Ներողություն եմ խնդրում ղարաբաղցի կնոջից, նրա փոքրիկից և հրավիրում նոր հանդիպման. Փաշինյան

22.03.2026, 20:40
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջից, որի  հետ մարտի 22-ի առավոտյան սուր խոսակցություն էր ունեցել մետրոյում
Ներողություն եմ խնդրում ղարաբաղցի կնոջից, նրա փոքրիկից և հրավիրում նոր հանդիպման. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել այն կնոջից, ում հետ մետրոյում սուր խոսակցություն էր ունեցել։

Այսօր Երևանի մետրոպոլիտենում լարված ու էմոցիոնալ երկխոսություն էր տեղի ունեցել Արցախից տեղահանված կնոջ և Նիկոլ Փաշինյանի միջև։ Վարչապետը բարձր տոնով և մատ թափ տալով հայտարարել էր՝ «թող նրանք, ովքեր փախել են, չփորձեն ասել, թե ես եմ Ղարաբաղը հանձնել»։ Նա կոչ էր արել հրաժարվել թափառող ոգուց՝ կնոջն ասելով, որ իր երեխան ապրելու է Հայաստանում։ Կինն էլ արձագանքել էր. «Մենք թույլ չենք տա մեզ զրկել Արցախ վերադառնալու հույսից»։ Խոսակցության բովանդակությունը արագ տարածվել էր հասարակության մեջ և բուռն քննարկումների տեղիք տվել։

«Մետրոյում սուր խոսակցություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի, հարգելի քաղաքացու հետ, և ես որոշակի մեկնաբանություններից ու մեր գործընկերների քննադատությունից հասկացա, որ իմ ասածի մեջ ամեն ինչ չէր, որ երևի այնպես էր, ինչպես պետք է լիներ։ Ես կրկին ուզում եմ ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ չեմ ասել այն ձևով ու բովանդակությամբ, ինչպես պետք է լիներ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ մինչ օրս չի կարողանում առանց էմոցիաների անդրադառնալ 2023 թվականի իրադարձություններին՝ դա անվանելով մեծ թերացում։

«Ես ընդունում եմ այդ թերացումը. ես չեմ կարողանում հաղթահարել այդ պահը։ Երբ այդ թեմայով խոսակցություն է գնում՝ հիմա հիշեցի՝ Ազգային ժողովում, ոչ մի տեղ չեմ կարողացել զսպել էմոցիաները։ Բայց քիչ առաջ խոստացա, որ մի օր ես այդ թեմային կանդրադառնամ լիարժեք ու հանգիստ»,- ասել է նա։

Այն բանից հետո, երբ վարչապետին հայտնել են կնոջ անունը՝ Արմինե Մոսիյան, Փաշինյանը դիմել է նրան անձնապես.

«Հարգելի տիկին Մոսիյան, Ես Ձեզանից և Ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար։ Հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու և հանգիստ խոսելու։ Ես կուզենամ, որ այդ խոսակցությունը տեղի ունենա։ Ես գիտեմ, որ կմերժեք, հետևից երկու կոպիտ բառ էլ կասեմ, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ Ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք հեռախոսը դնենք և պայմանավորվենք հանգիստ, առանց էմոցիաների խոսել, իմացեք, որ ես Ձեր տրամադրության տակ եմ և այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Ես ընդունում եմ, որ ինչ-որ բան այնպես չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել։ Բայց էլի եմ ասում, այս թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում, բայց ընդունում եմ, որ այս թեմայով պետք է հանդարտ խոսակցություն տեղի ունենա»,- ասել է նա։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և մարտական ավիացիա։

Արցախի բնակիչները ստիպված տեղափոխվեցին Հայաստան։