Վնասակար սովորությունների գինն ընտանեկան բյուջեում

08.11.2018, 10:41
Առաջարկում ենք գնահատել, թե ինչպես են ընտանեկան բյուջեի վրա ազդոմ վնասակար և շռայլ սովորությունները ու մտածել այն հարցի շուրջ, թե ինչի վրա կարելի է ծախսել «ազատված» փողերը։
Վնասակար սովորությունների գինն ընտանեկան բյուջեում

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի վերջին Հայաստանում նշվեց Խնայողությունների միջազգային օրը։ Այս նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ, այդ օրը նախատեսվում է ցուցաբերել հոգատար վերաբերմունք ոչ միայն առողջության, իրերի և շրջակա միջավայրի, այլև ֆինանսների նկատմամբ։ Վաղ թե ուրիշ յուրաքանչյուր մարդ սկսում է մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է առավելագույնս արդյունավետ վարել ընտանեկան բյուջեն։ Չէ՞ որ դա կարևոր անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս խուսափել ֆինանսական դժվարություններից։ Եթե անգամ պարզվի, որ դուք ապրում եք առանց ավելորդ գումար ծախսելու, միշտ կգտնվի մի բան, որից կարելի է հեշտությամբ հրաժարվել` երբեմն անգամ դրանից օգուտ քաղելով։ Առաջին հերթին դա վերաբերում է ձեր առողջության ու գրպանի համար վնասակար սովորություններին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է գնահատել, թե ինչպես են ընտանեկան բյուջեի վրա ազդոմ վնասակար և շռայլ սովորությունները ու մտածել այն հարցի շուրջ, թե ինչի վրա կարելի է ծախսել «ազատված» փողերը` միաժամանակ քաղելով օգուտ։

Ծխախոտ

 - рис.1

Այսօր առավել տարածված վնասակար սովորությունը ծխելն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայկական գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2018 թ.–ին մարտին կազմակերպված ծխելու դեմ պայքարի համատեղ միջոցառման ընթացքում հրապարակվեցին ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց, հիմա Հայաստանում ծխում է տղամարդկանց 51,5%–ը և կանանց 1,8%–ը։ Ծխելու վնասի մասին շատ բան է ասվել ու գրվել, սակայն դրանից ծխողների թիվը չի պակասում։ Բացի այդ, այդ սովորությունը շատ թանկ է «նստում», քանի որ հակածխախոտային օրենքի պահանջների խստացմանը զուգահեռ աճում են նաև ծխախոտի գները։

Ձեր դրամապանակի համար ծխելու վնասի մասին քարոզը միգուցե՞ավելի արդյունավետ լինի։ Դրանում համոզվելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն անցկացրեց սեփական ուսումնասիրությունը Երևանի մի շարք սուպերմարկետներում։ Մեր երկրում ծխախոտի 1 տուփն արժե 270–1500 դրամ։ Առավել պահանջված գնային սեգմենտը, վաճառողների միաձայն կարծիքով, տատանվում է 300–400 դրամի սահմանում։ Եթե ծխողն ամեն օր ծխում է 1 տուփ ծխախոտ, ապա ծխախոտի ամսական ծախսը կազմում է 9000–12000 դրամ, տարեկան` համապատասխանաբար 108000 – 144000 դրամ։ Սակայն եթե ընտանիքում ծխողների թիվը 1–ից ավել է, մեկ կամ երկուս է, ապա գումարը համապատասխանաբար կրկնապատկվում կամ անգամ եռապատկվում է։ Տպավորու՞մ է, այնպես չէ՞։ Այս գումարով կարելի է օրինակ գնել ոչ թանկարժեք ճամփորդական ուղևորություն և արձակուրդն անցկացնել արտերկրում կամ գնել տան համար անհրաժեշտ որևէ իր։ Պետք չէ մոռանալ նաև բուժման ծախսերի մասին, չէ՞ որ, ըստ վիճակագրության, ավելի քան 10 տարի ծխող մարդը հիվանդանում է չորս անգամ ավելի հաճախ, քան չծխողը։ Իսկ հիվանդանալը ոչ միայն վնասակար է, այլև թանկ։

2. Ալկոհոլի օգտագործում (այդ թվում` գարեջուր)

 - рис.2

2018 թ.–ի սեպտեմբերին ԱՀԿ–ի զեկույցի տվյալների համաձայն, Հայաստանը նախկին ԽՍՀՄ–ի բոլոր երկրների շրջանում զբաղեցնում է 11–րդ տեղը` բնակչության մեջ հոգու հաշվով ալկոհոլային խմիչքների 5,5 լիտր ցուցանիշով (15–ից տարեկանից բարձր)։ Համեմատության համար նշենք, որ հետխորհրդային շրջանի «ամենախմող» երկիրը Մոլդովան է, որտեղ բնակչության մեջ հոգուն բաժին է հասնում տարեկան 15,2 լիտր։ Այդուհանդերձ, չնայած երկրում ձևավորված բավականին բարենպաստ իրավիճակին` կապված ալկոհոլային խմիչքների օգտագործման հետ, այդ ծախսերն ընտանեկան բյուջեում տնտեսման իրական ռեսուրս են։

Եվ կրկին ներկայացնենք սեփական ուսումնասիրության արդյունքները։ Մեր երկրում մեկ շիշ գարեջրի միջին գինը 300–800 դրամ է` կախված տարայի ծավալից և ապրանքանիշից, մեկ շիշ գինու գինը` 900–4000 դրամ, օղին` 1000–3000 դրամ, կոնյակը` 2000–45000 դրամ: Եթե հաշվարկենք ալկոհոլային խմիչքների օգտագործման տարեկան ծավալը մեծահասակ բնակչության մեկ հոգու հաշվարկով` 5,5 լիտր (ԱՀԿ–ի տվյալներ), ամսական դա կազմում է մոտ 0,5 լիտր, չորս մեծահասակից բաղկացած ընտանիքի դեպքում` մոտ 2 լիտր։ Ըստ այդմ, կախված ձեր նախապատվությունից` դուք կարող եք ինքներդ հաշվարկել, թե որքան է այդ ամենը կազմում։ Միաժամանակ մի մոռացեք, որ վճարում ենք ոչ միայն գումարով, այլև ձեր առողջությամբ` ալկոհոլիզմ, լյարդի ցեռոզ, ինֆարկտ և այլ հիվանդություններ, որոնք պահանջում են բուժման լրացուցիչ ծախսեր։

3. Վնասակար սննդամթերք

 - рис.3

Շատերի համար պատրաստի սնունդ, այսպես կոչված, ֆաստ ֆուդ ուտելն ամենօրյա սովորական գործ է: Զանազան համբուրգերներ, խմորի մեջ նրբերշիկներ, սենդվիչներ, շաուրմա, կարտոֆիլ ֆրի վաճառվում է ամեն քայլափոխին: Առողջության համար դրանք միանգամայն վնասակար են:

Մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդու առողջության համար ամենավնասակար սննդամթերքի վարկանիշները: Դրանց թվում առաջիններից են` կարտոֆիլ ֆրին, չիպսերը, քաղցր գազավորված ըմպելիքները, շոկոլադե սալիկները, ցածր յուղայնության թխվածքաբլիթները, քիմիական հավելումներ պարունակող կրեկերները, աղի ձողիկները և այլն: Այս բոլոր մթերքները դասվում են ֆաստ ֆուդին, դրանք մեծ թվով ճարպեր, կայունացուցիչներ և աղ են պարունակում: Այսպիսի մթերքների օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, աթերոսկլերոզի և ինֆարկտների: Եվ այս ամենը` մեր իսկ փողերով:

Հայաստանում ֆաստ-ֆուդ սնվելն օրական արժե 100-500 դրամ: Ամսվա ընթացքում այս թիվը կազմում է 3000-15000 դրամ, տարեկան` 36000-180000 դրամ: Մեծ թիվ չէ՞ կասկածելի հաճույքի համար:

Փորձեք գրանցել ծխախոտի, ալկոհոլի և ֆասթֆուդի ձեր ծախսերն ամսվա ընթացքում` գումարը կարող է ձեզ շոկի ենթարկել: Իսկ եթե հաշվե՞ք տարեկան, 10 տարվա, 20 տարվա կտրվածքով: Այո, լուրջ գումարներ են: Վնասակար սովորությունները թանկ կարժենան ձեզ համար բոլոր իմաստներով, իսկ դրանցից ամբողջովին կամ մասամբ հրաժարվելով` դուք կրկնակի եք շահում. փող եք խնայում, գումարած ստանում եք հաճելի բոնուս առողջության և լավ տրամադրության տեսքով:

4. Կոլեկցիաներ հավաքելը, շոփինգը և ցանցային խաղերը

 - рис.4

Մեր սովորություններից յուրաքանչյուրն իր գինն ունի: Այդ իսկ պատճառով արժե նշել նաև այնպիսի սովորությունները, որոնք, թեև վնաս չեն տալիս առողջությանը, բայց էական ճեղքեր են առաջացնում ընտանեկան բյուջեում:

Այսպիսի սովորություններից մեկը կոլեկցիա հավաքելն է: Այսօր դուք խանդավառությամբ գումար եք ծախսում փղիկների, կժերի, շշերի, պիտակների վրա, իսկ վաղը կսառեք, և ձեր կոլեկցիան պարզապես փոշի կհավաքի: Արդյունքում, դուք կամ դա կնվիրեք ինչ-որ մեկին, կամ դեն կնետեք: Մոտեցեք ձեր ժամանակավոր զբաղմունքին քննադատաբար: Արդյո՞ք այն արժե այդքան:

Կանանց տարված լինելը գեղեցկության սրահներ այցելելով և շոփինգամոլությունը նույնպես լրջորեն ազդում են ընտանեկան բյուջեի վրա: Վերանայեք այդ սովորությունները, իհարկե, ոչ արտաքինին ի վնաս, բայց խելամտության սահմաններում:

Ցանցային խաղերը կարծես թեթև ժամանց են, հաճելի հանգիստ, բայց սա լավ մտածված ձև է` փող «քաշելու» համար: Նույնիսկ չմտածելով` այսպիսի խաղերի սիրահարներն ինտերնետում տարեկան մեծ գումարներ են թողնում: Իսկ փորձառում գեյմերները, որոնց համար խաղը մրցում է, սա լուրջ է: Սովորություն դարձրեք խաղերի համար առանձին վաստակել և ծախսել անձնական ֆինանսները` վնաս չհասցնելով ընտանեկան բյուջեին: -0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։