Վարչապետի խոսնակը մեկնաբանել է ոստիկանության մասնակցությամբ սկանդալային միջադեպը

05.06.2020, 15:40
Վարչապետի խոսնակը մեկնաբանել է ոստիկանության մասնակցությամբ սկանդալային միջադեպը
Վարչապետի խոսնակը մեկնաբանել է ոստիկանության մասնակցությամբ սկանդալային միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս անդրադարձել է այսօր Երևանում կատարված միջադեպին՝ ոստիկանության մասնակցությամբ:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ օգտատեր Հայկ Ղուկասյանի հրապարակված տեսանյութում ոստիկաններն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ էին հագցնում քաղաքացուն՝ նրան գետնին տապալելով:

«Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ»,- նշել է խոսնակը:

Նա հիշեցրել է, որ վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։

«Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»,- նշել է Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառում քաղաքացու նկատմամբ: Վարկածներից մեկն այն է, որ վերջինս հրաժարվել է դիմակ կրելուց և ընդդիմացել ոստիկանների հորդորին:

Կատարվածը մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ նշելով, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Հայաստանում հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: -0-