ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ակտիվորեն անցում է կատարում անկանխիկ վճարումների համակարգին, և բազմաթիվ քաղաքացիներ արդեն բավականին երկար ժամանակ իրենց նպաստն ու թոշակը ստանում են բանկային քարտերի միջոցով։ Այս իրավիճակում հիմնական խնդիրն այն էր, որ բանկը, որտեղ նրանք ստանում են իրենց վճարումները, փոխելու համար անհրաժեշտ էր ֆիզիկապես այցելել, հերթ կանգնել և դիմում գրել։ Հիմա արդեն այս գործընթացը դյուրացվել է։ «Նովոստի–Արմենիա»–ն կներկայացնի, թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը։
Կարելի՞ է փոխել բանկը՝ տնից դուրս չգալով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներդրած փոփոխությունների համաձայն, այսուհետ հնարավոր է առցանց դիմել բանկ, որի միջոցով քաղաքացիները ստանում են իրենց նպաստներն ու թոշակները։ Այս հնարավորությունից կարող են օգտվել բոլոր քաղաքացիները, որոնք ստանում են կենսաթոշակ, ծերության թոշակ, հաշմանդամության նպաստ և այլն։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է լրացնել
առցանց դիմում։ Առցանց դիմում ներկայացնելուց հետո համակարգն ավտոմատ կերպով կհաստատի այն բանկը, որն ընտրել է թոշակառուն և կուղարկի համապատասխան հաղորդագրություն քաղաքացու էլեկտրոնային փոստին։
Հնարավո՞ր է մերժում ստանալ բանկ փոխելիս
Ձեզ կարող են մերժել բանկ փոխելու կամ նպաստ, կենսաթոշակ ստանալու միջոցի հարցում, եթե դիմում ներկայացնելու օրը կենսաթոշակը ստացել եք կանխիկ, ինչպես նաև այն դեպքում, եթե դիմումի ձևակերպման պահին դադարեցվել է ֆինանսական միջոցների վճարումը։
Նպաստների վճարման կարգը կփոխվի՞
2023 թ․–ի հուլիսի 1–ից ավելի քան հազար բնակչություն ունեցող քաղաքներում և բնակավայրերում (ցանկին կարելի է ծանոթանալ
հետևյալ հղմամբ) ընտանեկան, սոցիալական նպաստները վճարվելու են անկանխիկ։ Դա նշանակում է, որ գրեթե բոլոր նպաստառուները կանցնեն անկանխիկի վճարման։ Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամները և 75 տարեկանից բարձր անձինք։ Այս դեպքում անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որի հիման վրա նրանք հնարավորություն կստանան ստանալ վճարները կանխիկ եղանակով «Հայփոստի» բաժանմունքներում։
Ինչպե՞ս ընտրել բանկ նպաստ կամ թոշակ ստանալու համար
Մինչև հունիսի 30–ը ընտանիքի անդամներից մեկը կարող էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային բաժանմունքում ներկայացնել դիմում վճարի եղանակը փոխելու մասին՝ նշելով ընտրված բանկը։
Եթե նպաստ ստացող ընտանիքները դիմում չեն ներկայացրել և չեն նշել կոնկրետ բանկ, որի միջոցով կցանկանային ստանալ դրամական միջոցները, հուլիսի 1–ից նրանց համար ավտոմատ կերպով կընտրվի վճարման անկանխիկ միջոց։ Միաժամանակ համակարգն ավտոմատ կերպով, պատահական սկզբունքով, կընտրի նաև բանկը, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ նպաստը։ Ինչպես հայտնում են նախարարությունից, եթե նպաստ ստացողը չի ցանկանում միջոցները ստանալ նշված բանկի միջոցով, ապա կարող է հետագայում փոխել այն։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-