Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի համաճարակային իրավիճակի ֆոնին. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը խստացնում է Իրանի հետ սահմանային ռեժիմը, երկուշաբթի հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։
Ամփոփելով հանձնաժողովի նիստի արդյունքները՝ վարչապետը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, Հայաստանը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:
«Մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի»,- հայտնել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը Իրանի գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ է և իր զորակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը այդ դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում:
«Մենք ինչով հնարավորություն կունենանք, մեր հնարավորությունների սահմանում, կաջակցենք Իրանի բարեկամ և հարևան ժողովրդին ու կառավարությանը»,- ասել է վարչապետը:
Հայաստանի և Իրանի մեջ առանց վիզայի ռեժիմը գործում է 2016թ.-ի օգոստոսից:
Փետրվարի 19-ին Իրանում կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված ՀՀ կառավարությունը 2020թ.-ի փետրվարի 25-ից սահմանափակել է Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը՝ վարակից խուսափելու նպատակով: Նախօրեին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Իրանի և Հայաստանի սահմանը բաց կլինի երկրի քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար:
Իրադրությունը հարևան երկրներում
Մարտի 2-ի տվյալներով, Չինաստանից հետո Իրանը կորոնավիրուսից մահվան ելքերի թվով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 54 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 978 դեպք:
Իրանից Հայաստան վերջին 10 օրում ժամանել է 360 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 19-ից աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ, սահմանված է շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով մշտական հերթապահություն։
Վրաստանում և Ադրբեջանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք: -0-