ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը (Score), և ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները:
Ինչի՞ համար է հարկավոր ACRA-մոնիթորինգ ծառայությունը
Ցանկանու՞մ եք անմիջապես տեղեկանալ Ձեր վարկային պատմության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: ԱՔՌԱ վարկային բյուրոն առաջարկում է ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը: ԱՔՌԱ մոնիտորինգը հետևում է ձեր վարկային պատմությանը:
Վարկային բյուրոն հավաքում է բոլոր տվյալները, թե երբ և որտեղ եք վարկ վերցրել, երբ և ինչպես եք այն մարել և այլն։ Այս ամբողջ տեղեկատվությունը ձևավորում է ձեր վարկային պատմությունը, որը կարող է լինել լավ կամ վատ՝ կախված ձեր ֆինանսական սովորություններից: Օրինակ, եթե վարկեր եք վերցրել և միշտ ժամանակին կատարել եք բոլոր վճարումները, ապա ձեր վարկային պատմությունը հիանալի կլինի: Իսկ հաջորդ անգամ վարկ ստանալու համար ֆինանսական հաստատություններն անպայման հաշվի կառնեն այս փաստը։ Եթե վարկ եք վերցնում, բայց ուշացնում եք վճարումները, անընդհատ տուգանվում եք պարտավորությունները չկատարելու համար, ապա ձեր վարկային միավորը նվազում է։ Հետևաբար, հնարավոր է, որ վարկի համար ևս մեկ անգամ դիմելիս ձեզ մերժեն։
Ո՞րն է մոնիթորինգի օգուտը
ACRA-մոնիթորինգը հետևում է ձեր վարկային պատմության բոլոր փոփոխություններին և վերահսկում տեղեկատվության ճշգրտությունը: Հավաքում է տվյալներ բոլոր պարտատերերի մասին և թույլ է տալիս բանկերին, վարկային կազմակերպություններին, ֆիզիկական անձանց մոնիտորինգի ենթարկել իրենց վարկառուներին: Վարկերի, դրանց մարման գործընթացի մասին հավաքված տեղեկատվությունը տրամադրվում է միայն լիցենզավորված ֆինանսական հաստատություններին: Ուրիշ ոչ ոք չի կարողանա հասանելիություն ստանալ այս տվյալներին: Միաժամանակ, դուք ինքներդ կարող եք էլեկտրոնային կամ SMS հաղորդագրությունների միջոցով ծանուցումներ ստանալ ձեր վարկային պատմության փոփոխությունների մասին (ծառայությունը վճարովի է, մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում): Մասնավորապես, կարելի է տեղեկատվություն ստանալ վարկերի ընդհանուր քանակի (և ակտիվ, և մարված), վարկի մայր գումարի մնացորդի, ժամկետանց վարկերի մնացորդի, վերջին մեկ տարվա ընթացքում ձեր տվյալների հարցումների քանակի մասին։ Ունենալով այս տվյալները՝ դուք միշտ կկարողանաք ժամանակին արձագանքել բացասական փոփոխություններին՝ կանխելով ձեր վարկային վարկանիշի անկումը և արագ արձագանքել համակարգի հնարավոր սխալ տվյալներին: Դա նաև կպաշտպանի ձեզ խաբեբաներից, եթե նրանք փորձեն ձեր անունով վարկ վերցնել: Այս դեպքում դուք անմիջապես ծանուցում կստանաք ձեր վերաբերյալ հարցման մասին և կկարողանաք ժամանակին սառեցնել ընթացակարգը:
Ինչպե՞ս լավացնել վարկային վարկանիշը
Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ առաջարկներ ձեր վարկային վարկանիշը բարելավելու համար: Մասնավորապես, առաջարկվում է առանձին վճարի դիմաց փոփոխություններ կատարել համակարգում կամ մաքրել ձեր վարկային պատմությունը։ Պետք չէ հավատալ նման առաջարկներին։ Սրանք, ամենայն հավանականությամբ, խաբեբաներ են, քանի որ ոչ ոք չունի հասանելիություն նման տեղեկատվությունը փոխելու կամ զրոյացնելու համար: Վարկանիշը կարելի է բարելավվել միայն պարտավորությունների բարեխիղճ մարմամբ և ուրիշ ոչինչ։ Եթե ձեր վարկային պատմությունն, ամեն դեպքում, վատացել է, ապա այն պետք է վերականգնել միայն օրինական ճանապարհով։ Օրինակ, եթե վարկային պատմությունը վնասվել է բանկի սխալի պատճառով (տեխնիկական կամ մարդկային գործոն), ապա պետք է դիմել բանկին կամ ACRA վարկային բյուրոյին և տրամադրել համապատասխան անդորրագրերը կամ վճարման տվյալները: Այս դեպքում բանկն ինքն արագ կուղղի սխալը: Եթե վատ վարկային պատմության մեղավորը քաղաքացին է վճարումների ուշացման պատճառով, ապա այն բարելավելու միայն մեկ ճանապարհ կա՝ ներգրավել նոր, հնարավոր է փոքր վարկ և բարեխղճորեն կատարել բոլոր վճարումները։ Անհրաժեշտ է նաև մարել բոլոր առկա պարտքերը։
Ի՞նչ է վարկային սքորինգը
Վարկային սքորինգը հաճախորդների վարկունակության գնահատման համակարգ է, որը ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս արագ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ: Այսինքն իմանալ, արդյոք նա բարեխիղճ վարկառուէ և որքանով է ժամանակին մարում իր պարտքերը։ Փաստորեն, բանկը, ձեզ վարկ տալով, կողմնորոշվում է այս ցուցանիշներով։ Եթե երբեք վարկ չեք վերցրել, ուրեմն գնահատական չեք ունենա։ Թեև եթե այն ձեզ անհրաժեշտ է վարկ վերցնելու համար, կարող եք վերցնել փոքր վարկ և ժամանակին մարել այն՝ դրանով իսկ ձևավորելով ձեր դրական վարկային պատմությունը։ Որքան բարձր է ձեր միավորը սքորինգային համակարգում, այնքան ավելի լավ է, և դուք կարող եք դա իմանալ ACRA վարկային բյուրոյում: Բարձր վարկային սքորինգը կարող է հեշտացնել ձեզ համար խոշոր վարկ ստանալը, օրինակ՝ հիփոթեքը, ինչպես նաև ազդել ձեր անհատական տոկոսադրույքի վրա: Դա նշանակում է, որ եթե բանկը վարկ է տրամադրում, օրինակ, 13-15% տոկոսադրույքով, ապա լավ վարկային պատմության դեպքում դուք կկարողանաք վարկ վերցնել 13% տոկոսադրույքով, իսկ միջինի դեպքում ձեր. տոկոսադրույքը կբարձրանա մինչև 15% (եթե պատմությունը վատ է, ձեզ ընդհանրապես վարկ չեն տրամադրի):
Ի՞նչն է ազդում գնահատականի վրա
Սքորինգի հաշվարկման մանրամասներն առևտրային գաղտնիք է, բայց կարելի է ասել, որ դրանց վրա ազդում է մի քանի գործոն, ինչպիսիք են վարկի մարման ժամկետները: Եթե բոլոր վճարումները կատարել եք ժամանակին և ամբողջությամբ, ապա ավելի բարձր միավորներ կստանաք, իսկ եթե ուշացումներով, ապա դրանք կնվազեն։ Հաշվի է առնվում նաև նոր վարկի համար դիմելու հայտերի քանակը, եթե դրանք շատ են, ապա հաճախորդը խնդիրներ ունի վարկ ստանալու հարցում և միավորը նվազում է։ Հետևաբար, բոլոր վարկերի համար միանգամից դիմելուց առաջ ավելի լավ է նախապես ծանոթանալ դրանց պայմաններին և տեսնել՝ արդյոք ձեր տվյալները համապատասխանում են այդ վարկի տրամադրման պայմաններին: Իսկ եթե գնման համար կարողանում եք վճարել ձեր խնայողություններից, ապա ավելի լավ է ընդհանրապես վարկ չվերցնեք։ Կարևոր է նաև վարկի չափը. եթե դուք արդեն ունեք մեծ ֆինանսական պարտավորություններ, ապա նորերը ներգրավելը կավելացնի ձեր ֆինանսական բեռը և այն մարելու հնարավորությունը: Եվ որպես հետևանք՝ ձեր վարկային միավորը կնվազի: Ուստի ավելի լավ է վարկեր վերցնել այնպիսի ծավալով, որ դրանց ամսական մարումը չգերազանցի ձեր զուտ ամսական եկամտի 30-50%-ը։ Գնահատման վրա կարող է բացասաբար ազդել նաև գույքով ապահովված մի քանի վարկերի առկայությունը (ոսկի, անշարժ գույք և այլն): Հնարավորության դեպքում ավելի լավ է վերցնել անգրավ վարկ կամ ստանալ վարկային գիծ աշխատավարձի երաշխիքի դիմաց: Դրական գործոնի որակի վրա ազդում է նաև ձեր վարկային պատմության տևողությունը, որքան երկար լինի, այնքան լավ, բայց, իհարկե, այն պայմանով, որ բոլոր պարտավորությունները կատարվեն ժամանակին և բարեխիղճ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-