Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գումար ծախսելը շատ հաճելի է, հատկապես ամառը`երկար սպասված արձակուրդի նախաշեմին։ Սակայն պետք չէ մոռանալ գումար տնտեսելու և խնայելու մասին։ Ցավոք, գումար խնայելու ունակությունը կախված է ոչ միայն կամքի ուժից, այլև արտաքին ազդակներից, որոնք դրդում են մարդուն կատարել չմտածված ծախսեր։ Գոյություն ունեն բազմաթիվ հնարքներ, որոնք օգնում են չենթարկվել նման պրովոկացիաների և սկսել գումար խնայել։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։

1. Կոնկրետացրեք ձեր նպատակները։ Օրինակ, եթե դուք երազում եք Եվրոպա ճամփորդության մասին, որոշեք, թե կոնկրետ որ երկիր եք ցանկանում այցելել, որ քաղաքներն ու տեսարժան վայրերն եք ուզում տեսնել, երբ եք ուզում մեկնել։ Կոնկրետացնելով ձեր երազանքը` որոշեք ճամփորդության բյուջեն և հաշվեք, թե ամսական որքան գումար է պետք խնայել։ Դա կօգնի հեռու մնալ անպետք ծախսերից։ Բացեք կուտակային հաշիվ և յուրաքանչյուր աշխատավարձի 10%–ը փոխանցեք այդ հաշվի վրա։ Այդ խնայողությունների վրա կհաշվեգրվեն տոկոսներ, իսկ գումարը հուսալի պաշտպանված կլինի հենց ձեզնից, քանի որ չի ստացվի դրանք արագ կանխիկացնել։

2. Նախատեսեք ապագայում ավելի շատ գումար տնտեսել։ Երբ դուք նախօրոք տրամադրվում ենք աստիճանաբար ավելացնել տնտեսվող գումարի չափը, կամաց–կամաց սովորում եք այդ ամենին և սկսում եք ընկալել որպես նորմալ երևույթ։ Դա ավելի արդյունավետ է, քան հենց այս պահին մեծ գումար խնայելը։

3. Կրճատեք ինքնաբուխ գնումներն արհեստական խոչընդոտների օգնությամբ: Գաղթակղությունից հեռու մնալու համար գիտակցաբար արգելքներ և անհարմարություններ ստեղծեք ձեզ համար, օրինակ, մի պահպանեք բանկային քարտի մասին տեղեկությունն ինտերնետ խանութներում կամ բրաուզերում, օգտագործեք քարտ գումարային լիմիտով: Հետաձգեք գնումը մեկ ամսով` համոզվելու համար, որ ցանկանում եք ձեռք բերել հավանած իրը:

4. Նախընտրությունը տվեք խոշոր թղթադրամներին: Ընթացիկ ծախսերի գումարը պահեք խոշոր թղթադրամներով, քանի որ դրանք հոգեբանորեն ավելի դժվար է ծախսել: Կարելի է որոշակի արժեքով թղթադրամ մի կողմ դնել, օրինակ, յուրաքանչյուր 1000 դրամը, իսկ մանրը կուտակել առանձին:

5. Ինքներդ ձեզ համար գնումների կանոններ մշակեք: Օրինակ` ապրանք գնելիս օգտվել ակցիաներից և զեղչերից, օգտագործել քեշբեքով քարտ և այլն: Ժամանակի ընթացքում այդ կանոնները կդառնան ձեր բնավորության մի մասը և չեն լարի ձեզ:

6. Գնումների գինը վերածեք ժամերի, որոնք կպահանջվեն, որ դրանք գնելու համար աշխատեք: Երբ հասկանաք, թե որքան ժամ կամ նույնիսկ օր ստիպված կլինեք աշխատել` այդ ծախսը հետ բերելու համար, ապա, հնարավոր է, ձեզ ավելի հեշտ լինի հրաժարվել այդ ոչ շատ պիտանի իրից: Օրինակ, ինչու է պետք սմարթֆոնի վերջին մոդելը, եթե նախորդը դեռևս նորմալ աշխատում է:

7. Խանութ գնալիս մի ենթարկվեք արտաքին գրգռիչների ազդեցությանը: Հոգեբանները պարզել են, որ որքան հարմարավետ եք դուք ձեզ զգում խանութում (օրինակ, հանգստացնող երաժշտության, թխվածքի անուշահոտ բույրի և այլնի ազդեցության ներքո), այդքան ավելի երկար եք այնտեղ մնում: Իսկ դա նպաստում է, որպեսզի ավելի շատ գնումներ կատարեք: Այդ իսկ պատճառով ավելի լավ է երաժշտություն լսել սեփական ականջակալներով և քաղցած չգնալ մթերային խանութ: Այդ փոքրիկ խորամանկությունները թույլ կտան ձեզ դիմակայել խանութի տարբեր անուշահոտ բույրերին և գնել միայն այն, ինչ ձեզ իսկապես հարկավոր է:

8. Բանկային քարտի համար հատուկ պատյան ձեռք բերեք, որի վրա նշված կլինեն ձեր կարևոր ֆինանսական նպատակները: Դա ձեզ հեռու կպահի մանր, ոչ պետքական ծախսերից:

9. Գումարը խնայելը վերածեք խաղի: Հատուկ հավելվածներ կան, որոնք գումար կուտակելու գործընթացը յուրօրինակ խաղ են դարձնում, որին կարող եք հետևել և անգամ ստանալ մրցանակներ: Հնարավոր է նաև մասնակցել որևէ առցանց մրցաշարի, որտեղ մարդիկ մրցում են գումար կուտակելու վարպետության հարցում:

10. Փնտրեք սթրեսը հանելու նոր միջոցներ: Շատերի համար խանութ այցելությունները կամ շոփինգը տրամադրություն բաձրացնելու միջոց է: Սակայն դա վատ սովորություն է, որն աստիճանաբար դառնում է հիվանդություն` շոփոհոլիզմ: Նույնը կարելի է ասել նաև սրճարաններ, սպա կենտրոններ, գեղեցկության սրահներ այցելելու մասին: Դուք գումար եք ծախսում սթրեսը հանելու համար, իսկ հետո սթրեսի հերթական չափաբաժինն եք ստանում ոչ պետքական գնումների ու ծախսերի պատճառով: Ստիպված եք լինում ավելի շատ աշխատել,որպեսզի հնարավորություն ունենաք հանել սթրեսը ձեզ համար սովորական դարձած ձևով, իսկ արդյունքում ավելի շատ եք ձեզ սթրեսի ենթարկում և ստեղծում փակ օղակ, որից չեք տեսնում ելք: Այդ իսկ պատճառով փնտրեք սթրեսը հանելու ոչ ֆինանսական միջոցներ. զբոսանք, հաճելի շփում, սպորտ, երաժշտություն, այցելություններ ցուցահանդեսներ, համերգներ և այլն: Դա ավելի օգտակար կլինի և′ ձեզ, և′ ձեր դրամապանակի համար, իսկ տնտեսած միջոցները հնարավոր կլինի խնայել:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

