեշտ տեղեկություններ: Մասնավորապես, թե որքան ակտիվ են նրանք կայքում, որքան հաճախ են կատարում թիրախային գործողություն (ավելացնում ապրանք զամբյուղի մեջ), որոնք են թիրախային լսարանի հետաքրքրությունները և այլն:
Ո՞ր ծառայություններն են ամենաարդյունավետը
Վեբ վերլուծության ամենատարածված գործիքներն են Google.Analytics–ը, Яндекс.Метрика–ն, LiveInternet.ru–ն:
Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում միմյանցից և ո՞ր մեկն ավելի հարմար կլինի ձեր բիզնեսին
Google Analytics

Բիզնես–շրջանակներում Analytics-ն անվանում են վերլուծական հաշվետվություններ կազմելու «Աստվածաշունչ»։ Այն Google-ի անվճար ծառայություններից է` վեբ կայքերի այցելուների դետալային վերլուծություն կազմելու համար: Ծառայությունում դուք կարող եք հետևել կայքի հաճախելիությանը, էջում օգտատերերի անցկացրած ժամանակին, իմանալ ընթերցողների աշխարհագրական տվյալները, վերլուծել գովազդի տարբեր ալիքների արդյունավետությունը, ինչպես նաև դիտել թրաֆիկի աղբյուրները, ծառայությունն ունի տասնյակ օգտակար գործիքներ։
Ծառայությունից օգտվելու համար դուք պետք է Google հաշիվ բացեք: Իսկ որպեսզի ծառայությունը սկսի տվյալներ հավաքել ձեր կայքից, պետք է տեղադրեք հաշվիչ: Վերլուծությունը կաշխատի բոլոր էջերում, երբ դուք կայքի կոդում տեղադրեք սկրիպտը:
LiveInternet.ru

Liveinternet–ը վեբ վերլուծության ևս մեկ, այն էլ անվճար ծառայություն է։ Այս գործիքի միջոցով ընկերությունները կարող են հետևել տրաֆիկին, ինչը կնպաստի նախագծերի արդյունավետ առաջխաղացմանը: Ծառայության առանձնահատկություններից է հաճախելիության գնահատումն օրական, շաբաթական և ամսական կտրվածքով: Ծառայությունը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր աշխատում են մեդիա ոլորտում և զբաղվում են խմբագրական վերլուծությամբ:
Ինչպես Google Analytics-ի դեպքում, LiveInternet-ի հետ աշխատանքը սկսելու համար ևս անհրաժեշտ է հաշվիչ տեղադրել: Կայքի կոդում հաշվիչի տեղադրման եղանակը կախված է CMS-ից՝ ձեր կողմից օգտագործվող կայքի կոնտենտի ստեղծման, խմբագրման և կառավարման համար նախատեսված սկրիպտերից։
Yandex.Metrica

Տվյալների հետ աշխատելու շատ տարածված ծառայություն է նաև Yandex.Metrica- ն: Այն ամբողջությամբ անվճար ծառայություն է: Metrica–ն թույլ է տալիս տեսնել կայքի այցելուների բոլոր գործողությունները և դրա մասին հաշվետվություններ մշակել: Ծառայությունը բավականին ունիվերսալ է և հարմար է առցանց խանութների համար: Այն կօգնի ավելի լավ ճանաչել ձեր հաճախորդներին, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ: Ծառայության միջոցով հնարավոր է իմանալ, թե ինչպես են հաճախորդները գալիս կայք, ովքեր են և որտեղից են նրանք, ինչպես են որոնում, ինչ սարքերից են օգտվում և ամենակարևորը `ինչու են հեռանում:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–