Փաշինյանը բացատրեց, թե ինչու չի աշխատում առանց աշխատավարձի, և ինչպես է այն կապված «զրո կոռուպցիա» քաղաքականության հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է կառավարության պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների մասին հարցին, և հայտնել, թե ինչու ինքը չի աշխատում անվճար։
«2017 թվականի համեմատ՝ 2025 թվականի արդեն կատարված բյուջեի եկամտային մասը ավել քան 130%–ով ավել է։ Երկրորդը, ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ 2025 թվականի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4%–ով, որն ընդհանուր առմամբ կազմում է 6.5 միլիարդ դրամ։ Այսինքն 2025–ին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում աշխատավարձերի և այլնի համար ֆոնդը կրճատել ենք 6.5 միլիարդ դրամով», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ սրանով իրենք իրականացնում են իրենց տեսլականը, որի արդյունքում նախատեսվում է ունենալ «անարատ» և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության իրագործում։
Նրա խոսքով՝ նոր համակարգը պետք է հիմնված լինի կատարողականի գնահատման վրա, իսկ վարձատրությունը պետք է փոխկապակցված լինի ծրագրային ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման ընթացքի հետ։
«Մենք նաև նկատում ենք, որ որակյալ կադրերի արտահոսք է պետական համակարգից դեպի մասնավոր հատված, և որակավորված կադրերի պետական համակարգում ներգրավելու հետ կապված խնդիր կա, որը լուծում ենք»,– նշեց Փաշինյանը ՝ հավելելով, որ նոր կանոնակարգերի համաձայն՝ պաշտոնյան իր աշխատավաձի մի մասը անպայման պետք է ծախսի իր որակավորումները բարձրացնելու վրա։
Նա նաև ընդգծեց, որ այս ամեն ինչի նպատակը և առաջնային շահառուն քաղաքացին է, որովհետև ինչ հարց լինում է, պաշտոնյային են դիմում, և պետք է, որպեսզի պաշտոնյան գերկենտրոնացած լինի իր խնդրի վրա, և որևէ մինիմալ բան նրան չշեղի իր աշխատանքից։
«Այո, այդ որոշումը ես եմ կայացրել, իսկ նրանք, որոնք առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվում պատգամավորների համար մոտավորապես 3 միլիոն դրամի և վարչապետի ու նախարարների համար 6-11 միլիոն դրամի ամանորյա պարգևավճարների մասին, որոնք մեծ իրարանցում են առաջացրել հայ հասարակության շրջանում։ «Տաշիր» խմբի փոխնախագահ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստացել է, որ եթե իրենց կուսակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը» հաղթի ընտրություններում, վարչապետը կաշխատի սիմվոլիկ 1 դրամ աշխատավարձով։

