Դյուրացվել է ավտոմեքենայի ապահովագրումը Հայաստան մուտք գործելիս

03.04.2017, 13:47
ՀՀ կառավարությունը դյուրացրել է ԱՊՊԱ–ի ձևակերպման կարգը սահմանին` Հայաստան մուտք գործելիս։
Դյուրացվել է ավտոմեքենայի ապահովագրումը Հայաստան մուտք գործելիս

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը դյուրացրել է ԱՊՊԱ–ի ձևակերպման կարգը սահմանին` Հայաստան մուտք գործելիս։

Նման որոշում էր ընդունվել կառավարության հերթական` մարտյան նիստի ժամանակ։ Նոր կարգն ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսներին։

Ինչպես պարզաբանեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Հայաստան մուտք գործելիս ավտոսեփականատերը պետք է անպայման  ձևակերպեր ԱՊՊԱ պոլիս, քանի որ այդպես է նախատեսված հայկական օրենսդրությամբ։

Սակայն միաժամանակ օրենքով նախատեսված չէր ապահովագրական ընկերությունների ստորաբաժանումների և գործակալների տեղակայումը մաքսակետերի և հսկիչ–անցակետերի մոտակայքում։

Այս ամենը հանգեցրեց լրացուցիչ քաշքշուկի։ Ավտոսեփականատերերը պետք է հսկիչ–անցակետի մոտ ստանային ԱՊՊԱ պոլիս ձևակերպելու անհրաժեշտության մասին ծանուցում, ինչից հետո արդեն Հայաստանի ներսում գտնեին գործակալ կամ ապահովագրական ընկերության ներկայացուցիչ, ձևակերպեին պայմանագիրը, վերադառնային և ներկայացնեին այն, որպեսզի ավտոմեքենայով մուտք գործեին Հայաստան։

Իսկ հիմա, Միրումյանի խոսքով, ընդունված լրացումների շրջանակում առաջարկվում է ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք, ինչը թույլ կտա ապահովագրողներին իրենց գործակալներին կամ ներկայացուցիչներին տեղակայել մաքսակետի տարածքում։

Նորամուծությունը հնարավորություն կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պոլիսը ձևակերպել հենց տեղում` չկորցնելով ժամանակ։–0–