Աջակցության 24–րդ միջոցառում. ուշադրության կենտրոնում են գինեգործներն ու կոնյակի արտադրությունը

10.09.2020, 13:14
COVID-19–ի պայմաններում տնտեսության աջակցության քաղաքականության շրջանակումՀՀ կառավարությունը հաստատել է աջակցության 24–րդ միջոցառումը, ներկայացնում ենք միջոցառման մանրամասները
Աջակցության 24–րդ միջոցառում. ուշադրության կենտրոնում են գինեգործներն ու կոնյակի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. COVID-19–ի պայմաններում տնտեսության աջակցության քաղաքականության շրջանակումՀՀ կառավարությունը հաստատել է աջակցության 24–րդ միջոցառումը։

Նախատեսվում է միջոցառման շրջանակում աջակցել գինեգործությանն ու կոնյակի արտադրության ոլորտին, ինչպես նաև թեթևացնել խաղողի մթերման գործընթացը ճգնաժամային տարում։ 

Խնդիրն այն է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումն ուղղակիորեն ազդեց գինեգործական ընկերությունների և կոնյակի գործարանների վրա, որոնք աշխատում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։

Հայկական արտադրանքի նկատմամբ կրճատված պահանջարկն ազդեց նաև վաճառքի ծավալների վրա։ Այսպես, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, ներքին և արտաքին շուկաներում իրացման ծավալը նվազել է ավելի քան 30%–ով։ 

 - рис.1

Վիճակը նաև վատթարանում է նրանով, որ արտադրող ընկերությունների ֆինանսական հոսքերի կրճատման պատճառով վարկային ընկերությունները սկսեցին դժվարությամբ տրամադրել վարկային միջոցներ, ինչը հանգեցրեց լիկվիդայնության պակասուրդի խաղողի մթերման սեզոնի պայմաններում։ 

Եվ դա այն դեպքում, երբ այս աշուն, նախորդ տարիների համեմատ, սպասվում է խաղողի ավելի շատ բերք։ Բացի այդ, ոլորտում գործող որոշ ընկերություններ բախվեցին արտադրության վերազինման անհրաժեշտության հետ։ Ինչպես պարզվեց, նրանց հնարավորությունները բավարար չէին, մասնավորապես, խաղողի պատշաճ պահպանումն ապահովելու համար նոր մթերումների նախաշեմին և դեռևս չիրացված հումքի առկայության պայմաններում։ 

Հաշվի առնելով առաջացած դժվարությունները` որպես աջակցություն այդ ընկերություններին կառաջարկվի սուբսիդավորվող վարկավորում, որի տոկոսները ամբողջովին կփոխհատուցի կառավարությունը։

 - рис.2

Վարկավորման պայմանները 

Վարկի առավելագույն գումարը կազմում է 3մլրդ դրամ։ Միաժամանակ վարկերը տրամադրվում են մինչև երկու տարի ժամկետով, մարման արտոնյալ ժամանակահատվածը կազմում է 3–6 ամիս։

Բացի այդ, նախատեսվում է նաև փոխհատուցում կոնյակի սպիրտի արտադրողների և արտահանողների համար։

Ըստ գործող նորմերի, վաճառքի որոշակի մակարդակը գերազանցելու դեպքում նրանք պարտավոր են վճարել լրացուցիչ տուրք 100 դրամի և 25 դրամի չափով համապատասխանաբար մեկ լիտր սպիրտի և պատրաստի արտադրանքի համար։ 

Ֆինանսական աջակցության շրջանակում այս տնտեսվարող սուբյեկտներին կառաջարկվի նույն ծավալի փոխհատուցում կամ աջակցություն տուրքի վճարման հաջորդ օրը: Միջոցները ձեռնարկատերերին վերադարձվելու են այն նպատակով, որ նրանք դա ուղղեն ընթացիկ կարիքների սպասարկման վրա: 

24-րդ միջոցառման շրջանակում ընկերությունները, որոնք 2019թ.-ին վարկեր են վերցրել, որի մարման ժամկետը լրանում է 2020թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, հնարավորություն են ստանում հետաձգել պարտքի մայր գումարի մարումը մինչև դեկտեմբեր: 

Իսկ այն ընկերությունների համար, որոնք կզբաղվեն վերազինմամբ, այդ թվում` իրենց պահեստային տարածքների, լիզինգի առավելագույն գումարը կավելանա` 450 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ: 

Այս առաջարկը տարածվում է ոչ միայն գինեգործական ընկերությունների, այլև բոլոր ձեռնարկությունների վրա, որոնք զբաղվում են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ:

 - рис.3

Հատուկ պահանջներ

Միջոցառման հատուկ պահանջը խաղող մթերող ընկերություններին ֆինանսական միջոցների տրամադրումն է: Այսպիսով, կառավարությունը նրանց տրամադրում է անտոկոս վարկային միջոցներ, որոնք օգտագործվում են խաղող մթերելու համար, որպեսզի վերջիններս չուշացնեն վճարումները: Նախատեսվում է, որ երկու տարվա ընթացքում միջոցները կվերադարձվեն պետությանը: Հարկ է նշել, որ բոլոր ռեսուրսները փխանցվելու են բացառապես ընկերությունների բանկային հաշիվներին: 

Աջակցության մասին 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունները 24 միջոցառում են ընդունել ՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար:

Միջոցառումների մի մասը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, զբոսաշրջությանը, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ տեխնոլոգիաներին, մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը: 

Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները դեռ ընթացքի մեջ են: 

Այսպիսով, օգոստոսի 12-ի դրությամբ, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում հատկացվել է 163,4 միլիարդ դրամ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար: Դրանցից 26.2 միլիարդ դրամը ծախսվել է սոցիալական միջոցառումների, 17.5 միլիարդ դրամը ՝ տնտեսական միջոցառումների վրա, և ևս 19.9 միլիարդ դրամը փոխանցվել է բանկերի միջոցով: Կառավարության խրախուսման միջոցառումների շրջանակում բանկերը ձեռնարկատերերին մոտ 98,2 մլրդ դրամի չափով միջոցներ են տրամադրել: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–