ՀՀ-ում մայիսի 25-ից պարտադիր է դառնում հանրային վայրերում դիմակների կրումը. Ավինյան (ՎԻԴԵՈ)

14.05.2020, 16:22
ՀՀ-ում մայիսի 25-ից պարտադիր է դառնում հանրային վայրերում դիմակների կրումը. Ավինյան. ՎԻԴԵՈ
ՀՀ-ում մայիսի 25-ից պարտադիր է դառնում հանրային վայրերում դիմակների կրումը. Ավինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը:

Загружается новость ... "Лево"

«Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից: Եվ ես ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին. իրականում այս թուլացումները հավելյալ ջանք և հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով որ հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին»,- ընդգծել է Ավինյանը:

Ընդ որում նա նշել է, որ դիմակ ասելով, չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակների մասին է խոսքը, դա կարող է լինել կտորից, որոշակի տնային պայմաններում ինքնաշեն դիմակներ նույնպես:

«Ընդ որում, կարևորում ենք, որ ոչ միայն պետական կառույցների կողմից վերահսկողության զգալի մեծացումը, այլև հանրային վերահսկողության միոջոցով համակեցության կանոնների պահպանումը: Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին կանոնների առերևույթ խախտման դեպքում ահազանգել պատկան մարմիններին, պահանջել կազմակերպություններից, գործատուներից և գործընկերներից ապահովելու անվտանգ միջավայր ունենալու իրավունքը»,- նշել է պարետը:

Հիշեցնենք, որ  պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում նաև հայտնեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի իրականացման վայրերը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-