Մենք թույլ չենք տա զրկել մեզ Արցախ վերադառնալու հույսից․ արցախցի փախստական կինը պահանջել է Փաշինյանից չբղավել իր վրա (ՎԻԴԵՈ)

22.03.2026, 16:28
Լարված և էմոցիոնալ երկխոսություն է այսօր տեղի ունեցել Երևանի մետրոյում արցախցի փախստական կնոջ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ով հայտարարեց, որ կնոջ որդին պետք է ապրի Հայաստանում․ ՎԻԴԵՈ
Մենք թույլ չենք տա զրկել մեզ Արցախ վերադառնալու հույսից․ արցախցի փախստական կինը պահանջել է Փաշինյանից չբղավել իր վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Լարված և էմոցիոնալ երկխոսություն է այսօր տեղի ունեցել Երևանի մետրոյում արցախցի փախստական կնոջ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ով հայտարարեց, որ կնոջ որդին պետք է ապրի Հայաստանում։

«Մենք թույլ չենք տա զրկել մեզ Արցախ վերադառնալու հույսից։ Ուշանում ենք շախմատի մրցաշարի, թե չէ դուրս կգայինք վագոնից», - ասաց կինը Փաշինյանին՝ պահանջելով չգոռալ իր վրա և մատ թափ չտալ։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել», – ասաց Փաշինյանը։

Կինն, ի պատասխան, հայտարարեց, որ եթե իշխանությունները գտել են մի քանի արցախցու, ովքեր աջակցում են իրենց, դա չի նշանակում, որ նման կարծիք ունեն տասնյակ հազարավոր արցախցիներ։

«Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր ստացել են Հայաստանի քաղաքացիություն և ապրում են Հայաստան», – ասաց Փաշինյանը։

Կինը նշեց, որ դա ստիպված են արել, քանի որ մարդիկ պետք է վարձ վճարեն։ Միաժամանակ կինը նշեց, որ նախկինում ևս նրանք ապրել են Հայաստանի քաղաքացու անձնագրերով։

«Երեխան ուզում է վերադառնալ Արցախ, պապի գերեզմանին․․․Ինձ համար այսօր շատ անհաջող օր է», – ասաց կինը։

Փաշինյանի և արցախցի կնոջ էմոցիոնալ երկխոսությունն արագորեն տարածվել է հանրության շրջանում առաջացրել բուռն քննարկումներ։