Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից

15.09.2023, 10:37
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուորեն Բաֆեթը իրավամբ համարվում է ներդրումների գուրու: Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 118 միլիարդ դոլար, ինչը նրան թույլ է տվեն զբաղեցնել 5-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ Իլոն Մասկից, Ջեֆ Բեզոսից, Բիլ Գեյթսից և Բեռնար Առնոյից հետո։ Լինելով ֆոնդային շուկայի իրական գուրու`Բաֆեթը ներկայացրել է մի շարք խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է հարստանալ: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է ընթերցողներին ներկայացնել նրա խորհուրդներից մի քանիսը։

1. Երազում եք հարստանա՞լ, ներդրում կատարեք ձեր անձի մեջ

Մարդիկ ցանկանում են հարստանալ, բայց չեն հասկանում, որ պետք է սկսել սեփական անձից։ Առաջին հերթին պետք է ներդրում կատարել սեփական անձի մեջ, ինքնազարգանալ, կատարելագործել սեփական հմտությունները, ընդ որում` անընդհատ` աշխատաշուկայում պահանջված և մրցունակ լինելու համար։

2. Շփվեք լավագույն մարդկանց հետ

Շփվեք պրոֆեսիոնալ և նպատակասլաց մարդկանց հետ։ Սովորեք նրանցից, վերցրեք նրանց փորձը, այս ամենը կավելացնի հաջողության հասնելու ձեր շանսերը։ Եվ բոլորովին կարևոր չէ, թե որ ոլորտում եք պատրաստվում բիզնես սկսել, որտեղ եք կիրառելու սեփական գիտելիքները։

 - рис.1

3. Փողը մի պահեք ներքնակի տակ

Ուորեն Բաֆեթի կարծիքով, վատագույն ակտիվը փողի առկայությունն է։ Փողը ֆինանսական աշխարհում ժամկետային դեպոզիտներն են, պետական պարտատոմսերը և դրամային շուկայի այլ գործիքներ։ Այդ պատճառով, ինչպես կարծում է Բաֆեթը, եթե մարդն ուզում է հարստանալ, ապա նրա կապիտալը պետք է եկամուտ բերի, այլ ոչ թե մնա որպես «մեռած բեռ ներքնակի տակ»։

4. Ուսումնասիրեք ընկերությունները նրանց մեջ ներդրումներ կատարելուց առաջ

Եթե որոշել եք ներդրում կատարել, ընտրեք թափանցիկ ընկերություններ, որոնք հստակ հետևում են իրենց բիզնես ռազմավարությանը։ Բայց նախ ուսումնասիրեք սպառողների պահանջարկը, արտադրանքի որակը և ամբողջական պատկերացում կազմեք ընկերության հեռանկարների մասին։ Եթե ընկերությունը բավականին երկար է աշխատում շուկայում և թրենդային է, ապա ներդրում կատարելու դեպքում ձեր ռիսկերը քիչ են։

5. Ողջ գումարը միևնույն տեղ մի ներդրեք

Ոչ ոք չի կարող 100%–անոց երաշխիքներ տալ ձեր ներդրումների համար։ Այդ պատճառով դիվերսիֆիկացրեք ներդրումները տարբեր ակցիաների կամ պրոդուկտների, այդ կերպ կնվազեցնեք կորուստի ռիսկերը։ Եվ եթե մի շուկայում ստեղծվի անբարենպաստ իրավիճակ ձեր ներդրումների համար, ապա մյուս շուկաներում, որոնք կապված չեն այս մի շուկայի հետ, նման բան կարող է տեղի չունենալ, և այնտեղ ձեր ներդրումները կարող են դրական արդյուն գրանցել։

 - рис.2

6. Երբեք ներդրում մի կատարեք մի բիզնեսում, որից «գլուխ չեք հանում»

Եթե դուք «գլուխ չեք հանում» ընկերության պարտատոմսերի առուվաճառքից, բայց հասկանում ենք անշարժ գույքի ներդրումներից, ապա զբաղվեք հենց այդ գործով։ Միշտ մնացեք այն ֆինանսական ակտիվում, որից ավելի լավ եք հասկանում և որը ձեզ գումար աշխատելու հնարավորություն է տալիս։

7. Եղեք համբերատար

Եղեք համբերատար` ներդրում կատարելիս։ Բաֆեթը պնդում է, որ եթե դուք ուզում եք դառնալ ինչ–որ բաժնետոմսի սեփականատեր 10 տարով, նույնիսկ մի մտածեք այն մասին, որ կարող եք գնել այն 10 րոպեով։ Օրինակ, ակտիվների կառավարման գծով բազմաթիվ խորհրդատուներ խորհուրդ են տալիս ներդրում կատարել ֆոնդային շուկայում առնվազն 4–5 տարով։

8. Վնասների երաշխիքներ գոյություն չունեն

Մարդիկ դժվար են համակերպվում այն մտքի հետ, որ վնասներն անխուսափելի են։ Բայց պետք է հիշել, որ նույնիսկ ամենափորձառու և խոշոր ներդրողներն երաշխավորված չեն ֆինանսական կորուստներից։ Սակայն հաջռղության երաշխիքը թրեյդինգում այն է, որ անհրաժեշտ է ժամանակին սկսել նոր գործարքներ, երբ սկսում ես հասկանալ, որ դրանք շահույթ են բերում։

 - рис.3

9. Մի փորձեք կանխատեսել շուկայի վարքագիծը

Ֆոնդային շուկայում շատ բաժնետոմսեր կան, հետևաբար պետք չէ սպասել կատարյալ պայմանների։ Ավելի լավ է թույլ տալ, որպեսզի ներդրումային հնարավորություններն առաջանան ինքնըստինքյան, պետք չէ մշտական կանխատեսումներ անել։ Երբեմն այնպես է լինում, որ խրվելով խորը կանխատեսումների մեջ` բաց ես թողնում գումար աշխատելու հնարավորությունը։

10. Անտեսեք ընթացիկ միտումները

Բաֆեթը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, որն առաջացել է շուկայի տատանումների հետևանքով։ Ամենամեծ հաջողություններն ինչպես առևտրում, այնպես էլ ներդրումների աշխարհում տեղի են ունենում հանկարծակի, կտրուկ տեղաշարժերի ժամանակ, երբ դրանք բոլորովին անսպասելի են։ Հետևաբար սովորեք ուշադրություն չդարձնել ընթացիկ իրադարձություններին, ԶԼՄ–ներին և միտումներին։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-