Անձնական ֆինանսները կարգի բերելու 7 միջոց. պատրաստվում եք Ամանորին
1. Սկսեք պարտքերի նվազեցումից

Եթե դուք ունեք մի քանի վարկեր, որոնց համար վճարում եք բարձր տոկոսներ, փորձեք վերանայել դրանց պայմանները։ Օրինակ, կարելի է բոլոր վարկերը միավորել մեկ վարկում և վերաֆինանսավորել այն։ Մինչև Ամանոր դեռ կարելի է հասցնել։ Շատ բանկեր տոներին ընդառաջ հանդես են գալիս շահավետ առաջարկներով։ Եթե ձեզ հաջողվի վերցնել նոր վարկ ավելի ցածր տոկոսադրույքով և մարել նախորդ բոլոր վարկերը, ապա հաջորդ տարվանից դուք կկարողանաք վճարել ընդամենը մեկ անգամ և մեկ բանկին` զգալիորեն նվազեցնելով վճարի գումարը։
2. Բացեք շահավետ դեպոզիտ

Ամանորի իրարանցումը շատ ուժ և, իհարկե, գումար է խլում։ Սակայն մնացած խնայողությունները կարելի է հասցնել ներդնել հուսալի բանկում նորմալ տոկոսադրույքով։ Ամանորին ընդառաջ բանկերն ավանդաբար կազմակերպում են ակցիաներ և առաջարկում են շահավետ պայմաններ ու պրոդուկտներ։
3. Կազմեք ֆինանսական պլան

Կազմեք անձնական ֆինանսական պլան հաջորդ տարվա համար, այն ոչ միայն կկարգավորի ձեր բյուջեն, այլև կօգնի կյանքի կոչել երազանքները։ Օրինակ, երազում եք գալիք տարի գումար կուտակել մեքենա գնելու կամ հիփոթեքի կանխավճարը վճարելու համար, դա շատ ավելի դժվար կլինի անել առանց ծրագրված ֆինանսական պլանի, քանի որ մանր–մունր գնումների համար գումար ծախսելու գայթակղությունը շատ մեծ է, օրինակ` մեկնել ճամփորդության ։ Միանգամից նշեք այն գումարը, որն անհրաժեշտ է` այդ նպատակներն իրագործելու համար։ Այնուհետև գնահատեք սեփական հնարավորությունները` եկամուտներն ու ծախսերը, և ամսական որքա՞ն գումար կարող եք խնայել։
4. Սովորեք խուսափել չնախատեսված ծախսերից

Ամանորի նախատոնական խարնաշփոթում հեշտ է կորցնել ծախսերի հանդեպ հսկողությունը, գայթակղվել «հատուկ առաջարկներով» և փողը ծախսել այնպիսի ապրանքների վրա, որոնք, իրականում, պետք չեն։ Բայց կան հնարքներ, որորնք կօգնեն խուսափել մարկետոլոգների ծուղակներից։ Ուշադիր կարդացեք գնապիտակները, սթափ գնահատեք մարկետինգային ակցիաները, ավելորդ իրեր մի վերցրեք, գնում կատարելուց առաջ դադար տվեք։
5. Ուշադիր կարդացեք պայմանագրերը

Ձեր ֆինանսները կարգի բերելիս, ուշադիր կարդացեք այն բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրում եք, քանի որ դրանից է կախված ձեր փողերի ճակատագիրը։ Ծախսելով կես ժամ պայմանագրի ուսումնասիրման վրա՝ հետո ստիպված չեք լինի ավելի շատ ժամանակ ու գումար վատնել տհաճ հետևանքները հարթելու համար։ Այդ պատճառով, մինչ պայմանագրի ստորագրելը համոզվեք, որ դրա բոլոր կետերը հասկանալի են, պայմանները՝ թափանցիկ, ձևակերպումները՝ հստակ։ Եվ մի մոռացեք ստանալ երկրորդ օրինակը։

Դժվար թե ինչ-որ մեկը ուրախանա, եթե Ամանորին հարևանների տնից ջուր լցվի իրենց տուն։ Բայց կարելի է հարթել այդ տհաճ պատահարը, եթե վերանորոգման ծախսերը հոգա ապահովագրական ընկերությունը։ Բնական աղետներ, վթարներ, հրդեհներ, այս բոլոր պատահականությունները դժվար է կանխատեսել, բայց ապահովագրությունը կարող է փոխհատուցել վնասը և մեղմացնել հետևանքները։
7. Ուսումնասիրեք չարագործների խորամանկ հնարքները

Տեխնոլոգիաների աշխարհը սրընթաց զարգանում է, դրան զուգահեռ կատարելագործվում են նաև չարագործների մեթոդները։ Հերթական ստի զոհը չդառնալու համար փորձեք գումար ներդնել օգտակար գործի մեջ, ուսումնասիրեք չարագործների խորամանկ հնարքները։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, շատ մարդիկ կորցնում են զգոնությունը, երբ իրենց խոստանում են մեծ եկամուտ։ Խոստումնալից գովազդի հետևում կարող է թաքնված լինել հերթական կասկածելի հիմնադրամը կամ մեկօրյա մի ընկերություն։ Ինչպե՞ս գլուխ հանել։ Կան որոշ նշաններ, որոնցով կարելի է ջրի երես հանել նման արկածախնդիրների։
Ահա այդ նշաններից մի քանիսը.
– ընկերությունը գրանցվել է միջոցների հավաքագրման նախօրեին
– ձեզ խոստանում են անհավանական բարձր եկամուտ (տարեկան 40%, 50% և նույնիսկ ավել)
– ընկերությունը վստահեցնում է, որ ռիսկեր չկան
– պահանջում են կատարել նախնական վճար` որպես կանոն կանխիկ կամ փոխանցում քարտի վրա
– ձեզ համառորեն խնդրում են բերել նոր հաճախորդներ
Այդ պատճառով սեփական խնայողություններն ինչ–որ ընկերության մեջ ներդնելուց առաջ ուսումնասիրեք այդ ընկերության մասին որքան հնարավոր է շատ տեղեկատվություն։ Առաջին հերթին դիմեք ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` ընկերության գրանցման ամսաթիվը ճշտելու համար։ Եթե նման կազմակերպություն ընդհանրապես չկա, ապա դուք հանդիպել եք չարագործների։ Իսկ դա նշանակում է, որ պետք է միշտ ուշադիր ուսումնասիրել փաստաթղթերը և չշտապել։ Փողը շտապողականություն չի սիրում։ Ֆինանսների նկատմամբ ուշադիր և հոգատար վերաբերմունքը կօգնի Նոր տարում ոչ միայն պահպանել, այլև կրկնապատկել դրանք։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-
