ՀՀ-ում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն միայն անկանխիկ. պատմում ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու

22.06.2022, 11:03
ՀՀ-ում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն միայն անկանխիկ. պատմում ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու
ՀՀ-ում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն միայն անկանխիկ. պատմում ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆինանսական կազմակերպություններն ու ընկերություններն անցում կկատարեն 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ վճարման:

«Անկանխիկ գործառնությունների մասին» համապատասխան օրենքը, ինչպես նաև մի շարք հարակից օրենքներում նախատեսված լրացումները, որոնք ընդունվել են այս տարվա հունվարի 18-ին, ուժի մեջ կմտնեն 2022թ.-ի հուլիսի 1-ից:

Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող և 300 հազար դրամը (մոտ 700 դոլար) գերազանցող ցանկացած գործառնություն և գործարք պետք է իրականացվի անկանխիկ:

Միաժամանակ սկզբնական փուլում օրենքն այս տարի ուժի մեջ կմտնի Երևանում, 2023թ.-ին՝ մարզկենտրոններում, իսկ 2024թ.-ին՝ Հայաստանի ամբողջ տարածքում:

 - рис.1

Օրենքի գործողության ոլորտները

Օրենքը տարածվում է պետական ծառայության, առողջապահության և կրթության համակարգի, ինչպես նաև նոտարական/իրավաբանական գրասենյակների վրա: Արդյունքում ապրանքների և ծառայությունների (բժշկական, իրավաբանական) դիմաց վճարումը, ունեցվածքի օտարումը (այդ թվում՝ անշարժ գույքի, ավտոմեքենաների), աշխատավարձը պետք է իրականացվեն անկանխիկ:

Իսկ շուկայի մասնակիցները պատրա՞ստ են

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, բանկերն ու մնացած ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև պետական գերատեսչություններն ու տնտեսվարող սուբյեկտները պատրաստ են անցնել գործարքների անկանխիկ վճարման: Իրավական մասով բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, այդ թվում՝ իրականացվել է POS տերմինալների և վճարման հետ կապված մյուս սարքավորումների սերտիֆիկացումը:

Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները կարող են իրենց հսկիչ դրամարկղային մեքենաներում (ՀԴՄ) ակտիվացնել անկանխիկ վճարում ընդունելու ֆունկցիան: Դա կարելի է անել առցանց՝ Պետեկամուտների կոմիտեի կայքում:

 - рис.2

Հարմարավետություն և անվտանգություն

Այս օրենքի կիրառումը կդյուրացնի քաղաքացիների կյանքը: Այսպես, քաղաքացիները ստիպված չեն լինի իրենց հետ մեծ գումար ունենալ: Իսկ քարտը կորցնելու կամ այն գողանալու դեպքում քաղաքացիները չեն կորցնի իրենց գումարը, նրանք պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ արգելափակեն քարտը, դիմեն բանկ՝ այն վերականգնելու համար:

Որոշ մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորվել, նրանք մտածում են, թե անկանխիկ վճարումը հանգեցնում է լրացուցիչ միջնորդավճարների: Հակառակը, Հայաստանի բազմաթիվ բանկեր և առևտրային կազմակերպություններ ակտիվորեն կիրառում են քեշբեքի (քարտապանի հաշվին վերադարձվում է տոկոս ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված գումարից) ծրագրեր:

 - рис.3

Վերահսկող գործառույթներ

Օրենքի իրագործման վերահսկողությունը ստանձնում են երեք գերատեսչությունները.

- Հայաստանի պետեկամուտների կոմիտեն – տնտեսվարողների նկատմամբ
- Կենտրոնական բանկը՝ իր կողմից լիցենզավորված կազմակերպությունների նկատմամբ (բանկեր, ապահովագրական ընկերություններ, գրավատներ)
- Աշխատանքի տեսչական մարմին – աշխատանքային փոխհարաբերությունների հարցում

Պատժամիջոցներ

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ԱԺ-ն հաստատել է 2022թ.-ի հունիսի 9-ին: Դրանց համաձայն, 300 հազար դրամը գերազանցող գումարը կանխիկով վճարելու դեպքում գործարքը համարվում է չեղյալ:

Միաժամանակ կողմերը կարող են 10 օրում դիմել դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար: Եվ եթե դատավորն ընդունի համապատասխան որոշում, ապա մյուս կողմը պարտավոր է ամբողջությամբ վերադարձնել գումարը կամ փոխհատուցել ունեցվածքի արժեքը:

Օրենքով նախատեսվում է, որ Հայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի իրականացնել անկանխիկ վճարումներ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-