Ֆրիլանս. ինչպե՞ս պաշտպանվել խաբեբաներից
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Վերջին տարիներին ֆրիլանսը լայն տարածում է գտել «ազատ ստեղծագործողների» շրջանում, որոնք ուզում են փող աշխատել` դուրս չգալով տնից։ Այսօր հեռակա աշխատանքի ոլորտը բուռն զարգացում է ապրում։ Ինտերնետում հարյուր հազարավոր հայտարարություններ կան տան պայմաններում շահութաբեր աշխատանքի մասին, սակայն մի շտապեք ընդունել նման առաջարկներ, քանի որ ֆրիլանսի զարգացմանը զուգահեռ բուռն զարգանում է նաև խաբեբայությունն այս ոլորտում` ընդունելով ավելի հնարամիտ ձևեր։ Ընդ որում, այդ գործընթացում մասնակցում են երկու կողմերն էլ` ինչպես պատվիրատուն, այնպես էլ ֆրիլանսերը, սակայն պատվիրատուներն ավելի հաճախ են խաբում ֆրիլանսերներին։
Նմանատիպ խաբեություններից տուժում են առաջին հերթին սկսնակ ֆրիլանսերները։ Այդ իսկ կապակցությամբ «Նովոստի Արմենիա» գործակալությունը ներկայացնում է առավել հաճախ օգտագործվող խարդախության սխեմաները, որոնք կիրառվում են անփորձներին խաբելու համար, ինչպես նաև տալիս է մի քանի խորհրուդ, թե ինչպես չհայտնվել խաբեբաների ծուղակում։
Մի՛ հավատացեք. ակնհայտ խաբեություն է
Ֆրիլանսում խաբեության ամենատարածված տեսակը կոչվում է «թեստային առաջադրանք», որի իմաստն այն է, որ պատվիրատուն առաջարկում է սկսնակ ֆրիլանսերին թեստային առաջադրանք կատարել` նախազգուշացնելով, որ այդ առաջադրանքը չի վարձատրվելու։ Սակայն եթե նա որակով կատարի այդ թեստային առաջադրանքը (կամ բոլորից լավ, եթե դա մրցույթ է), ապա նրան կընդունեն մշտական աշխատանքի` որպես ֆրիլանսեր, դրանից հետո արդեն նա կսկսի կանոնավոր ստանալ առաջադրանք ու վարձատրվել դրա դիմաց։
Ինչպես կարելի է կռահել, այդ «թեստային առաջադրանքը» կատարելուց հետո ոչ մեկ չի պատրաստվում վճարել։ Լավագույն դեպքում կատարողին քաղաքավարի կտեղեկացնեն, որ նա չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը կամ կատարել է բոլորից վատ, այդ իսկ պատճառով նրան չեն կարող ընդունել աշխատանքի։ Սակայն շատ անգամ պատվիրատուներն ուղղակի խզում են կապը ֆրիլանսերի հետ։
«Թեստային առաջադրանքին» է վերաբերում նաև այնպիսի մի իրավիճակ, երբ պատվիրատուն ընդհանրապես հրաժարվում է վճարել ֆրիլանսերին աշխատանքի համար։ Նման իրավիճակում խաբեբաները կատարողին ամենասկզբից խոստանում են վճարել կատարած աշխատանքի համար։ Սակայն առաջադրանքը կատարելուց հետո կապը խաբեբաների հետ հանկարծ կորում է կամ ֆրիլանսերին հայտնում են, որ կատարած աշխատանքի որակը նրանց դուր չի գալիս, այդ իսկ պատճառով նրանք մտադիր չեն վճարել։
Ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը
Խաբեբաներին բախվելու ռիսկը կնվազի, եթե պատվիրատուներին փնտրեք հատուկ ֆրիլանս բորսաների միջոցով։ Սկսնակների համար ամենահարմարը Work-zilla Kwork–ն է, ինչպես նաև Moguza–ն` նախագիծ, որտեղ կարող եք թողնել հայտարարություններ, որ կոնկրետ գումարով կկատարեք սա կամ սա։
Տարածված են նաև հեռահար աշխատանքի ֆրիլանս բորսաները` FL.ru նախագիծը գործում է 2005 թվականից և լավագույններից մեկն է,
Weblancer.net ծառայությունը գործում է 2003 թվականից և նույնպես հարմար է ֆրիլանսից գումար վաստակելու համար։ Freelance.ru–ն հեռահար աշխատելու ևս մեկ հեղինակավոր ծառայություն է։ Գոյություն ունեն նաև քոփիրայթերների և ռեռայթերների բորսաներ, որտեղ կարելի է գումար աշխատել տեքստեր գրելու միջոցով։ Դրա համար հարմար են Advego Text.ru և Etxt.ru հարթակները։
Կարելի է «բախտը փորձել» նաև միջազգային ֆրիլանս բորսաներում, որտեղ ավելի շատ են վճարում, բայց պահանջներն էլ են ավելի խիստ։ Դա 2005 թվականին ստեղծված Freelancer.com բորսան է` աշխարհում հեռահար աշխատանքի ամենախոշոր բորսան։
Այստեղ հավաքված են մոտ 250 երկրների գործատուներ և կատարողներ։ Թեև կարգավորումներում հնարավորություն կա ընտրելու ձեզ հարմար լեզուն, հաջողված լինելու համար անգլերենի իմացությունն անհրաժեշտ է։ Upwork.com –ը միջազգային ևս մեկ խոշոր բորսա է, որն ավելի հարմար է փորձառու մասնագետներին։
Հատկանշական է, որ ֆրիլանսի բորսաների մեծ մասը չի դադարում նախազգուշացնել կատարողներին նախագծի շրջանակում գործակցությունից առաջ թեստային աշխատանքների կատարման անընդունելիության մասին։ Այսինքն, նախևառաջ, ձեր հայտը պետք է ընդունվի, մտնի գործի մեջ, իսկ այնուհետև արդեն կարելի է անցնել առաջադրանքի կատարմանը։
Ցավոք, խաբեբաները կարող են շահ ունենալ ձեր հետ գործարքից նույնիսկ բորսայի հետ գործակցության դեպքում` հանդես գալով որպես չափազանց բծախնդիր պատվիրատու։
Ինչպե՞ս են նրանք դա անում։ Դուք, կատարելով աշխատանքը տեխնիկական առաջադրանքին համապատասխան, ուղարկում եք այն պատվիրատուին։ Եվ այստեղ սկսվում են անդադար մանրախնդրությունները, հայտնաբերվում են հազարավոր սխալներ և անճշտություններ։ Ձեզ մի քանի անգամ վերադարձնում են աշխատանքը լրամշակելու և ասում են, որ դուք չեք կարողացել կատարել աշխատանքը։ Այդ իսկ պատճառով այն չի վճարվի, իսկ որոշ ժամանակ անց դուք հայտնաբերում եք ձեր աշխատանքը համացանցում։
Փորձառու ֆրիլանսերների խորհուրդները
Փորձառու ֆրիլանսերները պնդում են, որ կատարողներին խարդախներից պաշտպանող 100–տոկոսանոց միջոց գոյություն չունի։ Բայց միաժամանակ տալիս են մի քանի պրակտիկ խորհուրդներ, որոնք կարող են հուսալի կողմնորոշիչներ դառնալ իրենց ուժերը ֆրիլանսում փորձողների համար։
1. Երբեք մի կապվեք այն պատվիրատուների հետ, ովքեր վարկանիշներ չունեն ֆրիլանս բորսաներում, և նրանց մասին, համապատասխանաբար, օբյեկտիվ գնահատականներ չկան։
2. Բոլոր հասանելի միջոցներով հնարավորինս շատ տեղեկություն իմացեք ձեր հնարավոր գործատուի մասին բանակցությունների սկզբում, իմացեք նրա գտնվելու վայրը և տվյալները։
3. Իմանալով հեռախոսահամարն ու հասցեն` ստուգեք դրանք։ Զանգեք այդ հեռախոսահամարով, գտեք ընկերության գրասենյակը հատուկ տեղեկատուների միջոցով (օրինակ` Дубль ГИС կամ Два ГИС, որոնք ռուսական տեղեկատու ծրագրեր են ՌԴ–ի և ԱՊՀ–ի խոշորագույն քաղաքների քարտեզների վրա`նախատեսված ապրանքներ և ծառայություններ որոնելու համար)։ Այսօր այդ տեղեկատուում ներառված են ավելի քան 100 խոշոր քաղաքներ` մանրամասն քարտեզներով և ձեռնարկությունների ամբողջական կատալոգներով։ Տեղեկատուն գործում է ինչպես առանձին հավելվածի տեսքով, այնպես էլ առցանց` 2gis.ru կայքի միջոցով։ Տեղեկատուի բոլոր ծառայություններն անվճար են։ Եթե ընկերությունը ձեր քաղաքում է, այցելեք իրենց։
4. Խաբեբաները հիմնականում պահանջում են մանրամասն ինքնակենսագրական և այլ տեղեկություններ, սակայն իրենց մասին գրեթե ոչինչ իեն հայտնում, չնայած ձեր բազմաթիվ խնդրանքներին։ Դա նշանակում է, որ նրանք թաքցնելու բան ունեն, և չարժե շարունակել նրանց հետ շփումը։
5. Փորձեք ձեր մասին որքան հնարավոր է քիչ տվյալներ հաղորդել, հատկապես` բնակության վայրի մասին։ Եթե խաբեբաները հասկանան, որ դուք ապրում եք այլ քաղաքում, նրանք կառաջարկեն շարունակել բանակցություններն էլեկտրոնային փոստի կամ ֆրիլանսի բորսայի ներքին հաղորդակցության համակարգով, այդպես նրանց ավելի հեշտ կլինի խաբել ձեզ։
6. Եթե պատվիրատուն առաջարկի հանդիպել իր գրասենյակում, միշտ նշեք, որ պատրաստ եք այցելել, իմացեք գրասենյակի հասցեն և պայմանավորվեք։ Եթե դուք ուրիշ քաղաքից եք, ապա միշտ կարող եք հրաժարվել հանդիպումից` նշելով, որ զբաղված եք։ Եթե պատվիրատուն ձեր քաղաքացի է, մի զլացեք և կազմակերպեք անձնական հանդիպում։
7. Համացանցում միշտ կարելի է տեղեկատվություն գտնել այն ընկերության մասին, որտեղ դուք ուզում եք աշխատել որպես ֆրիլանսեր։ Կարելի է որոնողական համակարգերում մուտքագրել ընկերության անվանումը կամ էլեկտրոնային հասցեն և գտնել տեղեկատվություն։ Եթե դա իրական ընկերություն է, դուք կգտնեք տեղեկատվություն նրա գործունեության մասին և այդ ժամանակ կկարողանաք ճիշտ որոշում ընդունել։
8. Համացանցում կարելի է գտնել այսպես կոչված «գործատուների սև ցուցակ»։ Նման ցուցակներ կան ինչպես առանձին կայքերում, այնպես էլ աշխատանքի որոնման, ֆրիլանսին վերաբերող թեմատիկ կայքերում։ Եթե դուք պարզեք, որ պոտենցիալ գործատուն ներառված է այդ ցուցակներից մեկում, ապա խզեք բոլոր կապերը նրա հետ։
Ամփոփում

Այսօր խաբեբաները բուռն գործունեություն են ծավալում համացանցում և իրենց բավականին հարմարավետ են զգում, քանի որ նրանց դեռ դժվար է գտնել ու պատժել։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց պատճառով կարելի է հրաժարվել հետաքրքիր աշխատանք և արժանի աշխատավարձ ունենալու երազանքից։ Չէ՞ որ հարյուր հազարավոր ֆրիլանսերներ արդեն անցել են այդ ճանապարհով և եկամուտ են ստանում նմանատիպ նախագծերից։ Նշանակում է, որ դուք էլ հնարավորություն ունեք։ Բաց մի′ թողեք այն։–0–

