Ինչպես հանգստանալ Հայաստանում առանց մեծ գումար ծախսելու

25.07.2018, 11:15
Հայաստանում զբոսաշրջիկներին գրավում է հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բազմաթիվ տեսարժան վայրերը, անուշաբույր ազգային խոհանոցը, համեմատաբար ոչ թանկ տուրիստական ծառայությունները։
Ինչպես հանգստանալ Հայաստանում առանց մեծ գումար ծախսելու

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Տարեց տարի աճում է զբոսաշրջիկների թիվը, ովքեր ցանկանում են այցելել Հայաստան և հանգստանալ։ Օրինակ, 2017 թ.–ին Հայաստան է այցելել 1,5 մլն մարդ։ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը ներառված է Fodor's հրատարակության հեղինակավոր Go List–ում, որտեղ երկիրը զբաղեցնում է 7–րդ տեղը 52 ամենահետաքրքիր երկրների ցանկում, որոնք խորհուրդ են տալիս այցելել 2018 թ.–ին։ Զբոսաշրջիկներին գրավում է հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բազմաթիվ տեսարժան վայրերը, անուշաբույր ազգային խոհանոցը, համեմատաբար ոչ թանկ տուրիստական ծառայությունները, ավանդական փառատոնները, ցուցահանդեսներն ու այլ միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ աճում է նաև ներքին տուրիզմը, այսինքն ավելի շատ հայաստանցիներ նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել հայրենիքում։ Վերջին երկու տարում մոտավորապես 1 մլն մարդ, իսկ դա երկրի բնակչության շուրջ 1/3–ն է, նախընտրել է իր հանգիստն անցկացնել Հայաստանում։ 

Հանգիստը հայրենիքում ունի մի շարք առավելություններ, քանի որ թույլ է տալիս ստանալ բազմաթիվ տպավորություններ միջոցների զգալի տնտեսման դեպքում։ Մասնավորապես, եթե դուք որոշեք հանգստանալ Հայաստանում, կտնտեսեք տրանսպորտային ծախսերի (ավիափոխադրումներ), կապի (անհրաժեշտ չէ ռոումինգ), բժշկական ապահովագրության և շատ այլ ծառայությունների հարցում։ Բացի այդ, դուք չեք ընկնի ավելորդ քաշքշուկի մեջ` կապված վիզների հետ, գնումներն ու ծառայությունների համար վճարները կարող ենք կատարել սովորական ռեժիմով, անհրաժեշտ չէ ադապտացվել անսովոր կլիմային և սնունդին, օտար օրենքներին ու լեզվին։ Հայաստանի տուրիստական ենթակառուցվածքներն ու տրամադրվող տուրիստական ծառայություններն այսօր այնքան բազմազան ու հետաքրքիր են, որ կարող են բավարարել ցանկացած տարիքի և պահանջարկ ունեցող մարդկանց։

Տուրիստական ծառայությունների մասին. գիշերակաց

 - рис.1

Երևանում և մարզերում կան եվրոպական մակարդակի բազմաթիվ հյուրանոցներ։ Կախված սեզոնից և հյուրանոցի աստղերի քանակից, երկտեղանոց համարի արժեքը կարող է Երևանում տատանվել 17–74 հազար դրամի, իսկ մարզերում` 12–70 հազար դրամի սահմանում` ներառյալ մեկանգամյա և երկանգամյա սնունդն ու ԱԱՀ–ն։ Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում (որոնք եղել են հայտնի հանգստավայրեր դեռ խորհրդային տարիներին) հյուրանոցային ֆոնդի հիմքում առողջարաններն ու հանգստյան տներն են, որտեղ այսօր ևս կարելի է վայելել հարմարավետ և ոչ թանկարժեք հանգիստ։ Բացի հյուրանոցներից, Հայաստանի մարզերում գործում է նաև B&B ցանց` ծառայության լավ մակարդակով, որտեղ կարելի է նախօրոք ամրագրել երկտեղանոց համար օրական 19–29 հազար դրամով, գործում են նաև ծառայության լավ մակարդակով և բյուջետային գներով հոսթելներ։

Բավականին ընդունելի այլընտրանք է բնակարանի կամ տան վարձակալությունն արձակուրդի ընթացքում։ Հայաստանում կան նաև ռեզորթներ ու հանգստավայրեր, որոնք թույլ են տալիս «թաքնվել» արտաքին աշխարհից` միաժամանակ տրամադրելով բազմազան լրացուցիչ ծառայություններ։ Նման ռեզորթները գտնվում են այնպիսի գեղատեսիլ անկյուններում, ինչպիսիք են Ծաղկաձորում, Աղվերանում, Հանքավանում, Շահումյանում և այլն։ Այսօր Հայաստանի գրեթե ցանկացած հյուրանոցում կարելի է նախօրոք համար ամրագրել առցանց։ Երիտասարդները, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստ և որոնց համար հարմարավետությունն այդքան էլ էական չէ, կարող են օգտվել հոսթելների ծառայություններից, որոնք շատ ավելի էժան են։ Այսպիսով, գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է իր գրպանին և նախասիրություններին հարմար հյուրատուն ընտրել։

Տրանսպորտ

 - рис.2

Հայաստանյան հանգստավայր կարող եք հասնել երթուղային ավտոբուսներով կամ անձնական տրանսպորտով։ Անհրաժեշտության դեպքում կարելի է վարձել ավտոմեքենա։ Այդ ծառայությունն օրական կարժենա 20–29 հազար դրամ (կախված մեքենայի մակնիշից։ Կարելի է վարձակալությամբ վերցնել նաև հեծանիվ։ Տրանսպորտային միջոցը կարելի է նախօրոք ամրագրել համացանցով, արժեքը` օրական մոտ 4800 դրամ։ Կարելի է ամրագրել մոտոցիկլետ, սկուտեր, կվադրոցիկլ։

Պատմամշակույթային հուշարձաններ ու տեսարժան վայրեր

 - рис.3

Հայաստանն ունի հարուստ պատմամշակույթային ժառանգություն` այստեղ կարելի է տեսնել ավելի քան 500 հնագույն հուշարձաններ, որոնք գրեթե 2000 տարվա պատմություն ունեն։ Հայաստանն աշխարհում առաջինն է 301թ.–ին ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և մինչ մեր ժամանակները հասած բազմաթիվ հուշարձանները քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերն են։ Ուշադրության են արժանի այնպիսի յուրօրիակ վանքեր, ինչպիսիք են` Գառնին ու Զվարթնոցը, Գեղարդը, Տաթևը, Հաղարծինը, Հաղպատը, Խոր Վիրապը, որտեղ փակված է եղել Գրիգոր Լուսավորիչը, ով մկրտել է Հայաստանը, «Քարահունջ» հնագույն աստղադիտարանը, «Հին Խնձորեսկ» քարանձավային քաղաքն ու բազմաթիվ այլ պատմամշակութային կոթողներ։ Վանքերի մեծ մասը` օրինակ Սանահինը, Հաղպատը, Տաթևը` ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության օբյեկտներ են:

Ժամանանակակից տեսարժան վայրերի թվում պետք է նշել 2010 թ.–ին բացված «Տաթև» ճոպանուղին ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի և որի երկարությունը կազմում է 5700 մետր։ Այն կոչվում է «ՏաԹևեր» ու կապում է Տաթևի վանքը Հալիձոր գյուղի հետ։

Երկրորդ տեսարժան վայրն է կախովի կամուրջը, որը կապում է Հին Խնձորեսկը` Հայաստանի ամենախորհրդավոր տեղերից մեկը, ժամանակակից բնակավայրի հետ։ Առաջ անհնար էր հասնել այդ բնակավայրը, քանի որ այն գրեթե կտրված էր աշխարհից։ Այցելուները ստիպված էին միայն հեռվից հետևել բնապատկերներին։ 100 մետր երկարությամբ կախովի կամուրջը միացրել է 63 մետր խորությամբ կիրճի երկու կողմերը։

Հայաստանում քիչ չեն բնության ստեղծած հուշակոթողները։ Դա բարձրալեռնային քաղցրահամ Սևանա լիճն է, Շաքիի, Ջերմուկի ու Քասախի ջրվեժները, Ջերմուկի տաք աղբյուրները։

Ակտիվ հանգստի սիրահարներին

 - рис.4

Ակտիվ զբոսաշրջության սիրահարները կարող են ընտրել էկոտուրիզմը, գյուղական տուրիզմը, հետիոտնային տուրիզմը։ Նրանց համար հնարավորությունները Հայաստանում քիչ չեն։ Նման հնարավորություններից մեկն է Քալավան լեռնային գյուղը, որը գտնվում է Սևանա լճից ոչ հեռու` Գեղարքունիքի մարզում։ Արդեն մի քանի տարի է` ինչ այդ գյուղը, որտեղ իրականացվում է զբոսաշրջության կողմնորոշում ունեցող համայնքային զարգացման ծրագիր, մեծ հետքրքրություն է առաջացնում բազմաթիվ զբոսաշրջիկների շրջանում։ Այցելուներին առաջարկում են գյուղի հարևանությամբ հավաքված հատապտուղներից, կանաչեղենից ու մրգերից տարբեր ճաշատեսակներ, կազմակերպում են զբոսանք։ Բացի դրանից, զբոսաշրջիկները կարող են մասնակցել խաղերի, իրենց նախնադարյան մարդ զգալ` կրակ հայթայթելով, կառուցելով հյուղեր ու մրցակցելով միմյանց հետ, քաղաքակրթությունից հեռու ապրելու ունակությամբ:

Քալավանից որ հեռու (մոտ 20 կմ) կան մի քանի խոշոր հյուրանոցներ, որտեղ կարելի է գիշերել, քանի որ գյուղում դեռ շատ չեն զբոսաշրջիկների համար նախատեսված ապրելու վայրերը։

Էքստրեմալների համար

 - рис.5

Էքստրեմալ հանգստի սիրահարների համար նախատեսված է Էքստրիմ սպորտի պարկը (Yell Extreme Park), որը գտնվում է Երևանից 150 կմ հեռավորության վրա` Տավուշի մարզում, ծովի մակարդակից 1000–1300 մետր բարձրության վրա։ Պարկը տեղակայված է յուրահատուկ տարածաշրջանում, որի հուսիս–արևելյան մասը ծածկված է լեռներով, իսկ հարավում գտնվում է բարձր ձոր, որի երկարությունը կազմում է 5 կմ, իսկ խորությունը` 100 մետր։ Այդ ձորում կա երեք քարանձավ, որոնց երկարությունը կազմում է 10–ից 30 մետր, լայնությունը` 15 մետր, իսկ բարձրությունը` 1–10 մետր։

Ճանապարհն այդ կիրճով դեպի հարավ` խիտ անտառի միջով, հեղեղատի երկայնքով տանում է դեպի գետ։ Անտառում առատորեն աճում է վայրի տանձ և սալոր, հոն, ազնվամորի և ելակ։ Անտառի կենտրոնական մասում պահպանվել է 12–րդ դարում կառուցված Սուրբ Գրիգորի եկեղեցին։ Այստեղ բնությունն այնքան հիասքանչ է, որ այդ վայրը կոչում են Հայկական Շվեյցարիա։

Yell Extreme Park–ում մի շարք ծառայություններ են գործում` զիփլայն, պարաններով արգելքների այգի, պարապլաներիզմ, զորբինգ, փեյնթբոլ, ձիարշավներ, ժայռամագլցում, արտամայրուղային տուրեր, լեռնային հեծանվասպորտ: Կողքին «Apaga resort»-ն է: Հյուրանոցից ոչ հեռու գտնվում է կանաչ տարածք և 45 ձիերով ախոռ:

Հայաստանում կա նաև Rafting (լողարկում լեռնային գետերով): Լողարկման համար պիտանի գետերն են` Ձորագետը, Քասախը, Դեբեդը և Թարթարը (Արցախ):

Ձմեռային զբոսաշրջություն

 - рис.6

Ձմեռային զբոսաշրջության սիրահարներին արժե գնալ Երևանից 40 կմ հեռավորության վրա Մարմարիկ հովտում գտնվող Ծաղկաձոր: Դա մոտ 120 կմտարբեր բարդության ավտոճանապարհներ են` կան երեխաների և սկսնակների համար, կան նաև էքստրեմալները բարձունքների` մինչև 350 մ տարբերություններով:

Լեռնալանջերից ոչ հեռու 12-13-րդ դարի Կեչառիս հնագույն վանական համալիսրն է, իսկ արևոտ եղանակին լեռներից Սևանի և Արարատի հիասքանչ տեսարան է բացվում:

Հայաստանի առողջարանային հանգստավայրերը

 - рис.7

Նրանք, ովքեր ցանկանում են առոջղությունը լավացնել, արժե այցելել Հայաստանի առողջարանային հանգստվայրերը, որտեղ հանքային աղբյուրները և լեռնային մաքուր օդը պարզապես հրաշքներ են գործում:

Դիլիջան. ոչ միայն հնագույն ճարտարապետություն և զարդաքանդակներով պատշգամբներ ունեցող տներով գերեցիկ քաղաք է, այլ նաև լեռնակլիմայական և հանքային թերապիայի առողջարան: Այստեղ կան նաև հանքային ջրերի աղբյուրներ: Այդ աղբյուրների շուրջ կառուցվել է ավելի քան 20 հանգստյան տուն, պանսիոնատ, ներառյալ մեկ հակատուբերկուլյոզային առողջարան:

Ջերմուկ. ևս մեկ առողջարան հանքային աղբյուրներով, որը գտնվում է լեռներում, ավելի քան 2000 մետր բարձրության վրա: Կողքին անտառն է, լեռներ, Արփա գետը և ջրվեժներ։ Այստեղ կան նաև տաք և սառը հանքային աղբյուրներ, իսկ առաջիններն այս տարածքում առաջացել են դեռևս մ.թ.ա. 1–ին դարում։ Ի դեպ, այս առողջարանը համարվում է Հայաստանում ամենաբյուջեըայիններից մեկը։

Վանաձոր. Հայաստանի` մեծությամբ երրորդ քաղաքն է, գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած խառնարանում։ Վանաձորում շատ հարմար է համատեղել մշակութային հանգիստն առողջության համար օգուտով` այստեղ կան միջնադարյան վանքեր, ինչպես նաև հանքային աղբյուրներ, որոնց շուրջ կառուցված են ցեխաբուժության և ջրաբուժության ոլորտում մասնագիտացող կլինիկաներ։

Ավանդական փառատոներ և այլ միջոցառումներ

 - рис.8

Հայաստանում ամեն տարի անցկացվում է ավելի քան 30 ավանդական փառատոն։ Դրանք երաժշտական, գաստրոնոմիկ, գինու միջոցառումներ են, ավանդական տոներ, որոնք անտարբեր չեն թողնի երկրի ոչ մի հյուրի։ Դրանք անցկացվում են Երևանում և այլ խոշոր քաղաքներում, ինչպես նաև լեռնային գեղատեսիլ լանդշաֆթներում գտնվող ոչ մեծ գյուղերում, ուր կարելի է հիմնականում հասնել տաքսիով։ Նա, ով ուզում է այցելել այդ ավանդական միջոցառումներից մեկը, կարող է ինտերնետում տեղեկություն գտնել փառատոների և դրանց անցկացման ժամանակացույցի մասին։ 

Անցկացնելով արձակուրդը Հայրենիքում` դուք հնարավորություն եք ստանում ավելի լավ ճանաչել նրա պատմությունը և բնության գեղեցկությունը։ Տեսարժան վայրերի այսպիսի առատության դեպքում, հնարավոր է, ցանկանաք շարունակել և ընդլայնել ձեր ծանոթությունը։ Բացի այդ, փող ծախսելով ձեր հայրենիքում, դուք դրանով իսկ փոքր ներդրում կունենաք նրա տնտեսության մեջ։–0–  

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։