Ֆինանսական կրթությունը հարկավոր է սկսել վաղ տարիքից

03.04.2017, 14:10
ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Կենտրոնի գործունեության, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման ոլորտում առկա խնդիրների և ծրագրերի մասին։
Ֆինանսական կրթությունը հարկավոր է սկսել վաղ տարիքից
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆինանսների գրագետ կառավարումը միշտ եղել է բնակչության կայուն եկամուտների ապահովման հիմնական պայմանը։ Ինչպե՞ս սովորեցնել մարդկանց ճիշտ տնօրինել սեփական գումարը, խուսափել չարդարացված ծախսերից, ոչ միայն պահել, այլև բազմապատկել սեփական եկամուտներն ու խնայողությունները, այս հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ ֆինանսական կրթության ընթացքում։

Հայաստանի կենտրոնական բանկն արդեն 10 տարի է` ակտիվորեն զբաղվում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման հարցով։ Կարգավորիչի գործունեության այս բաղկացուցչի գլխավոր նպատակն է ապահովել բնակչության ֆինանսական գիտելիքների նվազագույն հիմք։

Եվ այս գործընթացում ԿԲ–ն մեծապես կարևորում է լրատվամիջոցների դերակատարությունը։ Այս կապակցությամբ ապրիլի 1–ից մեկնարկում է «Ֆինանսական գրագիտություն» նոր նախագիծը, որն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկն ու «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը։

ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Կենտրոնի գործունեության, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման ոլորտում առկա խնդիրների և ծրագրերի մասին։

«Նովոստի–Արմենիա» – Արդեն 10 տարի ՀՀ ԿԲ–ն զբաղվում է հասարակության ֆինանսական իրազեկվածության բարձրացմամբ։ Ո՞րն է այդ աշխատանքի հիմնական նպատակը։

Ա. Մկրտչյան – Կենտրոնական բանկը 2007 թ.–ից իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական իրազեկվածության գործառույթ։ Մինչ 2007 թ.–ը կարգավորումն, առաջին հերթին, կապված էր ֆինանսական կազմակերպությունների հետ, իսկ սպառողների խնդիրներին ուշադրություն չէր հատկացվում։ Հիմա մեզ ավելի շատ մտահոգում է սպառողների պաշտպանվածությունը ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ լինեն բավականին զինված գիտելիքներով և հնարավորություն ունենան պաշտպանել սեփական շահերը, օգտվել ծառայություններից և իրականացնել գործարքներ` ելնելով սեփական շահից, ֆինանսական կազմակերպությունների հետ հավասար մակարդակում։ Մի խոսքով, մեր խնդիրն է հավասարակշռություն ստեղծել «ֆինանսական կազմակերպություն–սպառող» հարաբերություններում։ Ինչպես երևում է անվանումից, մեր Կենտրոնը միավորում է երկու աշխատանքային բլոկ։ Առաջինը սպառողների իրավունքների պաշտպանությունն է, ինչի համար մենք մշակում ենք օրենքներ, կանոններ և հետևում ենք, որպեսզի դրանք իրականացվեն ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Երկրորդը բնակչության ֆինանսական իրազեկվածությունն է։ Մեր գործունեության այս բաղկացուցիչն ուղղված է բնակչության ֆինանսական գիտելիքների նվազագույն հիմքի ապահովմանը։ Որքան էլ խղճով լինի ֆինանսական կազմակերպությունը, որքան էլ իրազեկի սպառողներին, եթե չկան գոնե տարրական ֆինանսական գիտելիքներ, բարդ է «գլուխ հանել» ֆինանսական կազմակերպության տրամադրած ծառայությունների պայմաններից։ Իսկ դպրոցական կրթությունը դեռևս, ցավոք, չի տալիս բազային ֆինանսական գիտելիքներ։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ եք անում իրավիճակը բարելավելու համար

Ա. Մկրտչյան – 2014 թ.–ին Կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության կողմից մշակվել և ընդունվել է Ֆինանսական գրագիտության ազգային ռազմավարություն և ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը միավորում է բոլոր շահագրգիռ կողմերին` կառավարությանը, հասարակական և առևտրային ֆինանսական կազմակերպություններին։ Ակնհայտ է «պետություն–հասարակություն–մասնավոր հատված» համագործակցությունը։ Կենտրոնական բանկը միայնակ չի կարող զբաղվել այս խնդրով։ Ռազմավարությունը մշակված է 20 տարով, իսկ գործողությունների կոնկրետ ծրագիրը նախատեսված է 5 տարով։ Ընդունված ռազմավարության շրջանակում մեր գործունեության գլխավոր ուղղություններից է ֆինանսական կրթությունը դպրոցներում։

«Նովոստի-Արմենիա» - Դուք գործակցու՞մ եք Կրթության նախարարության հետ:

Ա. Մկրտչյան – Եվ շատ ակտիվ: Կասեի, որ Հայաստանն այդ իմաստով կարող է օրինակ ծառայել: Այլ երկրներում, որպես կանոն, այդպիսի գործակցություն գոյություն չունի: Իսկ մեզ մոտ Կրթության նախարարությունը հաճախ ինքն է Կենտրոնական բանկի հետ համատեղ նախագծերի նախաձեռնողը: Փորձը ցույց է տալիս, որ մեծահասակներին դժվար է փոխել ֆինանսական վարքագիծը, նրանք վարվում են այնպես, ինչպես սովոր են: Այդ պատճառով շատ կարևոր է ֆինանսական կրթությունը ստանալ փոքր տարիքից: Դպրոցականների համար արդեն մշակած ծրագիր կա: Այս ամառ կսկսենք տասը դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, իսկ սեպտեմբերից այդ դպրոցներում կսկսվի պիլոտային ծրագիր, և մենք կհասկանանք, թե որքանով է աշխատում մեր մշակած ծրագիրը:

«Նովոստի-Արմենիա» - Դպրոցներում նոր առարկա է ներդվելու՞:

Ա. Մկրտչյան – Ոչ: Առանձին առարկա, հնարավոր է, լինի միայն ավագ դպրոցում՝ մասնագիտացման շրջանակում: Իսկ մեր նախագիծը ենթադրում է ֆինանսական իրազեկության հետ կապված լրացումների կատարում հինգ առարկաների ծրագրում, որոնք ուսումնասիրում են 1-12 դասարանների աշակերտները:

Դրանք են՝ «Շրջակա միջավայր», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» և «Տեխնոլոգիա»: В 2017-2018 ուսումնական տարում կանցկացվի ծրագրի փորձնական փուլը, 2018 թվականին կսկսվի ուսուցիչների ծավալուն վերապատրաստում: Կարող եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ուսուցիչների վերապատրաստում հինգ առարկաներից: 2018-2019 ուսումնական տարում, կարծում եմ, կավարտենք տվյալ ծրագրի ներդրումը դասագրքերի համապատասխան լրամշակմամբ:

Բացի այդ, ամբողջ տարվա ընթացքում մենք անցակացնում ենք ֆինանսական իրազեկությանն ուղղված զանազան միջոցառումներ: Օրինակ, անցկացնում ենք սեմինարներ զինծառայողների համար՝ և՛ սպայական կազմի, և՛ ռազմական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Կան նախագծեր, որոնց շրջանակում անցկացվում են սեմինարներ գյուղական շրջանների բնակիչների համար, մշտական աշխատանք է տարվում դպրոցների և բուհերի հետ: Դուք գիտեք, որ ամեն տարի իրականացնում ենք «Անձնական ֆինանսների ամիս» ծրագիրը, որը հագեցած է տարբեր միջոցառումներով: Դրանք և էքսկուրսիոն շրջայցեր են ֆինանսական կառույցների (բանկերը, ի դեպ, Բաց դռների օրեր են կազմակերպում) գործունեությանը ծանոթանալ ցանկացողների համար և սեմինարներ բոլոր ցանկացողների համար, միջհամալսարանական վիկտորինաներ, մրցումներ, «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ», «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղեր հանրապետության 11 մարզերի դպրոցականների համար և այլն: Մեկ ամսում այսքան խիտ միջոցառումների իմաստը մարդկանց ուշադրությունը գրավելն է և ստիպել նրանց վերանայել վերաբերմունքը ֆինանսների նկատմամբ:

Փետրվարին մենք գործարկել ենք «Ֆինանսկան ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը: Խաղը մշակել է Visa International-ը, մենք այն թարգմանել, հարմարեցրել ենք մեր իրականությանը և գործարկել ենք abcfinance.am մեր կայքում: Այցելությունները շատ են: Ասեմ ավելին՝ այժմ մենք թարմացնում ենք կայքը, և դրա նպատակներից մեկն ավելացած տրաֆիկին դիմանալն է:

Ի դեպ, մեր կայքում կարելի է տեղեկություն ստանալ անձնական ֆինանսների մասին, այստեղ չկա գովազդ, չկա ինչ-որ մեկի շահերի առաջխաղացում, միայն անկողմնակալ տեղեկատվություն: Մենք փորձում ենք պահպանել սոցցանցերում մեր ակտիվությունը, իսկ քանի որ երիտասարդ լսարանը հենց այնտեղ է, ապա abcfinance.am-ը ներկայացված է և՛ Facebook-ում, և՛ Twitter-ում:

«Նովոստի-Արմենիա» - Արդյոք կա՞ն փոփոխություններ, և ինչպե՞ս եք որոշում ձեր աշխատանքի արդյունավետությունը:

Ա. Մկրտչյան – Փոփոխություններ տեղի են ունենում: Եվ մենք դա տեսնում ենք, նախևառաջ, ստացվող բողոքների, մեր «թեժ գծին» ((+37410) 592697) ստացվող զանգերի քանակով և տրվող հարցերի որակով: 2017 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում ստացել ենք շուրջ 1700 զանգ, ինչն ավելի շատ է, քան ողջ նախորդ տարվա ընթացքում: Ավելանում է ֆինանսական հաշտարարին դիմողների թիվը: Այս ամենը նշանակում է, որ սպառողներն ավելի շատ են տեղեկացված իրենց իրավունքների մասին և գիտեն, ինչպես դրանք պաշտպանել: Միաժամանակ, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռ աշխատելու տեղ ունենք: Ստացվող դիմումների 42 տոկոսը վարկը չեղարկելու, վարկ տրամադրելու և նմանատիպ խնդրանքներ են, և դա, իհարկե, տխրեցնում է, քանի որ շատերը դեռ չեն պատկերացնում, թե ինչպես է գործում ֆինանսական համակարգը: Նրանց թվում է, թե ամեն ինչում մեղավոր են պետությունը և Կենտրոնական բանկը: Նրանք չեն հասկանում, որ առևտրային բանկը բիզնես ընկերություն է, և Կենտրոնական բանկն իրավունք չունի ասել առևտրային բանկերին՝ ում և ինչ ծավալի վարկ տրամադրել, վարկ չեղարկել. ԿԲ–ն միայն հետևում է, որպեսզի ֆինանսական կազմակերպություններն աշխատեն գործող օրենսդրության շրջանակում:

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆինանսական իրազեկվածության հարցում առկա է մեծ անդունդ Երևանի և մարզերի միջև, առկա է ֆինանսական գիտելիքները ծերերին մատուցելու, ինչպես նաև սեփական հնարավորությունները գերագնահատելու խնդիր: Մարդկանց թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, և նրանց հարկավոր չէ սովորեցնել: Այդ կարծրատիպը կոտրելը ևս մեծ մարտահրավեր է:

«Նովոստի-Արմենիա» - Որքա՞ն ակտիվ եք համագործակցում ԶԼՄ-ների հետ, և ԶԼՄ-ները՝ ձեզ հետ:

Ա. Մկրտչյան – Մեր բոլոր միջոցառումներին մենք հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցներին և ձգտում ենք համագործակցել նրանց հետ, հրապարակում ենք մեր նյութերը: Սակայն նախաձեռնությունը միշտ բխում է մեզնից: Չէի ասի, որ ԶԼՄ-ները հետաքրքրություն են դրսևորում ֆինանսական իրազեկվածության թեմայի նկատմամբ: Մենք հասկանում ենք, որ ֆինանսական իրազեկվածությունը պարզապես ամենօրյա աշխատանք է, այլ ոչ թե պատահար, պայթյուն, սպանություն, որոնք հետաքրքրության ալիք են առաջացնում հեռուստադիտողի և ընթերցողի շրջանում, այդուհանդերձ, ցանկալի է ավելի շատ ուշադրություն: Այժմ մենք «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ սկսում ենք նոր և հետաքրքիր նախագիծ ֆինանսական գրագիտության թեմայով: Որպես գաղտնիք ասեմ, որ մենք այս նախագծի հետ մեծ հույսեր ենք կապում: -0-