ԱՊՊԱ. բացատրում ենք` ինչպես օգտվել

14.06.2018, 13:24
Դուք վնասում ենք ուրիշի մեքենան կամ առողջությունը, ուրիշները վնասում են ձեր մեքենան կամ առողջությունը, դուք վնասում ենք ձեր մեքենան կամ առողջությունը, այս բոլոր դեպքերում ձեզ օգնության կհասնեն ԱՊՊԱ–ն և ԿԱՍԿՈՆ։
ԱՊՊԱ. բացատրում ենք` ինչպես օգտվել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Դուք վնասում ենք ուրիշի մեքենան կամ առողջությունը, ուրիշները վնասում են ձեր մեքենան կամ առողջությունը, դուք վնասում ենք ձեր մեքենան կամ առողջությունը, այս բոլոր դեպքերում ձեզ օգնության կհասնեն ԱՊՊԱ–ն և ԿԱՍԿՈՆ։

Մասնավորապես, առաջին և երկրորդ դեպքերում ԱՊՊԱ-ն կօգնի հոգալու անհրաժեշտ ծախսերը: Երրորդ դեպքում, պաշտպանված զգալու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ կնքել ԿԱՍԿՈ պայմանագիր: 

ԱՊՊԱ

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտն, այլ մեքենայի վարորդ, մեքենայի ուղևոր) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները, սակայն ԱՊՊԱ–ն չի ծածկում մեղավոր վարորդի կամ մեքենայի սեփականատիրոջ մեքենային, այլ գույքին կամ անձին պատճառված վնասները:ԱՊՊԱ-ն պարտադիր է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարձակալի և ներմուծողի համար: Այն պետք է լինի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

ԱՊՊԱ-ն պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար, բացառությամբ՝մինչև 50 կմ/ժ արագություն ունեցող կամ 50 սմ–ից փոքր շարժիչով մեքենաների, հատուկ առանձնացված վայրերում սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաների, այլ անձանց սեփականությունը հանդիսացող և հատուկ կարիքների (ծառայողական, անձնական, տեխնոլոգիական և այլ) համար նախատեսված ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաների, մինչև օգտագործումը ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաների։

 - рис.1

Հատուցում

ԱՊՊԱ-ով հատուցվում են ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները: Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով պատճառված վնասները, հատուցում կարող է տրվել ապահովագրական գումարի սահմաններում, որն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափն է։

Ապահովագրական գումարի առավելագույն չափը սահմանվում է Բյուրոյի կողմից:

Այն դեպքում, երբ վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարի չափը, տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառողը: 

Վճարի Չափ

ԱՊՊԱ սակագները սահմանվում են Բյուրոյի կողմից:ԱՊՊԱ-ի սակագները հաշվարկվում են՝ ելնելով բազային ապահովագրավճարի չափից, ձեր Բոնուս-Մալուս դասից և պայմանագրի ժամկետից: Ապահովագրավճարի վրա ազդում են նաև մեքենայի տեսակը, օգտագործման նպատակը և շարժիչի հզորությունը: 

Загружается новость ... "Лево"

Ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր

Հարկավոր է ընտրել ապահովագրական ընկերություն։ Պետք է հաշվի առնել, որ ցանկացած հարցով, այդ թվում՝ ապահովագրական հատուցում ստանալու համար, դուք դիմելու եք ձեր ընտրած ապահովագրական ընկերությանը:

Թեև ԱՊՊԱ պայմանագրերը, ընդհանուր առմամբ, ստանդարտ են, ընկերությունների ԱՊՊԱ պայմանագրի որոշ պայմաններ կարող են տարբերվել. օրինակ՝ վճարման կարգը, ժամկետները:

Որոշ ընկերություններ վաճառում են ԱՊՊԱ նաև առցանց: Ցանկության դեպքում կարելի է դիմել նաև այդ միջոցին:ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր մարզում ունեն մասնաճյուղ կամ գործակալ:

Նախքան ապահովագրական պայմանագիր կնքելն անհրաժեշտ է ուշադիր կարդալ այն: Պետք է ուշադրություն դարձնել հատկապես անձնական տվյալների ճշտությանը, վճարման կարգին և ժամկետներին: Պայմանագիրը կնքելուց հետո անհրաժեշտ է վերցնել կնքված և ստորագրված ԱՊՊԱ պայմանագրի Ձեր օրինակը, համաձայնեցված հայտարարագրի ձևանմուշը:

Ինչ անել ավտովթարի ժամանակ

Ավտովթարի դեպքում հարկավոր է այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը 40 րոպեի ընթացքում: Ընկերության հեռախոսահամարը նշված է ԱՊՊԱ վկայագրում:Պարզեցված հատուցումը կիրառելի է, եթե ավտովթարի է ենթարկվել միայն 2 մեքենա, պատճառվել են միայն գույքային վնասներ, պատճառված վնասի չափը չի գերազանցում 100 000 դրամը, վարորդները փոխադարձ համաձայնության են եկել՝ օգտվելու պարզեցված գործընթացից։

Ստանդարտ հատուցման դեպքում անհրաժեշտ է կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների համար նախատեսված գործողությունները, ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում հայտնել ապահովագրական ընկերությանը` զանգահարելով ԱՊՊԱ վկայագրում նշված հեռախոսահամարով, չլքել պատահարի վայրը և չտեղաշարժել մեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները մինչև ճանապարհային ոստիկանության ժամանումը և կատարել վերջինիս կողմից տրված օրինական ցուցումները։

 - рис.2

Ինչպես է գնահատվում վնասը

Վնասը  չափելու համար կատարվում է գույքային և անձնական վնասների գնահատում:Որպես կանոն, գույքային վնասների դեպքում դրանց գնահատումը իրականացնում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը, իսկ անձնական վնասների դեպքում` բժշկական հաստատության մասնագետը կամ Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը:

Ինչպես ստանալ հատուցումը

Հատուցում ստանալու համար տուժողը պետք է դիմի իր ապահովագրական ընկերությանը: Եթե տուժողը հետիոտն է և չունի ԱՊՊԱ, ապա դիմում է Բյուրո: Հատուցման համար տուժողն իրավունք ունի դիմել ավտովթարից հետո 3 ամսվա ընթացքում: Հատուցում ստանալու համար տուժողը ներկայացնում է դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը։

Փորձաքննություն

Փորձաքննությունը չի կարող 15 աշխատանքային օրից ավելի տևել, իսկ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում, տուժողի, մեղավորի և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փոխադարձ համաձայնությամբ, փորձաքննությունը կարող է երկարաձգվել մինչև 3 ամիս:

Փորձաքննությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում հատուցում վճարելու կամ վճարումը մերժելու մասին: Հատուցումը տրվում է որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հատուցումը մերժելու դեպքում ընկերությունը (Բյուրոն) գրավոր ծանուցում է տուժողին` նշելով մերժման հիմքերը: Վերոնշյալ ժամկետները խախտելու դեպքում ընկերությունը (Բյուրոն) տուժողին պետք է վճարի տույժ: Տույժերի չափը սահմանված է օրենքով, իսկ վճարման կարգի մասին կարող եք տեղեկանալ ապահովագրական ընկերությունից կամ Բյուրոյից:

Պատճառված վնասները հատուցում է ապահովագրական ընկերությունը, իսկ սահմանված որոշ դեպքերում նաև Բյուրոն` երաշխավորված ֆոնդից:

ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ համակարգ

Արդարությունը պահանջում է, որ ռիսկային վարորդները, ովքեր հաճախ են ավտովթարների պատճառ դառնում, վճարեն ավելի մեծ ապահովագրավճար,  քան ոչ ռիսկայինները: 

Բոնուս-Մալուս  համակարգը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից, իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակցի:

Ոչ ռիսկային վարորդները կարող են ստանալ մինչև 50% զեղչ, իսկ ռիսկային վարորդները՝ վճարել մինչև 2,5 անգամ ավելի ապահովագրավճար:

 - рис.3

Ինչպես պաշտպանել սեփական իրավունքները

ԱՊՊԱ համակարգը կարգավորվում է Օրենքով և Բյուրոյի կանոններով: Ձեր իրավունքները ապահովագրական ընկերությունների կամ նրանց գործակալների կողմից խախտվելու դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, Ֆինանսական համակարգի հաշտարարին։

Օգտակար խորհուրդներ

Մինչև ԱՊՊԱ կնքելը հարկավոր է ուսումնասիրեք մի քանի ապահովագրական ընկերությունների առաջարկած պայմանները և ընտրել դրանցից առավել արդյունավետը:Կարևոր է կատարել համեմատություններ և ուշադրություն դարձնել ԱՊՊԱ-ի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես` որքան գումար պետք է վճարել, ինչպիսի վնասներն է ծածկում ԱՊՊԱ-ն, ինչ գումարների սահմաններում են կատարվելու հատուցումները. ինչ եղանակով, ինչ ժամկետով է կնքվելու ԱՊՊԱ  պայմանագիրը, ինչ կլինի, եթե ապահովագրական պայմանագրով սահմանված հերթական ապահովագրավճարը չվճարվի, որ դեպքերում կդադարեցվի ապահովագրական պայմանագիրը: 

ԱՊՊԱ կնքելիս զեղծարարություններից խուսափելու համար պետք է ուշադիր լինել, որ պայմանագիրը համապատասխանի օրինակելի ձևին, որը տեղադրված է ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի կայքերում:ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հարկավոր է մանրամասն կարդալ դրա բոլոր կետերը։

Հիշե′ք, որ ապահովագրական ընկերությանն արգելվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հաճախորդին պարտադրել այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքել:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն ունեն այլ անձանց լիազորելու իրենց անունից կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:ԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքում անհրաժեշտ է առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարել ապահովագրական վճարումները:–0–

Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ www.abcfinance.am կայքում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։