Գնում ենք արձակուրդ. ինչպե՞ս գումար տնտեսել
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Առջևում է ամառային երկար սպասված արձակուրդը և անմոռանալի տպավորությունները։ Անշուշտ, արձակուրդն ինքնին այդքան էլ էժան հաճույք չէ` ավիատոմսերի և հյուրանոցների պարտադիր ծախսեր, ժամանցի, էքսկուրսիաների, տեղական խոհանոցի կերակրատեսակների համտեսի անորոշ ծախսեր, հուշանվերների գնում, ինչպես նաև ծառայությունների վճարում։ Առաջին հայացքից այդ ամենը, կարծես թե, սովորական ծախս է թվում, բայց արդյունքում կարող է կլորիկ գումարի վերածվել։
Այդ իսկ պատճառով արձակուրդ գնալուց առաջ պետք է հնարավորինս մանրամասն հաշվարկել, թե որքան է մեզ համար արժենալու այս կամ այն ուղևորությունը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ հարևան երկիր մեկնելը և «յոթ ծովից այն կողմ» ուղևորվելը միանգամայն տարբեր արժեք ունեն։
Միջոցներ տնտեսելու համար խորհուրդ է տրվում նաև ուշադիր ուսումնասիրել այն երկրի արժույթը, որտեղ պատրաստվում եք մեկնել։ Որոշ երկրներ ավելի շահավետ է տանել եվրո, մյուս երկրներ` դոլար, մեկ այլ երկիր` ռուբլի և այլն։
Մի քանի գործնական խորհուրդ

Նախևառաջ, պետք է մեկընդմիշտ հիշել, որ չարժե արձակուրդ գնալ պարտքով կամ, ինչն ավելի վատ է, բանկից վերցրած վարկով։ Օտարերկրյա տուրի ընթացքում գնումների և ծառայությունների համար քարտով վճարելը սովորական մսխում է։ Տոկոսներով և հնարավոր այլ հավելավճարներով արձակուրդը չարդարացված թանկ հաճույք կդառնա։ Իհարկե, քննարկելով դա, մենք հաշվի չենք առնի այն չնախատեսված իրավիճակները, երբ նպատակային վարկը պարզապես անհրաժեշտություն է (այն էլ ոչ միշտ), օրինակ, հարսանեկան տուրերի կազմակերպման դեպքում։ Բայց սա արդեն ուրիշ պատմություն է։
Բաժանորդագրություն ցանցերում տեղեկություն ստանալու համար
Սոցցանցերի ակտիվ օգտատերերին օգտակար կլիներ նախապես բաժանորդագրվել առաջատար ավիաընկերությունների, տուրգործակալությունների և հյուրանոցային ցանցերի տեղեկություններին։
Թարմացվող տեղեկությունների օգնությամբ կարելի է արագ համոզվել, որ, օրինակ, Նիցայից Բարսելոնա 18 եվրոյով, իսկ Բարսելոնայից Հռոմ` 26 եվրոյով մեկնելը միանգամայն իրատեսական է։ Ամեն ինչ շատ պարզ է, եթե ժամանակին իմանանք այդ մասին ավիաընկերության` մեկանգամյա զեղչերի մասին տեղեկության և ժամանակին գնենք ավիատոմսերը «ջրի» գնով։ Այսպիսի անսպասելի անակնկալներ կարող են լինել տուրգործակալությունների և հյուրանոցների գովազդային լուրերում։ Հավանականություն կա, որ կարող է նաև արտասահմանյան տուրը, օրինակ, 70–տոկոսանոց զեղչ առաջարկել` ներառյալ ավիաթռիչքներն ու նորմալ հյուրանոցում ապրելը, կամ թեժ առաջարկ կարող է լինել, իսկ այդ դեպքում, հավատացեք, պարզապես ֆանտաստիկ թվեր են։
Ժանրի կանոններով` փորձառու ճանապարհորդի համար
Տնտեսելու դասական տարբերակն աշխատանքային օրերին ծրագրած ճանապարհորդությունն է։ Զբոսաշրջիկների հոսքի ամենաբարձրակետային ժամանակահատվածը հանգստյան և տոնական օրերն են։ Սովորաբար, երկուշաբթիից ուրբաթ գնացքների, ինքնաթիռների, նավերի և արագընթաց ավտոբուսների տոմսերն ավելի էժան են։
Միամտություն կլիներ չօգտագործել այս հնարավորությունը մի քաղաքից մյուսը մեկնելու ծախսերն օպտիմալացնելու համար։ Ի դեպ, հանգստյան և տոնական օրերին էքսկուրսիաների տոմսերը զգալիորեն թանկ են, քան աշխատանքային օրերին։ Եվս երկու բարի խորհուրդ` եթե ճանապարհորդում եք ամռանը, դա դեռ չի նշանակում, որ երթուղու որոշ կետերում ձեզ միայն տաք և արևոտ եղանակ է սպասվում։ Ավելի լավ է նախապես ծանոթանալ հիդրոմետ ծառայության կանխատեսմանը և, անհրաժեշտության դեպքում, վերցնել տաք բաճկոն, անձրևանոց կամ հովանոց։ Դա անելով` ստիպված չեք լինի ծովային քաղաքների գեղեցկությունը վայելել ավտոբուսի պատուհաններից կամ սովորական հովանոցի համար հավելյալ գումար վճարել։ Նույնը վերաբերում է ջրին և զովացուցիչ ըմպելիքներին։ Այդ իսկ պատճառով, ճանապարհին փոքր շշով ջրի համար 3-5 եվրո չվճարելու համար նախապես ջուր գնեք մոտակա խանութից շատ ավելի էժան գնով։
Տնտեսում ենք կապի և տրանսպորտի հաշվին

Ժամանելով այն երկիր, որտեղ որոշել ենք անցկացնել ձեր արձակուրդը` առաջին հերթին գնեք տեղական SIM քարտ: Ցանկալի է, որպեսզի դա լինի ձեզ հայտնի օպերատորի քարտ: Այս դեպքում զանգերը տուն կլինեն շատ էժան, իսկ հեռախոսահամարով քարտը հնարավոր կլինի պահել մինչև հաջորդ ճամփորդություն կամ տալ ծանոթներին, ովքեր պատրաստվում են մեկնել նույն երկիր: Ինչ վերաբերում է տրանսպորտի հարցում գումար տնտեսելուն, ապա կարևոր է իմանալ, որ օդանավակայանից հյուրանոց հասնելու ամենաէժան միջոցն աէրոէքսպրեսն է: Ընդ որում, օգտվելով աէրոէքսպրեսից` կարելի է տնտեսել ոչ միայն գումար, այլև ժամանակ: Չարժե նաև չարաշահել տաքսիով երթևեկությունը, ինչն իսկապես թանկ է, հարկավոր է ավելի շատ օգտվել մետրոյից և հանրային տրանսպորտի այլ տեսակներից: Հիմա ինտերնետային քարտերի միջոցով կարելի է հաշված վայրկյաններում կազմել ցանկացած երթուղի`չվախենալով մոլորվել օտար քաղաքում: Մեկանգամյա օգտագործման ուղևորատոմսի փոխարեն կարելի է գնել ժամանակավոր ուղևորատոմսեր, որոնք գործում են տուրիստական քաղաքներից շատերում:
Tax free շոփինգի սիրահարների համար
Ճամփորդելով արտերկրում և կատարելով գնումներ` կարելի է օգտվել tax free ծառայությունից: Շատ երկրներ պատրաստ են օտարերկրյա զբոսաշրջիկներին վերադարձնել վաճառված ապրանքի ավելացված արժեքի հարկը: Tax free բառացի նշանակում է «առանց հարկ»: Սակայն, ուշադրություն: Եթե դուք օտար երկրում օրինակ գնել եք զգեստ և կոստյում, հագել դրանք ու գնացել օրինակ ռեստորան, ապա tax free ծառայությունն այլևս չի գործի այդ գնումների համար: Իսկ եթե դուք ցանկանում եք նույն իրերը փաթեթավորված տեղափոխել հայրենիք, ապա սահմանը հատելու ժամանակ չեկն ու կտրոնը ներկայացնելու դեպքում ձեզ կվերադարձնեն ծախսած գումարi մի մասը: Եվ այսպես, չենք մոռանում tax free ծառայության մասին, որի օգնությամբ կարելի է տնտեսել արտերկրում գնումների վրա ծախսած գումարի 7-20%-ը:
Պլաստիկ քարտեր

Արտերկրում բանկոմատներից ավելի լավ է կանխիկացնել քիչ գումար` միջնորդավճարն իմանալու համար: Սակայն ավելի լավ է վճարել պլաստիկ քարտով, այդպես մենք կվճարենք մեր բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով: Միաժամանակ փորձեք ընդհանրապես չօգտվել վարկային քարտերից: Նախընտրելի է ճամփորդելիս վերցնել երկու-երեք պլաստիկ քարտեր` տարբեր գումարներով: Այդպիսով, կարելի է միանգամից լուծել մի քանի խնդիր: Մի կողմից, մենք կնվազեցնենք մեկ քարտի կորստից, գողությունից ստացված ռիսկը, մյուս կողմից կօգտվենք կոնկրետ քարտից` կախված նախօրոք նախատեսված ծախսերից: Օրինակ, քարտի վրա, որով վճարելու ենք հյուրանոցում, փոխանցում ենք ամրագրման չեկում նշված գումարից մի փոքր շատ գումար, այդ կերպք ապահովում ենք բավականին խոշոր վճարում անկանխիկ եղանակով: Բացի այդ, յուրաքանչյուր քարտի վրա (եթե անգամ դրանք բազմարժութային են) կարելի է պահել տարբեր արժույթ: Այդպես հարմար է, եթե արձակուրդի ժամանակ նախատեսում ենք այցելել մի քանի եվրոպական երկիր:
Նման դեպքում արդարացված քայլ կլինի, եթե դուք ձեր գումարի մի մասը վերցնեք դոլարով, իսկ մյուսը` եվրոյով: Ի դեպ, լավ կլինի, եթե դուք նախօրոք համացանցում ծանոթանաք այդ երկրներում գործող արտարժույթի փոխարժեքներին, չէ՞ որ այնտեղ հարկ եղած դեպքում ստիպված կլինեք դրամով գնել դոլար կամ եվրո: Սակայն կարող է պատահել նաև այնպես, որ ավելի ձեռնտու լինի դրամով միանգամից գնել արտարժույթ: Նման բան արդեն պատահել է, այդ պատճառով հարկավոր է հետևել փոխարժեքին և կարողանալ հաշվել:
Հինգ աստղ երեքի գնով
Ցանկանալով տնտեսել արտերկրկյա ճամփորդության ժամանակ`մենք այնուամեյնանիվ չենք ցանկանում խիստ սահմանափակել մեզ հարմարավետության ու անվտանգության հարցերում, այդ իսկ պատճառով միանգամից բացառում ենք հոստելների տարբերակը: Հոստելների մեծ մասը սովորական հանրակացարանների բարելավված տարբերակն է: Հոստելներ մեզ պետք չեն, ինչպես նաև երեք աստղանի հյուրանոցներ: Մենք առնվազն ցանկանում ենք հարմարավետ արձակուրդ անցկացնել 4 կամ 5 աստղանի հյուրանոցում 3 աստղանիի գնով: Դա հնարավո՞ր է, իհարկե: Դրա համար, ինչպես արդեն նշվել է, պետք է ավելի ակտիվ օգտվել սոցցանցերից, իմանալ, թե երբ են լինում զեղչեր ու տարբեր ակցիաներ, որոնք պարբերաբար անցկացնում են տուրիստական գործակալություններն ու հյուրանոցները:
Էքսկուրսիա և թանգարաններ` տուրքարտով
Տեղի էքսկուրսավարների ընտրության հարցում կարելի է իսկապես տնտեսել։ Տուր կամ ուղեգիր ձեռք բերելիս ուշադիր լսում ենք տուրիստական գործակալի փաստարկներն այն մասին, որ փաթեթում պարզապես անհրաժեշտ է ներառել էքսկուրսիաները, քանի որ այդպես ավելի էժան կստացվի:
Միանգամից ասում ենք, որ այդպես չի ստացվի: Առնվազն կրկնակի ավելի էժան կնստի, եթե էքսկուրսիաներ վերցնեք տեղում `շփվելով տեղի գործակալների հետ և վերջնական կողմնորոշվեք` հաշվի առնելով սեփական նախասիրությունները, բյուջեն, տրամադրությունը, տարիքը, ինքնազգացողությունը, եղանակը և այլ կարևոր գործոններ: Շատ ավելի էժան կստացվի, գուցե նաև անվճար, եթե համացանցում որոնեք «Berlin free walking tour» կամ գտնեք կամավորական կազմակերպությունների կայքեր, որոնք կան Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Նման էքսկուրսիաներն անցկացվում են անվճար ու բավականին բարձր մակարդակով։
Բացի այդ, եվրոպական շատ երկրներում կարելի է ձեռք բերել տուրիստական քարտեր: Օրինակ, 35 եվրոյով ձեռք բերելով նման քարտ Բարսելոնայում` հնարավոր է երկու օր անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով, անվճար այցելել 15 թանգարաններ ու տեսարժան վայրեր, մեծ զեղչեր ստանալ ևս 25 թանգարաններ, ռեստորաններ, ակումբներ և անգամ կենդանաբանական այգի այցելելիս։
Ավելին, այդ քարտով նախատեսված են նաև զեղչեր քաղաքի կենտրոնում գտնվող մի շարք խանութ–սրահներում հուշանվերներ ձեռք բերելու համար: Եվ նման քարտեր վաճառվում են ոչ միայն Իսպանիայում:
Պոստֆակտում
Արձակուրդ մեկնելիս պետք չէ տնտեսել բժշկական ապահովագրության վրա։ Դա նույնիսկ չի քննարկվում, քանի որ ճանապարհին ամեն ինչ հնարավոր է, և դժվար պահին կարող է օգնել միայն ճիշտ լրացված ու վստահելի ապահովագրողի կողմից տրամադրված ապահովագրությունը։ Ամենակարևորը վստահ լինելն է, որ մեր ապահովագրությունը կկարողանա ծածկել այն հիմնական ապահովագրական դեպքերը, որոնք մեծ հավանականությամբ կարող են պատահել ճանապարհին։
Այս իսկ պատճառով պետք է հենց սկզբից ուշադիր ուսումնասիրել սահմանափակումների ցուցակը, այն դեպքերը, որոնք ներառված չեն այդ ցուցակում։ Հաճախ այդ ցուցակում չեն ներառվում ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ ստացված վնասվածքները, ինչպես նաև այն դեպքերը, երբ ճամփորդի մոտ սրվում է քրոնիկ հիվանդությունը։
Չենք տնտեսում նաև անվտանգության վրա։ Դա արդիական է, քանի որ ճանապարհորդության մեկնելիս մենք վերցնում ենք մեզ հետ անձնական փաստաթղթեր ու փող` կանխիկ ու պլաստիկ քարտերով։ Այդ իսկ պատճառով պետք է հիշել, որը փողերը, պլաստիկ քարտերը ու փաստաթղթերը պետք է պահել սեյֆում, իսկ քարտերի PIN–ները պահել դրանցից հեռու։
Մի խոսքով, լավ հանգստացեք արձակուրդի ժամանակ, ուժ և էներգիա հավաքեք, սակայն միաժամանակ զգոն եղեք, որպեսզի հանգիստը ձեզ պատճառի հաճույք և չդառնա անպետք մտահոգությունների առիթ։–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

