Վարկը` որպես բեռ. 4 դեպք, երբ չարժե վարկ վերցնել
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բոլոր միջին վիճակագրական և օրինապահ քաղաքացիները լավ հասկանում են, որ պարտքով փող վերցնել պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սակայն կյանքում ոչ միշտ է հաջողվում հետևել այդ կանոնին, և փոխառուն բախվում է լուրջ խնդիրների հետ, քանի որ ստիպված է լինում վերադարձնել ոչ միայն պարտքի մայր գումարը, այլև տոկոսները: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է 4 դեպք, երբ իսկապես չարժե վարկ վերցնել:
1. Ռիսկային վարկ «շքեղության համար»
Գրեթե չկա այնպիսի մարդ, ով չի ցանկանում շրջապատին ներկայացնել հաջող գործունեության այն մակարդակը, որին նրան հաջողվել է հասնել: Թանկարժեք հանդերձանք, զարդեր, բջջային հեռախոսներ և անգամ մեքենաներ, այս բոլոր իմիջային իրերն իսկապես խոսուն են:
Անշուշտ, եթե ձեր եկամուտը թույլ է տալիս ձեռք բերել այս ամեննը`առանց պարտքերի մեջ խրվելու, ապա դրանց գումարն առանձնապես չի ազդի բյուջեի վրա: Ի վերջո, անհրաժեշտության դեպքում կարելի է վաճառել իրերի մի մասը ու վերադարձնել որոշ գումար:
Այլ բան է, եթե նմանատիպ իրերի գնման համար որոշել եք բանկից վարկ վերցնել: Այս դեպքում դուք, որպես փոխառու, ոչ միայն պատասխանատու եք վճարել ամսական տոկոսները, այլև պարտավոր կլինեք նշված ժամկետում վճարել ամբողջ գումարը:
Եվ հետո, ձեռք բերելով ժամանակակից բջջային հեռախոս, թանկարժեք մեքենա, աքսեսուարներ կամ տեխնիկա`հիշե′ք, որ ժամանակի ընթացքում այդ բոլոր իրերի գները նվազում են, դրանք դառնում են պակաս պիտանի և հետաքրքիր շրջապատի համար:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա դրանք միշտ չէ, որ կարելի է վաճառել շահավետ գնով, լինում են դեպքեր, երբ այդ իրերի համար վճարում են որպես սովորական լոմ: Բացի այդ, եթե զարդն իսկապես թանկարժեք է, ապա այն պետք է պահել սեյֆում կամ բանկային պահատուփում`գողերից պաշտպանելու համար: Իսկ դա, իր հերթին, ենթադրում է նոր ծախսեր:
Նույնը վերաբերում է նաև շքեղ հարսանիքներին, տոնակատարություններին և ճամփորդություններին: Ժամանցի, զվարճանքի և հանգստի վրա ծախսած գումարը միևնույնն է պետք է վերադարձնել, իսկ վարկը դրանք ավելի թանկ կդարձնի:
2. Իմիջը մեր ամեն ի՞նչն է
Անձնական կյանքի հաջողությունները կամ դրանց սպասումը հաճախ հանգեցնում է այն մտքին, որ կարելի է փոխել սեփական արտաքինն` ավելի հմայիչ դառնալու և ինքնագնահատականը բարձրացնելու համար: Ավելի հաճախ նման ցանկություն ունենում են կանայք: Նրանք անգամ պատրաստ են դիմել պլաստիկ վիրաբույժի ծառայություններին:
Պլաստիկ վիրահատությունն էժան հաճույքներից չէ, մարդիկ երբեմն ստիպված են լինում վարկեր վերցնել: Վիրաբուժական միջամտության պրոցեդրուրան ինքնին ենթադրում է, որ մարդը որոշ ժամանակ չի կարողանա լիարժեք աշխատել, ինչը կարող է ազդել նաև իր բյուջեի վրա: Եկամուտների ծավալը որոշ ժամանակ կփոքրանա, իսկ ծախսերը կավելանան:
Այլ բան է, եթե պլաստիկ վիրահատությունը կենսական նշանակություն ունի պաթոլոգիայի պատճառով: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ուսումնասիրել բժշկական հաստատությունների բոլոր առաջարկները, առաջարկվող արտոնությունները, գտնել առավել ընդունելի զեղչերը կամ ակցիաները, պետական աջակցության առկայությունը, ինչպես նաև հաշվարկել ծախսերի հատուցումը ապահովագրական պոլիսների կողմից:
Անհրաժեշտ պլաստիկ վիրահատության համար նպատակահարմար կլինի դրամական միջոցներ խնայել վիրահատությունից առնվազն մի քանի ամիս առաջ: Այդ դեպքում հնարավոր կլինի ոչ միայն խուսափել վարկի մարման հետ կապված դժվարություններից, այլ նաև ընտրել ավելի որակյալ ու ավտանգ ծառայություն, չէ՞ որ խոսքն առողջության մասին է:
3. Նվերի գինը կարևո՞ր է
Հարազատներին նվերներ մատուցելը մարդու լավագույն որակներից մեկն է։ Սակայն միշտ չէ, որ ֆինանսական հնարավորությունները համընկնում են ցանկությունների հետ և միտք է ծագում` վարկ վերցնել։ Տոներից առաջ բանկերն առաջարկոմ են նոր վարկեր և ծառայություններ` գայթակղելով մեծ հնարավորություններով և արտոնություններով։ Սակայն պատքով գնված նվերը շուտով կհանգեցնի լրացուցիչ ծախսերի` հոգում թողնելով տհաճ հետք։
Չարժե բանկում վարկ վերցնել մտերիմներին և հարազատներին ուրախացնելու կամ տպավորելու համար։ Չափազանց թանկարժեք իրը կամ ծառայությունը, օրինակ` տոնակատարությունները կամ թանկարժեք տուրիստական ճամփորդությունը, կպահանջեն մեծ գումարներ` հետագա ամիսների կամ անգամ տարիների ընթացքում վարկը սպասարկելու համար։ Սիրելի մարդն իսկապես չէր ցանկանա, որպեսզի դուք խրվեիք պարտքերի մեջ ժամանակավոր ուրախության համար։ Ավելին, երբեմն ավելի թանկ է ուշադրությունը, քան նվերը։
Այդուհանդերձ, եթե դուք ամեն դեպքում որոշել եք նվեր մատուցել սիրելիներին և հարազատներին, փորձեք նախօրոք կրճատել ծախսերն ու հավաքել որոշակի գումար նվեր գնելու համար։ Երբեմն դրա համար պետք է հրաժարվել մանր ծախսերից։ Ժամանակավոր անհարմարություններն աստիճանաբար կփոխհատուցվեն։
4. Վարկի համար վարկ

Տուն գնելու համար դուք վերցրել եք հիփոթեք, նաև պարտքով գումար եք վերցրել դստեր ուսման համար։ Կինը մուշտակ է ուզում, դե ինչպես կարելի է նրան մերժել։ Կրկին խրվել եք պարտքերի մեջ։ Ամեն ինչ լավ կլիներ, սակայն անկանխատեսելի հանգամանքների պատճառով դուք այլևս չեք կարողանում վճարել հիփոթեքն ու մնացած վարկերը։ Խուճապի մի′ մատնվեք և անգամ մի′ փորձ նոր վարկ վերցնել մյուսները մարելու համար։ Դա ավելի շատ կվատացնի ձեր վիճակը։
Նախևառաջ դիմեք բանկ։ Այնտեղ կարող են ձեզ ընդառաջել և նվազեցնել գործող տոկոսադրույքները կամ երկարացնել վարկի մարման ժամկետը վերակառուցման և վերաֆինանսավորման միջոցով։
Կարելի է դիմել նաև մեկ այլ բանկ, որտեղ տոկոսները ցածր են ու կարել է կատարել վերավարկավորում։ Սակայն պետք չէ պարտքով գումար վերցնել ավելի երկար ժամանակով ու ամսական ավելի փոքր գումարով, քան գործողն է։ Այդպես դուք կկարողանաք մարել միայն վարկերից մեկը, սակայն չեք նվազեցնի մնացած վարկերը մարելու ծախսերը։
Եթե, ամեն դեպքում, որոշել եք նոր վարկ վերցնել, ապա դիմեք բանկեր, որոնք առաջարկում են միկրովարկեր`արտոնյալ ժամանակահատվածով։ Այդ բանկային ծառայությունները թույլ կտան առանց լրացուցիչ տոկոսների կամ էլ ցածր տոկոսադրույքով վերադարձնել պարտքով վերցրած փողերը։ Սակայն չարժե շատ տարվել նման վարկերով։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

