ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ReAnimania-2016 միջազգային անիմացիոն կինոփառատոնի հատուկ հյուրն է «Օսկարին» առաջադրված ռեժիսոր և անիմատոր Բիլ Փլիմփթոնը։
«Ողջունում եմ բոլորին Հայաստանում, անհամբեր սպասում են ձեզ հետ հանդիպմանը։ Կցուցադրեմ իմ ֆիլմերը, կպատմեմ, թե ինչպես կարելի է հասնել հաջողության անիմացիայի ոլորտում։ Հրավիրում եմ մասնակցելու իմ օրիգինալ շոուին», – նշել է Փլիմփթոնը կիոնփառատոնի Facebook–յան էջում հրապարակված տեսաուղերձում։
Փլիմփթոնը անիմացիայի ոլորտի ամենանորարար, հետաքրքիր և հայտնի աստղերից է։ Նա Կաննի փառատոնի Page Officielle–ի դափնեկիր է, երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»։ Փլիմփթոնը հայտնի է` որպես կարծրատիպեր կոտրող գործիչ։
Նրա պրոֆեսիոնալ ձեռագիրը հնարավոր չէ շփոթել։ Փլիմփթոնի ստեղծած ծաղրանկարներն ու կոմիքսները հրապարակվել են ամենահեղինակավոր ամսագրերում` The New York Times, The Rolling Stones, Vanity Fair և Vogue, ինչպես նաև օգտագործվել են MTV ընկերության կողմից։
2005 թ.–ին Փլիմփթոնը նկարահանել է անիմացիոն ֆիլմ Քանյե Ուեսթի և Ադամ Լևինի «Heard 'Em Say» տեսահոլովակի համար։
ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009 թվականին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։
Միջազգային անիմացիոն 8–րդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 3–ը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում