Ամանորի նախաշեմին առանց վարկ մնալու 5 պատճառ և ոչ միայն

17.12.2019, 12:31
Ներկայացնում ենք այն կետերը, որոնց պատճառով բանկերը կարող են մերժել ու չտրամադրել վարկ
Ամանորի նախաշեմին առանց վարկ մնալու 5 պատճառ և ոչ միայն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամանորի նախաշեմին միջին վիճակագրական քաղաքացու մոտ վարկ վերցնելու մեծ գայթակղություն է առաջանում` վաղուց երազած իրը գնելու համար։ Նման ցանկություն ունենում են գրեթե բոլորը, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարեվերջին բազմաթիվ բանկեր հայտարարում են նախատոնական ակցիաներ` բավականին գայթակղիչ պայմաններով։ Դժվար է միանշանակ ասել` արդյոք արժե՞ վարկ ձևակերպել մինչև տոները, բացի այդ ոչ բոլոր ցանկացողները կարող են վարկ ստանալ։ Լինում են դեպքեր, երբ բանկերն ու վարկային կազմակերպությունները մերժում են ու չեն տրամադրում վարկ։ Հասկանալով Ամանորի նախաշեմին մտերիմներին ուրախացնելու բուռն ցանկությունը` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այն կետերը, որոնց պատճառով բանկերը կարող են մերժել ու չտրամադրել վարկ։

 - рис.1

1. Բացասական վարկային պատմությունը բանկերի մերժման գլխավոր պատճառներից է։ Հայասստանում բոլոր վարկային պատմությունները պահվում են ACRA վարկային բյուրոյի բազայում։ Վարկային պատմության մեջ ներկայացված են բոլոր փոխառությունները, որոնք մարդը երբևէ վերցրել է` ումից, որքան գումար և ինչ ժամկետով, պատմության մեջ նշվում են նաև վարկային վճարների ուշացումները։ Վարկային պատմության մեջ ներառված են նաև փոխառություններ տրամադրելու հայտերը։ Եթե պարտքի գծով կայացվել է դատական որոշում, ապա այն ևս կհայտնվի վարկային պատմության մեջ։ 

Կարևոր է իմանալ, որ փոխառուի վարկային պատմությանը ծանոթանալու համար բանկը պետք է ստանա նրա համաձայնությունը։ 

Եթե պոտենցիալ փոխառուի վարկային պատմությունն ուսումնասիրելիս բանկը հայտնաբերի գործող վարկերի մասով ուշացումներ, որոնք տևել են ավելի քան մեկ ամիս, ապա դա վկայում է այն մասին, որ հաճախորդն այնքան էլ պատասխանատու չէ, և նրան, ամենայն հավանականությամբ, վարկ չի տրամադրվի։ 

Ցավոք, ձեզ վարկ չեն տա, եթե ձեր պատմության մեջ նշված է սնանկության մասին։ Ոչ մի բանկ ռիսկի չի գնա և վարկ չի տա մի մարդու, ով արդեն մեկ անգամ դուրս է գրել իր պարտքերը։ Հարկ է նշել, որ ցանկացած ֆինանսական կազմակերպություն ունի իր պահանջները վարկային պատմության հարցում։ Բացի այդ, վարկային պատմության նկատմամբ պահանջները կախված են նաև վարկի տեսակից։ Միանշանակ չէ նաև բանկերի վերաբերմունքը վարկային պատմության բացակայության դեպքում, այսինքն, երբ պոտենցիալ վարկառուն առաջին անգամ է դիմում վարկի։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է` չկան վարկեր, հետևաբար` չկան ուշացումներ։ Այդուհանդերձ, որոշ բանկեր նման դեպքերում մերժում են վարկ տրամադրել` կարծելով, որ վարկային պատմության բացակայությունը հենց բացասական վարկային պատմությունն է, քանի որ բանկը վստահ չէ վարկառուի հարցում և չի կարող գնահատել ռիսկերը։ Մյուս բանկերն օգտագործում են այսպես կոչված սոցիո–ժողովրդագրական սքորինգը` համեմատելով պոտենցիալ փոխառուին իր այլ հաճախորդների հետ և հաշվի առնելով նրան նման փոխառուների վարքը` որոշում է, թե որքան պատասխանատու է նա։

 - рис.2 

2. Վճարունակության անբավարար մակարդակը վարկի տրամադրումը մերժելու երկրորդ հիմնական պատճառն է։ Վճարունակությունը որոշվում է պոտենցիալ վարկառուի ծախսերի և եկամուտների տոկոսային հարաբերակցությամբ։ Յուրաքանչյուր բանկն ինքն է որոշում վճարունակության ընդունելի մակարդակը։ Կան վարկի այնպիսի տեսակներ, որոնցով թույլատրելի է եկամուտների նկատմամբ ծախսերի մինչև 60%–ի հարաբերակցություն, իսկ ընդհանուր առմամբ հարաբերակցությունը կազմում է միջինը 45%-50%, երբեմն լինում է նաև 30%։ Վճարունակության թույլատրելի մակարդակը տատանվում է և կախված է վարկի տեսակից և վարկառուի եկամուտներից։ 

Սակայն կան բանկեր, որոնք չեն մերժում վարկառուին, ում եկամուտը սահմանված մակարդակից քիչ է։ Նման դեպքերում նվազում է վարկի գումարը` հասնելով այն մակարդակի, որը վարկառուն կարող է վճարել։ 

Անձնական ֆինանսների գծով փորձագետները խորհուրդ են տալիս առաջնորդվել եկամուտների բաշխման կանոններով` 50/20/30, ըստ որի եկամուտների 50%–ը պետք է հատկացնել անհրաժեշտ բոլոր ծախսերին (վարկեր, վարձակալություն, կոմունալ ծառայություններ, տրանսպորտ, սննդամթերք և այլն), 20%–ը` կուտակել, մնացած 30%–ը պետք է ծախսել` ըստ հայեցողության։ Եթե վարկառուն հետևի այս կանոնին, վարկ ստանալու հավանականությունը կմեծանա։

 - рис.3 

3. Վարկի տրամադրումը կարող է մերժվել, եթե վարկառուն կեղծ տեղեկատվություն է տրամադրում իր, եկամուտների, դրանց աղբյուրի, հուսալիության և այլնի մասին։ Բացի վարկային պատմությունից, բանկերը լրջորեն ստուգում են պոտենցիալ հաճախորդին (հատկապես եթե նա առաջին անգամ է դիմել), նրա վճարունակությունը, եկամտի բոլոր աղբյուրները, այդ թվում` աշխատավարձը, ֆրիլանսից ստացած եկամուտը, անշարժ գույքի վարձակալությունից ստացած գումարը, պասիվ եկամտի այլ աղբյուրները։

Վարկառուի վճարունակության գնահատման գործում կարևոր դերակատարություն ունեն պետական մարմիններից ստացված տվյալները` կենսաթոշակային հիմնադրամ, հարկային ծառայություն, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ինչպես նաև կոմունալ ծառայությունների դիմաց կանոնավոր վճարումները։ 

Մշտական հաճախորդների համար բազմաթիվ բանկեր ստեղծում են լոյալության հատուկ ծրագրեր և նրանց տրամադրում են հատուկ պայմաններ` չպահանջելով ավելորդ փաստաթղթեր և լրացուցիչ տեղեկություններ։

 - рис.4 

4. Ոչ երկարատև աշխատանքային ստաժը ևս կարող է վարկի մերժման պատճառ դառնալ։ Եվ հակառակը, որքան երկար է մարդն աշխատում, այնքան շատ են հիմքերը մտածելու, որ նա կշարունակի աշխատել և կկարողանա ժամանակին վճարել վարկի համար։

 - рис.5

5. Տարիքային սահմանափակումները. չափազանց երիտասարդ կամ չափազանց պատկառելի տարիքը ևս կարող է լինել վարկի մերժման պատճառ։ Օրինակ, հիփոթեք չի տրամադրվում 21 տարեկանը չլրացած անձանց կամ թոշակառուներին։ Վարկառուի տարիքը վարկի ամբողջական մարման ժամանակ չպետք է գերազանցի կենսաթոշակային տարիքը։ Հայաստանում կենսաթոշակային տարիքը կանանց համար 63, իսկ տղամարդկանց համար 65 տարեկանն է։

Հետգրություն

Լավ վարկային պատմության առկայությունը, եկամտի ավելի քան 50%–ը «խժռող» մեծ պարտքերի բացակայությունը, ներկայացված ճիշտ տվյալներն այն անհրաժեշտ պայմաններն են, որոնց դեպքում բանկը չի մերժի վարկ տրամադրել։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-