ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դիակի կորուստից հետո ՀՀ-ում սկանդալը չի հանդարտվում:
Загружается новость ... "Лево"
Հունիսի 29-ից սկսած համացանցում քննարկումների մեծ ալիք էր բարձրացել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգից հետո այն մասին, որ անհետացել է կորոնավիրուսից մահացած մի կնոջ դին: ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին դիմել էր մահացած տատիկի թոռնիկը՝ նշելով, որ իրենք դիմել են և Առողջապահության նախարարություն, և պարետատուն, բայց լուծում չեն ստացել: Նաիրա Զոհրաբյանի ահազանգին իր հերթին արձագանքել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նախօրեին դին գտնվել է. պարզվում է տատիկին հուղարկավորել են Նոր Հաճնում, հետևաբար պետք է արտաշիրիմում արվի:
«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ»,- նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-յան էջում:
Նա կոչ է արել Զոհրաբյանին վերադառնալ իրենց «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային՝ «եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։
ԲՀԿ-ի և ՀՀ իշխանությունների միջև հարաբերությունները լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի: Դրանից հետո ԱԱԾ-ն երեք քրգործ է հարուցել, որոնցում ներգրավված է նաև Գագիկ Ծառուկյանը:
Զոհրաբյանն ի պատասխան Թորոսյանի գրառման առաջարկել է չմտահոգվել իրենց քաղաքական ուժով, այլ մտահոգվել կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով:
«Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլ նաեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն, ինչը, բնականաբար, չունեք: Ամեն դեպքում՝ դիմակ կրեք, դիմակ»,- նշել է Զոհրաբյանը Թորոսյանի գրառման տակ մեկնաբանություններում:
Նրա խոսքով, Թորոսյանի կողմից ավելի պատշաճ կլիներ ներողություն խնդրել գյումրեցի տատիկի հարազատներից, քան զբաղվել քաղաքական ուժերի մոնիտորինգով: -0-