Ինչպե՞ս պաշտպանվել խաբեբաներից սոցցանցերում

18.01.2018, 12:29
Ինչպես ցույց են տալիս տարբեր ուսումնասիրությունները, Հայաստանի բնակիչները սկսել են սոցիալական ցանցերում ավելի շատ գումար ծախսել ժամանցի, շփման, բարեգործության, գնումների, նվերների և վճարովի այլ ծառայությունների վրա։
Ինչպե՞ս պաշտպանվել խաբեբաներից սոցցանցերում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպես ցույց են տալիս տարբեր ուսումնասիրությունները, Հայաստանի բնակիչները սկսել են սոցիալական ցանցերում ավելի շատ գումար ծախսել ժամանցի, շփման, բարեգործության, գնումների, նվերների և վճարովի այլ ծառայությունների վրա։ Միաժամանակ ավելանում է խաբեբաների զոհը դառնալու հավանականությունը, որոնց համար այսօր սոցիալական ցանցերը տրամադրում են գործունեության լայն հարթակ։ Սոցցանցերում հրապարակված օգտատերերի անձնական տեղեկատվությունը բավարար է փորձառու խաբեբաների համար, որպեսզի վերջիններս ընտրված զոհի դեմ կիրառեն տարատեսակ սխեմաներ` նրանց էջին և անգամ բանկային հաշիվներին հասնելու նպատակով։

Խաբեբաները հաճախ օգտագործում են հետևյալ սխեմաները.

Մուրացկանություն

 - рис.1

Խաբեբայության նման տեսակի հետ բախվում է գրեթե ցանկացած օգտատեր։ Սխեման պարզ է. խաբեբաները տեղադրում են հիվանդ երեխաների լուսանկարներ, որոնց պահանջվում է շտապ և բավականին թանկարժեք վիրահատություն, ոմանք տեղադրում են անօթևան կենդանիների լուսանկարներ, որոնց համար ևս ապրուստի միջոցներ են անհրաժեշտ և այլն։ Լուսանկարի տակ հրապարակվում է հաշվեհամար, որին հարկավոր է դրամական միջոցներ փոխանցել։

Էջերի կոտրում

Խաբեբայության այս տարբերակի էությունն այն է, որ սոցցանցում ձեր ընկերոջից գալիս է հաղորդագրություն, որում նա խնդրում է գումար փոխանցել նշված հաշվեհամարին` բացատրելով, որ հայտնվել է ծանր իրավիճակում և վստահեցնելով, որ ողջ գումարը կվերադարձնի ու ամեն ինչ կբացատրի, միաժամանակ խնդրում է չզանգել իրեն։ Հենց դուք գումարն ուղարկում եք, ձեր ընկերն անմիջապես անհետանում է, իսկ որոշ ժամանակ անց նրանից գալիս է հաղորդագրություն, որում նշվում է, որ նրա էջը կոտրված է։ Արդյունքում, դուք դառնում եք սրամիտ խաբեբաների հերթական զոհերից մեկը։

Էլեկտրոնային դրամապանակներ

 - рис.2

Ձեր գաղտնաբառն ու գաղտնի տեղեկատվությունը գողանալու համար խաբեբաները հաճախ օգտագործում են «սփամ» նամակներ` ուղարկելով դրանք ձեր էլեկտրոնային փոստին, որտեղ նշվում է, որ ձեր դրամապանակն արգելափակված է, և դուք պետք է անցնենք նշված հղմամբ ու մուտքագրեք անձնական տվյալները։ Եթե դուք կատարեք նամակում նշված քայլերը, խաբեբաները հեշտությամբ կկարողանան օգտվել ձեր էլեկտրոնային դրամապանակից։

Անվտանգության ստուգում

Այս դեպքում դուք էլեկտրոնային նամակ եք ստանում բանկից, որում նշվում է, որ ձեր հաշվից փորձում են գումար հանել։ Քարտը պաշտպանելու և գործարքը չեղարկելու համար դուք պետք է նշված հեռախոսահամարին ուղարկեք հաստատման գաղտնաբառ։ Դուք, մատնվելով խուճապի, անհապաղ ուղարկում եք այդ գաղտնաբառն` անգամ չկարդալով հաղորդագրության ողջ տեքստը, որտեղ նշված է, որ այդ գաղտնաբառով հաստատում եք գումարի հանումը ձեր հաշվից։ Ուղարկելով նշված գաղտնաբառը` դուք ձեր իսկ ձեռքով վճարում եք այլ անձանց գնումների, ծառայությունների համար և գումար փոխանցում։

Իրերի գնում

 - рис.3

Համացանցում գոյություն ունեն տարբեր խանութներ, որտեղ վաճառում են նորաձև հագուստ, աքսեսուարներ, մարզախաղերի պարագաներ և շատ այլ ապրանք: Որպես կանոն, մեծ զեղչերի ժամանակ խարդախները կարող են մեկօրյա ֆիրմաներ գրանցել և իրազեկումներ ուղարկել տարբեր ապրանքների ձեռնտու զեղչերի մասին: Երբեմն այսպիսի անբարեխիղճ վաճառողն իր ապրանքի համար բանկային հաշվին փոխանցող նախավճար է խնդրում, նույնիսկ արժեքի հարյուր տոկոսի չափով: Հենց գնումը կատարվում է, վաճառողը միանգամից անհետանում է ձեր փողերով:

Խարդախներից պաշտպանվելու յոթ ձև

Մտածելով այն հարցի շուրջ, թե ինչպես դիմակայել ցանցային զանազան խարդախություններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը բացահայտել է խարդախներից պաշտպանվելու յոթ առավել արդյունավետ ձևեր:

Բնականաբար, ամենահուսալի պաշտպանությունը սոցիալական ցանցում գտնվելուց լիովին և անվերապահորեն հրաժարվելն է: Սակայն դա այսօր այդքան էլ հնարավոր չէ, քանի որ սոցցանցերը վաղուց դադարել են միայն դպրոցականների և ուսանողների համար ժամանց լինելուց: Դրանք վերածվել են գործնական նամակագրության, զանազան գովազդային արշավների, ակցիաների և այլ գործունեության ծավալման բազմաֆունկցիոնալ գործիք: Այդ իսկ պատճառով սոցցանցերում անվտանգ և հարմարավետ շփման համար փորձեք պահպանել հետևյալ կանոնները:

 - рис.4

1.    Ուշադրություն դարձրեք այն հղումներին, որոնք ձեզ ուղարկում են ընկերները և հատկապես անծանոթ մարդիկ: Կասկածներ պետք է հարուցեն այն հղումները, որոնք բաղկացած են հղումների կրճատման համար ծառայությունների հասցեներից` goo.gl, bit.ly և այլն: Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ եթե հղումը տանում է հենց այն սոցցանցի ներսում գտնվող էջի, որում շփվում եք, անհրաժեշտ է ուշադիր լինել` կարող է լինել այնպես, որ odnoklassniki.ru հասցեի փոխարեն գրած է odnok1assniki.ru, և, անցնելով հղումով, դուք վարակում եք ձեր համակարգիչը քեյլոգերով կամ տրոյանով:

 - рис.5

2.    Մի օգտվեք կողմնակի մշակողների ոչ մի հավելվածից, որը կարող է ձեզ իբր սոցցանցի «փակ» հնարավորությունների հասանելիություն տալ: Նույնը կարելի է ասել ցանկացած կողմնակի կայքերի մասին: Օրինակ, լայն ճանաչում են վայելում այն հավելվածները, որոնք իբր կարող են ցույց տալ «ՎԿոնտակտե» սոցցանցի հյուրերին, ինչն իրականում գոյություն չունի: Պետք է կասկածանքով մոտենալ նաև սոցցանցերից տարբեր տեսակի երաժշտության և վիդեոյի բեռնման ծրագրերին:

3. Եթե դուք ստանում եք հաղորդագրություն իբր սոցցանցի ադմինիստրացիայից` տեղադրված հղումով անցնելու խնդրանքով, ապա ուշադիր ուսումնասիրեք հղումը: Վտանգ կա, որ այն կարող է տանել ֆիշինգային կայք, որն արտաքին տեսքով կարող է չտարբերվել լքած սոցցանցից, բայց օգտանունն ու գաղտնաբառը հավաքելու փորձի դեպքում դուք երկար ժամանակով կորցնում եք ձեր էջ մտնելու իրավունքը: Ի դեպ, այն փաստը, որ ձեզ խնդրում են մուտքագրել օգտանուն և գաղտնաբառ, երբ դրանք արդեն գրված են բրաուզերի կամ կայքի կողմից, արդեն առիթ է զգուշանալու և փակելու այդ հղումը:

 - рис.6

4. Եթե անհրաժեշտ է մուտք գործել ձեր սոցիալական էջերը սմարթֆոնից կամ պլանշետից, օգտագործեք միայն կայքերի պաշտոնական հավելվածները: Եթե նման հավելվածներ չկան, մուտք գործեք սոցցանց բջջային հեռախոսի սովորական բրաուզերի միջոցով: Անշուշտ, Google Play–ում, AppStore–ում կամ Windows Phone Marketplace–ում ներառվող հավելվածները մանրամասն ստուգվում են արտադրողների կողմից, այդուհանդերձ որոշակի հավանականություն կա, որ ոչ պաշտոնական հավելվածը կարող է վնասակար լինել։

5. Մի դիմեք գաղտնաբառի վերականգման ստանդարտ մեթոդների, և եթե ունեք այդպիսի հնարավորություն, կապեք ձեր էջը հեռախոսահամարին: Շատ հաճախ խաբեբաները զոհի էջ մուտք գործելու հնարավորություն են ստանում գաղտնաբառերը հիշեցնող ծառայության օգնությամբ: Եթե կայքը հնարավորություն է տալիս, ապա լավագույն լուծումն է ինքնուրույն մտածել«գաղտնի հարց», իսկ ամենալավ տարբերակը  սոցցանցի էջը հեռախոսին կապելն է:

6. Զգույշ եղեք սոցցանցերում ձեր մասին տեղեկություններ հրապարակելիս: Ցավոք, դուք այնքան շատ բան եք պատմում ձեր մասին և չեք էլ ենթադրում, որ ինչ-որ մեկը կարող է օգտագործել դա ձեր դեմ: Դժվար է նախօրոք կռահել, թե ինչ պետք կգա խաբեբային: Սակայն իմացեք, որ սոցիալական ցանցն այն տեղը չէ, որտեղ կարելի է հրապարակել անձնագրի կամ այլ կարևոր փաստաթղթերի սքանը:

 - рис.7

7. Զգույշ եղեք սոցցանցում տարբեր հավելվածներ տեղադրելիս։ Սոցցանցերից շատերը կարող են կողմնակի հավելվածներ առաջարկել: Այդ հավելվածները կարող են մուտքի հնարավորություն տալ դեպի ձեր անձնական տվյալները, կարող են գողանալ ձեր լոգինն ու գաղտնաբառը, այդ պատճառով չարժե տեղադրել նման հավելվածներ։ Որպես կանոն, եթե ծրագիրը հայտնի է ու տարածված, այն ոչ մի հաքերային ֆունկցիա չի պարունակի: Եթե հավելվածն առաջարկում է ստանալ VIP կարգավիճակ կամ ինչ–որ «գաղտնի» հնարավորությունների հասանելիություն է տալիս, որոնք ցանցն իբր թաքցնում է իր օգտատերերից, ապա այն ոչ մի դեպքում չի կարելի տեղադրել ու օգտագործել:

Հիշեք, որ խաբեության բոլոր ձևերից պաշտպանվելու բաղադրատոմս պարզապես չկա: Միշտ էլ կգտնվեն ոչ ազնիվ մարդիկ, որոնք կցանկանան ապրել ձեր հաշվին: Այնպես որ զգոն եղեք։–0–