ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ.
«Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման:
Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը»,- հաղորդվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:
«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն: Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը: Հաղթանակը մերն է»,- նշվում է 14 կուսակցությունների հայտարարության մեջ:
Հայտարարությանը միացել են «Ազատություն» կուսակցությունը, «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորում», «Բարգավաճ Հայաստան կուսակցություն», «Երկիր Ծիրանի» , «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան կուսակցություն», «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան» կուսակցությունները:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։
Ցավոք, ինչպես հաղորդում է ՊՆ-ն, նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: –0–