Որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ պարգևավճարների մասին

24.02.2026, 13:50
Պարգևավճարները բաժանվել են ըստ կարգի և  կատարողականի, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը
Որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ պարգևավճարների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես՝ որպես իրավաբան, չեմ տեսնում։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրված պարգևավճարների հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։

«Մենք «կոռուպցիա» հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները: Երբ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես ՔՕ-ի կոռուպցիա» - ասել է Նահապետյանը։

Նա հայտնել է, որ պարգևավճարների բաժանման հետ կապված կա կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան կարգ և պարգևավճարները բաժանվել են ըստ կարգի և ըստ կատարողականի:

Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ նույնպես եղել են։

«Առաջիկայում, երբ մենք ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես, ստացել է», - նշել է Նահապետյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ 2025 թվականին բյուջեի եկամուտները 2017-ի համեմատ աճել են ավելի քան 130%-ով, մինչդեռ պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 4%-ով (շուրջ 6.5 միլիարդ դրամ)։

Վարչապետը հայտնել է, որ սրանով իրենք իրականացնում են իրենց տեսլականը, որի արդյունքում նախատեսվում է ունենալ «անարատ» և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության իրագործում։

Նրա խոսքով՝ նոր համակարգը պետք է հիմնված լինի կատարողականի գնահատման վրա, իսկ վարձատրությունը պետք է փոխկապակցված լինի ծրագրային ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման ընթացքի հետ։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել պատգամավորների համար մոտավորապես 3 միլիոն դրամի և վարչապետի ու նախարարների համար 6-11 միլիոն դրամի ամանորյա պարգևավճարների մասին, որոնք մեծ իրարանցում են առաջացրել հայ հասարակության շրջանում։ «Տաշիր» խմբի փոխնախագահ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստացել է, որ եթե իրենց կուսակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը» հաղթի ընտրություններում, վարչապետը կաշխատի սիմվոլիկ 1 դրամ աշխատավարձով։