Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ

27.09.2023, 13:25
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
  Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։

1. Երբեք մի տրամադրեք ձեր անձնական տվյալները

Հիմնական միջոցը, որով խաբեբաները փորձում են գումար գողանալ, անձնական տվյալների հասանելիությունն է: Եթե նամակ, զանգ կամ հաղորդագրություն եք ստացել իբր հայկական որևէ պաշտոնական կազմակերպությունից, որը խնդրում է հաստատել ձեր տվյալները կամ տրամադրել բանկային քարտի PIN կոդը, ապա զգույշ եղեք, նրանք կարող են խաբեբաներ լինել: Երբեք մի տրամադրեք ձեր գաղտնաբառերը, PIN-երը, բանկային քարտի համարները կամ անձնական նույնականացման տվյալները հեռախոսով, SMS-ով կամ էլ.փոստով: Լեգիտիմ կազմակերպությունները երբեք հեռախոսով նման տեղեկատվություն չեն պահանջի։

 - рис.1

2. Զգուշացեք չափազանց լավ առաջարկներից

Եթե ինչ-որ բան չափազանց լավ է թվում ճշմարիտ լինելու համար, հավանաբար դա այդպես չէ: Օրինակ, եթե ձեզ առաջարկում են թանկարժեք ապրանք գնել ընդամենը 1 դոլարով, ապա սա միանշանակ խաբեություն է, անհնար է, օրինակ, այդ գնով լավ սմարթֆոն գնել։ Միշտ ստուգեք վաճառողին, համոզվեք, որ նա լավ համբավ ունի և մանրակրկիտ ուսումնասիրեք առաջարկը նախքան գնում կատարելը: Սա վերաբերում է նաև «երաշխավորված շահույթի» խոստումով ապրանքներ կամ ներդրումներ գնելու առաջարկներին։ Ուշադիր ուսումնասիրեք առաջարկները և ստուգեք տեղեկատվության ճշգրտությունը։

3. Զգույշ եղեք շահումի մասին նամակների հարցում

Եթե հաղորդագրություն եք ստանում, որ մեծ գումար եք շահել վիճակախաղում, որին չեք մասնակցել, զգոն եղեք։ Սա կարող է լինել խաբեբաների կողմից ձեր վստահությունը շահելու փորձ: Երբեք մի ուղարկեք անձնական կամ բանկային տվյալների նման հաղորդագրությունների միջոցով: Նման դեպքերի մասին հայտնեք անվտանգության ծառայությանը կամ ոստիկանությանը:

 - рис.2

4. Մի վճարեք ծանրոցի համար, որը չեք պատվիրել

Եթե փոստային ծառայությունից հաղորդագրություն եք ստանում փաթեթի մասին, զգույշ եղեք: Նախ, ստուգեք, թե իսկապես ունեք չվճարված ծանրոց և անմիջապես կապվեք փոստային օպերատորի հետ՝ տեղեկատվությունը հաստատելու համար: Խարդախները կարող են ուղարկել ծանրոցների մասին կեղծ ծանուցումներ՝ ձեր գումարը գողանալու համար: Նախքան գումար փոխանցելը, համոզվեք, որ ուղարկողի կամ տեղեկատվության աղբյուրը իսկապես վստահելի է: Նախ ստուգեք ընկերությունների կամ կազմակերպությունների պաշտոնական կայքերը:

5. Զգուշացեք բանկերի կեղծ զանգերից

Խարդախները կարող են ներկայանալ որպես բանկի աշխատակիցներ և խնդրել ձեզ տրամադրել անձնական տեղեկություններ, ինչպիսիք են գաղտնաբառերը կամ PIN-ները: Հիշեք, որ բանկը երբեք նման տվյալներ չի պահանջի հեռախոսով կամ էլփոստով: Եթե այս խնդրանքով զանգ եք ստանում, ավարտեք զանգը և անմիջապես կապվեք ձեր բանկի հետ՝ հաստատելու համար: Եթե այդ պահին գտնվում եք Հայաստանից դուրս, ապա միշտ կարող եք կապվել բանկի օպերատորի հետ բանկի պաշտոնական կայքի միջոցով և համոզվել, որ ձեր ստացած զանգն իսկապես եղել է նրա աշխատակիցների կողմից:

 - рис.3

6. Զգոն եղեք՝ ներդրումներ կատարելիս

Եթե ձեզ առաջարկվում է գումար ներդնել որևէ նախագծում կամ ընկերությունում, միշտ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարեք: Ներդրումը կարող է շահավետ լինել, բայց այն նաև ռիսկեր է պարունակում: Նախքան գումար ներդնելը, համոզվեք, որ ընկերությունը լիցենզավորված է և լավ համբավ ունի: Մի հավատացեք «ակնթարթային հարստության» խոստումներին՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրության: Իրական ֆինանսական հաստատությունները երբեք չեն խոստանա ակնթարթային հարստություն և աստղաբաշխական շահույթ: Թող եկամուտը զգալիորեն փոքր լինի, բայց դուք հաստատ կիմանաք, որ ձեր միջոցները հուսալիորեն պաշտպանված են: Ստուգեք, արդյոք ընկերությունը լիցենզիաներ ունի, ուսումնասիրեք նրա ֆինանսական կայունությունը և հեղինակությունը:

7. Ստուգեք կազմակերպությունները նվիրատվություն կատարելուց առաջ

Եթե դուք ստանում եք բարեգործական հիմնադրամին նվիրատվություն կատարելու կամ մարդկանց օգնելու խնդրանք, ովքեր տուժել են հիվանդությունից կամ այլ հանգամանքներից, միշտ ստուգեք կազմակերպության իսկությունը և համոզվեք, որ այն ունի միջոցներ հավաքելու իրավունք: Հայաստանում կան բարեգործական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենքներ և նորմեր, և դուք կարող եք ստուգել դրանց կարգավիճակը համապատսխան կայքերում:

 - рис.4

8. Գնումներ կատարեք միայն պաշտոնական կայքերում և հուսալի համակարգերի միջոցով

Առցանց գնումներ կատարելիս կամ գումար փոխանցելիս միշտ օգտվեք հայտնի և հուսալի վճարային համակարգերից: Ստուգեք, որ կայքը, որտեղ վճարում եք կատարում, պաշտպանված է HTTPS պրոտոկոլով և ունի անվտանգության ակտուալ սերտիֆիկատներ: Մի տրամադրեք ձեր բանկային քարտի կամ հաշվի տեղեկությունները ոչ վստահելի կայքերում: Վճարում կատարելուց առաջ համոզվեք, որ գտնվում եք խանութի կամ ծառայության պաշտոնական կայքում։

9. Ստուգեք ընկերների խնդրանքները

Ֆինանսական օգնության խնդրա՞նք եք ստացել ծանոթից կամ բարեկամից: Նախքան գումար ուղարկելը, կապվեք նրանց հետ հաղորդակցման այլ ուղիներով, որպեսզի համոզվեք, որ նա իսկապես ձեր ընկերն է և իսկապես օգնության կարիք ունի: Խարդախները կարող են կեղծել ընկերների հաղորդագրությունները:

10. Զգույշ եղեք՝ ինտերնետում որևէ բան բեռնելիս կամ կցված ֆայլ բացելիս

Մի բացեք կամ ներբեռնեք կցված ֆայլերը էլ. նամակներից կամ կասկածելի կայքերից, հատկապես, եթե նման ֆայլեր չեք սպասում: Խարդախները կարող են ուղարկել վնասակար ծրագրեր կամ ֆիշինգային հղումներ՝ ձեր տվյալներին և սարքերին հասանելիություն ստանալու համար:

Ֆինանսական կրթվածությունն ու զգոնությունը ձեր լավագույն դաշնակիցն են էլեկտրոնային խարդախների դեմ պայքարում: Եղեք զգույշ, հետևեք պարզ կանոններին և օգնեք ձեր մտերիմներին նույնպես տեղյակ լինել սպառնալիքների մասին: Սա կօգնի ձեզ խուսափել գումար կորցնելուց և պաշտպանել ֆինանսական միջոցները:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-